
Կամերայինի անօթեւանները
Վահե Սարուխանյան
Արարատ Դավթյան
Կամերային երաժշտության տան մերձակայքի աղբանոցի մոտ երկու տղամարդ «ճաշի» նախապատրաստություն էին տեսնում:
Մեկը ձմռան ցրտից սառած վերջույթներն էր տաքացնում կրակի մոտ, իսկ մյուսն ուսումնասիրում էր պոլիէթիլենային տոպրակի պարունակությունը եւ անհրաժեշտ բաները դուրս բերում` տապակած կարտոֆիլի կտորներ, մսի ու ոսկորի մնացորդներ, հաց: Տոպրակն ուսումնասիրողը մոտ 40 տարեկան կլիներ, բարձրահասակ էր ու թիկնեղ, մյուսն ավելի տարիքով էր, մարմնով` նվազ:
Առաջինի անունը Տոնի էր, մյուսինը` Մյասնիկ: Երբ իմացան, որ լրագրողներ ենք ու ցանկանում ենք իրենց օգնել, Տոնին հարցրեց հայերենախառը ռուսերենով. «Սիգարետ... ծխելու... ունե՞ք, կա՞»: Մի տուփ նվիրեցինք նրանց:
Բայց երբ Տոնին տեսավ, որ իր ուզածից` «Չիբուխից» թանկ ծխախոտ ենք առաջարկում, նախ հրաժարվեց, հետո ընդունեց, նայեց տուփին ու ուրախացավ. «Նայի, Մյասնիկ, վերջին անգամ ե՞րբ ես սրանից ծխել»: Ի պատասխան` ընկերը ժպտաց:
Մյասնիկը բավականին դժվարությամբ էր խոսում. նյարդային խանգարում էր ստացել անցյալում: Մեր զրույցից չորս օր առաջ էլ էպիլեպսիայի հերթական նոպան էր ունեցել:
Նրա կցկտուր պատմածից հասկանալի էր հետեւյալը:
49-ամյա Մյասնիկ Միքայելյանը վեց տարի է, ինչ անտուն է: Կինը անչափահաս աղջկա եւ տղայի հետ այժմ բնակվում է Կոմիտասում: Մյասնիկը փողոցում է հայտնվել այն բանից հետո, երբ վաճառել են նախկին բնակարանը, ու կինը դուրս է արել նրան տնից:
Մյասնիկի ու մեր միջեւ «թարգմանչի» դեր էր կատարում ռուսախոս, ազգությամբ սերբ Տոնին:
Տոնին, իր իսկ պատմելով, միկրովիրաբույժ է: Տարիներ առաջ Մոսկվայում ծանոթացել է Ալվարդ Հարությունյանի հետ, որը նույնպես բժիշկ էր: Ամուսնացել են, տեղափոխվել Նորվեգիա, որտեղ բացել են իրենց սեփական կլինիկան: Այնուհետեւ կինն առաջարկել է տեղափոխվել Հայաստան: Երեւանում բնակվել են զոքանչի տանը` Զեյթունում, հետո` Մաշտոցի պողոտայում: Սակայն կինը վաճառել է այդ բնակարանն ու մեքենան, երեխաներին թողել է մոր մոտ, վերցրել փողերն ու մեկնել Նորվեգիա:
Տոնին բացատրում է, որ ամեն ինչ գրանցված է եղել կնոջ անունով, բայց նա իրեն խաբել է:
Փողոցում հայտնվելուց հետո Տոնին ծանոթացել է կորեացի Կլարա Վոն Դեն Յունի հետ, ում մայրը հայուհի է: Կլարան նույնպես թափառաշրջիկ է, նրանք արդեն մեկ տարի միասին են:
«Ես ուզում եմ աշխատել, ես չեմ ուզում ապրել ինչպես բոմժ, բայց նայեք վերքերս, ինչպե՞ս կարող եմ սրանցով»,- ասում է Տոնին ու ցույց տալիս ձեռքի եւ ոտքի վերքերը: Հետո ավելացնում է. «Ես գիտեմ` ես մեռնելու եմ...»:
Նախկին բժիշկը պատմում է, որ փողոցում հայտնվելուց հետո անլեգալ ձեւով աշխատել է Էրեբունու հիվանդանոցում, բայց հետո 1400 դոլար կաշառք են պահանջել իրենից:
«Հայաստանում փող ունես` ամեն ինչ ունես, փող չունես` մեռիր: Նույնիսկ շտապօգնությունն անվճար ոչինչ չի անում: Երբ կինս` Կլարան, ոտքը կոտրել էր, տեղափոխեցինք Մարգարյան հիվանդանոց, մյուս օրը բերել, դրել էին Շրջանայինում, որտեղից տարել էին»,- պատմում է Տոնին:
Կնոջը Տոնին կարողացել է տեղափոխել Չորրորդ գյուղի անօթեւանների կացարան:
«Կնոջս այնտեղ եմ ուղարկել, որովհետեւ ուրիշ ճար չկար, բայց ես չեմ գնա, ես ավելի շուտ փողոցում կմեռնեմ»,- ասում է Տոնին: Նա հիշում է կացարանի` այժմ արդեն հեռացված երկու պահակների` Աշոտի ու Գեւորգի սանձարձակությունները ու նշում. «Աչքը տեսածից է վախենում»:
«Ես բոմժ եմ ու երջանիկ եմ, որ բոմժ եմ, որովհետեւ ո՞րն է լավ. լինել կրիմինա՞լ, թե՞ բոմժ: Ես բոմժ եմ, ու հոգիս խաղաղ է»,- շեշտում է Տոնին:
Տոնիին առաջարկեցինք ցույց տալ իրենց ապաստարանը` բունկերը: Գնալուց առաջ, սակայն, նա մի պահ վարանեց. «Էս ցելաֆանները պահենք, որ չգողանան»:
«Ո՞վ պիտի գողանա»,- հարցրեցինք:
«Բոմժերը, էնքա՜ն կան»,- պատասխանեց նա:
Բունկերը ոստիկանության շենքին հանդիպակաց թաղում էր:
«Միլիցիան լավ ա, մեզ բան չեն ասում»,- ասում է Տոնին ու բացատրում, որ ոստիկանությանը մոտ լինելը լավ է, քանի որ հարկ եղած դեպքում կարելի է անմիջապես դիմել նրանց օգնությանը:
Բունկերի մոտ բնակելի շենքի բակային տաղավարն է: Տոնին մանրամասն ցույց է տալիս, թե ինչպես են երկու-երեք օր առաջ այստեղ գտել «մամայի»` Գայանեի սառած մարմինը: Տոնին այդպես էր անվանում 47-ամյա Գայանեին: Տաղավարի սեղանին դեռ մնացել են խնձորները, գետնին ընկած է Գայանեի շալը...
Բունկեր կոչվածը մի նկուղ է, որտեղ տեղադրված են ջրամատակարարման խողովակների փականները: Այստեղ են գիշերներն անցկացնում Տոնին ու Մյասնիկը:
Մենք Տոնիի խնդրանքով մոմ էինք գնել: Բունկերում նա վառեց դրանցից երեքն ու երեխայի պես բացականչեց. «Մյասնիկ, նայի, մո՜մ ունենք, մո՜մ: Հիմա լու՜յս կունենանք»: Երկու թափառաշրջիկ ընկերները համբուրվեցին ու գրկախառնվեցին:
Բունկերի հատակը ծածկված էր թափոններով` պլաստմասսե շշեր, ցելոֆաններ, հագուստի կտորներ, նույնիսկ խաղալիք:
Տոնին պատմում է Սիմայի մասին: Սիման առնետ է, բնակվում է նույն բունկերում:
«Ինքը մեզ հաց ա բերում: Մի քանի օր առաջ լավաշը բերեց, դրեց դոշիս, գնաց: Սիման լավն ա, մենակ մի քիչ գիժ ա. գիշերները չի թողնում քնենք»,- ոգեւորված պատմում է Տոնին:
Վերադարձանք Կամերայինի աղբարկղերի մոտ:
Նկատելով, որ իր թողած ցելոֆաններին ոչ ոք չի մոտեցել, Տոնին ուրախ բացականչեց. «Մյաս, իրանց տեղում են... չեն տարել... հա՜-հա՜»:
Մեկնաբանել