HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լոկոմոտիվային դեպոյի աշխատակիցները գործադուլ արեցին

Մարիամ Խալաթյան

Գյումրու լոկոմոտիվային դեպոյի աշխատակիցներն այսօր ուղիղ երկու ժամով դադարեցրել են երկաթուղու աշխատանքը, մեքենավարներն ու նրանց օգնականները գործադուլ էին հայտարարել: Առավոտյան 08:35-ին գնացքը չմեկնեց Երեւան, իսկ ընթացքի մեջ գտնվողները գնացքը կանգնեցրել էին ճանապարհին:

Գյումրու լոկոմոտիվային դեպոյի աշխատակիցներն արդեն տեւական ժամանակ է բարձրաձայնում են իրենց ցածր աշխատավարձերի մասին: Նրանք մի քանի անգամ բողոքի ակցիաներ կազմակերպեցին, հանդիպում պահանջեցին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցի հետ: Ապրիլի 9-ին Ռեբեցը եկել էր Գյումրի, շրջել երկաթուղու գծերի երկայնքով, սակայն, ինչպես դեպոյի աշխատակիցներն են ասում, իրենց հետ նախատեսված հանդիպումը չի կայացել: Ասում են՝ մեզ արհամարհում է:

ՓԲԸ-ում տեղյակ են աշխատակիցների պահանջներին, անգամ նրանց դիմումին պատասխանել են, որ գումար չունեն աշխատավարձեր բարձրացնելու համար:
«Եթե փող չկա մեզ նորմալ վարձատրելու համար, ի՞նչղ հովանավորություններ կենեն. էսօր Ստանիսլավսկու ռուսական թատրոնի հովանավորն է Վիկտոր Ռեբեցը», - ասում են դեպոյի աշխատակիցները: «Եթե փող չունին, ինքը ի՞նչղ աշխատավարձ կստանա, ամիսը երկու անգամ կերթա տուն գուկա»,- կողքից լրացնում են մյուսները:

Նրանք նշում են, թե երկաթուղու նախկին տնօրենը՝ Շայդուլինը, երբեք այսպես չի վարվել իր աշխատողների հետ, ամիսը գոնե մեկ անգամ եկել, հանդիպել է, քննարկումներ անցկացրել, պատասխանել իրեն ուղղված հարցերին, իսկ Վ. Ռեբեցն արդեն մեկ տարի է Գյումրի չի եկել, նա անտեսում է աշխատակիցների խնդիրները:

«Մի անգամ մենք բացատրեցինք, որ 15-18 հազար դոլար մեկի աշխատավարձի փոխարեն, կամ այն ինժեներներին, ծրագրավորողներին, որոնց բերում եք դրսից ու խոշոր գումարներ տալիս, դրա փոխարեն տեղի ներուժն օգտագործեք: Մենք ունենք այդ ներուժը, ու այդ տղերքն այսօր աշխատանք չունեն»,- ասում է մեքենավարի օգնական Դավիթ Փուշթոյանը:

Գործադուլավորների պնդմամբ` իրենց աշխատավարձերի վրա ազդել են նաեւ Ռեբեցի նորամուծությունները: Մեքենավարի օգնական Ավագ Տիգրանյանը նշում է. «Բեռնափոխադրումը թանկացրեցին, քաշն՝ ավելացրեցին, բնականաբար, գնացքը փոքրանում է: Եթե այն ժամանակ պիտի տանեինք 20 վագոն, հիմա տանում ենք 30 վագոն: Հետեւաբար, բրիգադի ժամերը կրճատվեցին, գործը՝ պակասեց, բնականաբար, փողն էլ քչացավ»:

Սամվել Հարությունյան Ավագ Տիգրանյան

Նրանց աշխատավարձերից 31% հարկային պահումներ են արվում, 26%-ը` եկամատահարկ, 5%՝ կուտակայինի համար: «Գրված է 5%, բայց եթե կհաշվես` ամեն մարդուց 12-15% է պահվում: Մարդը 100.000 դրամ է ստանում, 10-15 հազարը պահեն՝ ի՞նչ կմնա»: Նրանց աշխատավարձերից 20%-ով նվազեցվել է նաեւ աշխատանքի վտանգավորության եւ գիշերային աշխատանքի վճարաչափը:

Մեքենավարների  ասելով` աշխատավարձն աչքաչափով են հաշվում: «Մոտավորապես կհաշվեն ժամավճարները, կնայեն նախորդ ամիս ինչքան ես ստացել, ընդքան էլ կվճարեն»,- նշում են նրանք: «Մենք իրենց էլ ենք ասել, մեզանից յուրաքանչյուրը պատրաստ է ձրի աշխատելու, եթե դա պետք է մեր պետությանը, բայց ոչ թե մարդուն իշու տեղ դնեն»,- նեղսրտում է մեքենավար Սամվել Հարությունյանը:

Դեպոյի աշխատակիցները ռուս ղեկավարի խտրական վերաբերմունքն առաջին անգամ չեն տեսնում, ասում են, երբ Կրասնոդարի երկրամասում ջրհեղեղ էր, իրենց տեղեկացրել են, որ մեկ օրվա աշխատավարձը պետք է գնա որպես օգնություն: «Ասացինք՝ պրոբլեմ չկա, մենք երկրաշարժ տեսած ժողովուրդ ենք, ինչղ կռնա հանկարծ ըդոր համաձայն չեղնինք, բայց Քեսաբի դեպքերի ժամանակ առաջարկեցինք մեր մեկ օրվա աշխատավարձն ուղարկել այնտեղ, բանի տեղ չդրեցին»,- ասում է Դավիթ Փուշթոյանը:

30 տարվա մեքենավար Սամվել Հարությունյանը զարմանում է՝ իր ողջ աշխատանքային կենսագրության ժամանակ առաջին անգամ է նման բան տեսնում, երբ ղեկավարն արհամարհում է աշխատակցին. «Այս դեպքերն արդեն 15 օր է շարունակվում են, հեռուստատեսությամբ ելույթներ ենք ունեցել, բայց մինչ օրս որեւէ արձագանք չկա, ոչ մի բան չի փոխվել, որեւէ մեկը չի եկել մեզ հետ բանակցելու: Մենք այս քայլին ստիպված գնացինք»:
Մինչեւ ժամը 10:00-ն Երեւանից ոչ ոք չի արձագանքել գործադուլին: «Մենք պահանջում ենք, որ իրենք գան, նստենք բանախոսության, տեսնենք վերջը ինչ պիտի լինի մեր հալը: Էս պայմաններում էլ չենք կարող աշխատել, անվտանգություն ապահովել»,- ասում է Սամվել Հարությունյանը:

Մեքենավարների գործադուլին արձագանքեց Գյումրու կայարանի տնօրեն Վահան Գասպարյանը, ով ստեղծված վիճակի մասին լրագրողներին հայտնեց. «Նախ` իրենք կայարանի աշխատակիցները չեն, լոկոմոտիվային դեպոյի աշխատակիցներն են, ես գործադուլի վերաբերյալ ոչ մի փաստաթուղթ չեմ ստացել, բայց այսօր իրենք կազմակերպված գործադուլ են հայտարարել, էլեկտրագնացքը չեն ուղարկել, պահել են: Մենք պետք է քննարկենք, տեսնենք պատճառն ինչումն է»: Նաեւ հավելեց, որ գործադուլը խանգարել է կայարանի աշխատանքին, քանի որ մարդադար գնացքը ժամանակին չեն ուղարկել, ուղեւորները մինչեւ 10:00-ն սպասել են: Վահան Գասպարյանը կիսում է մեքենավարների գնահատականը, որ բեռանփոխադրումները պակասել են, սակայն չի կարող ասել՝ դա ազդո՞ւմ է նրանց աշխատավարձերի ձեւավորման վրա, թե` ոչ:

Աշխատավարձերի հաշվարկները կատարվում են Երեւանում՝ երկաթուղու գլխավոր վարչությունում, այստեղ կայարանի տնօրենը որեւէ բան ասել չի կարող, սակայն խոստացավ իր հնարավորությունների սահմաններում նպաստել Վ. Ռեբեցի եւ աշխատակիցների հանդիպմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter