HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոչ իշխանական չորս խմբակցությունների պայմանը՝ Հովիկ Աբրահամյանին

Քիչ առաջ ավարտվեց ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունների շուրջ երեք ժամ տևած համատեղ դռնփակ նիստը, որին, ինչպես տեղեկացրել ենք, մասնակցել է նաև ՀՀ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը լրագրողներին հայտնեց, որ իրենք պայման են դրել Հովիկ Աբրահամյանի առջև՝ կհրաժարվեն պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի շուրջ օրենսդրական նախաձեռնությունը ԱԺ ներկայացնելուց, եթե կառավարության նախագիծը բավարարի իրենց կողմից դրված պահանջները՝ օրենքից հանվի «պարտադիր» բառը:

«Մենք որոշել էինք այս քառօրյայի ընթացքում արտահերթ նիստ հրավիրելու ստորագրահավաք նախաձեռնել և հերթական նիստի ընթացքում այդ հարցով արտահերթ նիստ հրավիրել: Մեր այդ որոշումը մնում է ուժի մեջ՝ կախված կառավարության կողմից ներկայացված նախագծի բովանդակությունից: Կբավարարի՞ կառավարության նախագիծն այն խնդիրները, որը մենք ունենք (նախապես ասել ենք), ապա մենք չենք հրավիրի, եթե չէ՝ մենք ստորագրահավաք կանցկացնենք, կհրավիրենք արտահերթ նիստ»:

Հարցին, թե Հովիկ Աբրահամյանի այցելությունից արդյոք պարզ չդարձա՞վ՝ կառավարության նախագիծն ինչպիսին է լինելու, Ստեփան Մարգարյանը նախ պատասխանեց, թե իրենց համար նորանշանակ վարչապետի այցն անսպասելի էր, ապա նշեց. «Չունեինք նրա հետ նման պայմանավորվածություն: Իրենք (նկատի ունի կառավարության անդամները-Տ.Մ.) ներկայացրին իրենցը, մենք՝ մերը, և երկուշաբթի պարզ կլինի, թե ինչ նախագիծ է լինելու: Թող վերջնական տեսքով ներկայացնեն, հետո մենք կասենք: Եթե կառավարության բերածը մեզ կբավարարի, խնդիր չկա, մենք հո ուրիշ բան չէի՞նք ուզում: Այսքան ժամանակ պայքարը գնացել է, ու եթե բավարարվում են մեր պահանջները, մենք հո դեմ չե՞նք լինելու: Եթե չբավարարվեց մեր պահանջը, մենք կհրավիրենք արտահերթ նիստ»:

ԲՀԿ-ական պատգամավորն ասաց, թե ենթադրում է, որ կառավարության ներկայացրած նախագծում նոր փոփոխություններ կլինեն, սակայն անպատասխան թողեց այն հարցը, թե արդյոք այդ մասին քառյակին հենց Հովիկ Աբրահամյա՞նն է ասել:

«Հետքի» հարցին, թե արդյոք Հովիկ Աբրահամյանի կողմից խոստումներ կամ հավաստիացումներ ստացե՞լ են, Ս. Մարգարյանը պատասխանեց. «Իր կողմից հավաստիացում է եղել, որ ամեն ինչ կանի, որ բավարարվեն մարդիկ և այլն, և այլն, բայց ես չեմ ուզում ինձ վրա ինչ-որ բան վերցնել ու ասել. պայմանավորվել ենք, որ իրենք կքննարկեն այն, ինչի մասին խոսել ենք ու կասեն, թե վերջնական ինչին են պատրաստ: Հիմա կոռեկտ չի լինի, եթե խոսեմ ոչ պայմանավորված բաների մասին»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter