HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունները մնում են իրենց տեսակետին

ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունները մնում են իրենց տեսակետին՝ կարմիր գծերի, արագաչափերի, տեսանկարահանող սարքերի շուրջ ստեղծված խնդիրները ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտություն կա: Օրերս քառյակի նախաձեռնությամբ ԱԺ-ում այս հարցերով տեղի ունեցան խորհրդարանական լսումներ:

Ոչ իշխանական չորս խմբակցությունների համատեղ հանդիպումից հետո ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը հայտնեց, որ ամեն դեպքում իրենք այդ հարցով արտահերթ որոշման նախագիծ ունեն խորհրդարանում, որը քվեարկության չի դրվել։ Նա նշեց, թե նախագիծը քվեարկության կդրվի երկուշաբթի օրը՝ ԱԺ հերթական քառօրյա նիստի ընթացքում։ «Մենք մեր տեսակետին մնում ենք, այսինքն, գտնում ենք, որ անցկացված լսումներից հետո հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտություն կա։ Եթե խորհրդարանական մեծամասնությունը երկուշաբթի կմերժի այն, մենք կշարունակենք այդ ուղղությամբ մեր աշխատանքները»,- նշեց նա:

Մարգարյանը հավելեց, որ ոչ իշխանական չորս խմբակցությունները մտադրություն ունեն հետագայում օրենսդրական այլ նախաձեռնություններով ևս հանդես գալ։

Նրա փոխանցմամբ, քառյակն այսօր համաձայնել է համատեղ միջոցառումների ծրագիր իրականացնել, որն իր մեջ ներառում է և՛ օրենսդրական նախաձեռնություններ հասարակական հնչեղություն ունեցող հարցերի վերաբերյալ համատեղ գործողություններով՝ արտահերթ նիստերի տեսքով, և՛ չի բացառվում նաև հանդիպումներ հանրահավաքների (հնարավոր է լինեն դահլիճներում ) տեսքով Երևանում և այլ մարզերում։

«Դրա մասին մենք կհայտարարենք ապագայում, մենք հիմա ուղղակի պայմանավորվել ենք, այդ հարցն օրակարգում կա։ Մենք սկզբունքներն ենք որոշել, որ քառյակը պահպանում է իր գործունեությունը, քառյակը շարունակում է միասնական լինել բազմաթիվ հարցերի շուրջ և հասարակությանը ներկայանալ միասնական օրակարգով»,- նշեց նա:

«Հետքի» հարցին, թե համատեղ միջոցառումները երբ են նախատեսում անցկացնել, Ստեփան Մարգարյանը պատասխանեց, թե չեն բացառում, որ հանդիպումները տեղի ունենան այս ամիս։

Իսկ այն հարցին, թե արդյոք իրենք ընդդիմադիր հռչակած ՕԵԿ–ի հետ համագործակցության հարցը չի՞ քննարկվել քառյակում, Ստեփան Մարգարյանը զարմացավ. «Ինչը քննարկեինք, ո՞վ է դիմել մեզ, որ մենք էլ քննարկեինք»: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter