
Հովիկ Աբրահամյանը անսպասելի հայտնվեց ԱԺ չորս խմբակցությունների դռնփակ նիստին
Ազգային ժողովում ոչ իշխանական չորս խմբակցությունների համատեղ դռնփակ նիստին անսպասելի ժամանեց ՀՀ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նիստի մեկնարկից րոպեներ անց Հովիկ Աբրահամյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հետ մտավ ԱԺ ԲՀԿ խմբակցություն, որտեղ ընթանում էր քառյակի նիստը:
Նա բարևեց բոլոր պատգամավորներին, ապա մոտենալով ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանին ասաց. «Լավ չես անում»՝ հավանաբար նկատի ունենալով այն, որ իր հրավիրած խորհրդակցությանը ՀԱԿ-ը չէր մասնակցել, մերժել էր նրա հրավերը:
Լևոն Զուրաբյանն էլ պատասխանեց. «Մենք հետևում ենք ձեզ»: Ապա ՀԱԿ խմբակցության ղեկավարը կատակեց. «Եկել եք մեզնից ինֆորմացիա ստանա՞ք»: Հովիկ Աբրահամյանն էլ հայտնեց, թե եկել է ինֆորմացիա տալու:
«Ժառանգություն» խմբակցղության ղեկավար Ռուբեն Հակոբյանն էլ իր հերթին կատակեց՝ ասելով. «Կարո՞ղ ա քառյակը հնգյակ դառնա»: Հովիկ Աբրահամյանն էլ նկատեց. «Վեցնյակ է, էլ ի՞նչ հնգյակ»:
Ենթադրվում է, որ Հովիկ Աբրահամյանը ժամանել է զրուցելու քառյակի ներկայացուցիչների հետ պարտադիր կուտակային կենսաթոշակային նոր օրինագծի շուրջ:
Մեկնաբանել