HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Սևանը չենք տա օլիգարխներին». բողոքի ակցիա` ի պաշտպանություն Սևանա լճի

Արփինե Մինասյան

«S.O.S. Սևան» նախաձեռնող խումբը ապրիլի 25-ին Սևանում անցկացրեց նախազգուշական բողոքի քայլերթ` նվիրված Սևանա լճի փրկությանը: Քայլերթին մասնակցում էին Հայաստանի համահայկական բնապահպանական ճակատի, էկոլոգիական հասարակական դաշինքի «Էկոլուր» հ/կ-ի, Գավառի Օրհուս կենտրոնի, «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» հ/կ-ի և այլ նախաձեռնությունների ներկայացուցիչներ, սևանցի մտավորականեր և քաղաքացիներ: Կազմակերպիչների ու մասնակիցների նպատակն էր իրազեկել սևանցիներին ԱԺ ներկայացված Կառավարության երկու օրինագծերի վտանգների ու բացասական հետևանքների մասին: 

ԱԺ-ի հաստատմանն է ներկայացվել «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան և համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը, որով նախատեսվում է 5 տարի ժամանակով տարեկան 170 մլն խմ-ի փոխարեն 240 մլն խմ ջուր բաց թողնել: ԱԺ-ի հաստատմանը ներկայացված Կառավարության երկրորդ ծրագիրը «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագիրն է», որով նախատեսվում է Սևանա լճում ցանցավանդակային եղանակով մինչև 2023թ.-ը տարեկան 50.000 տոննա իշխան բուծել: 

Բնապահպանների տարածած թռուցիկներում նշված է, որ 5 տարվա ընթացքում ջրբացթողումների քանակը կավելանա 40%-ով, լճի մակարդակը կիջնի, ինչն էլ Սևանա լիճը կտանի ճահճացման: Ցանցավանդակային ձկնաբուծարաններում 50.000 տոննա ձուկ աճեցնելու դեպքում Սևանն ամեն տարի կստանա`

  • ազոտով, ֆոսֆորով և գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմներով լի 50.000 տոննա արհեստական կեր,
  • ցանցավանդակներում սատկած և հիվանդ ձկներ,
  • ձկների բուժման համար անհրաժեշտ դեղորայք: 

«Կառավարության այն պնդումը, որ ավելացված ջրբացթողումները կծառայեն Արարատյան դաշտի գյուղացիների ոռոգման կարիքներին, փորձագետները բլեֆ են համարում: Արարատյան դաշտի ջրային պաշարների ճիշտ կառավարման դեպքում Սևանա լճից օրենքով սահմանված ջրբացթողումների քանակը` 170 մլն խմ, լրիվ բավարար է: Գյուղացիները չեն կարողանում ոռոգել իրենց դաշտերը, որովհետև ՋՕԸ-ներն ստիպում են ոռոգման ջուրը ստանալ պոմպերով և վճարել դրա համար, արտեզյան ջրերից օգտվող գյուղացիները Սևանա լճի կարիքը չունեն»,- նշված էր նրանց տարածած թռուցիկներում: 

Քայլերթի մեկնարկը տրվեց Սևանի Վլադիմիր Կարապետյանի անվան հրապարակից: Մասնակիցները, «Հեռու պահեք ձեր ձեռքերը Սևանից», «Սևանը չենք տա օլիգարխներին»,«Արգելվում է ներխուժել Սևան»,«Սևանին սպառնում է էկոլոգիական կաթված» կարգախոսներով ու կոչերով Սևանի կենտրոնական փողոցով շարժվեցին դեպի Սևան-Հրազդան ջրանցք:

Ճանապարհին նրանք ստորագրահավաք էին անցկացնում, բնակիչներին ու անցորդներին հորդորում էին միանալ իրենց: Մարդաշատ վայրերում կանգ էին առնում ու մարդկանց իրազեկում քայլերթի անցկացման նպատակի մասին: Բնակիչներն ուշադրությամբ լսում էին, ոմանք միանում էին քայլերթին, ոմանք շտապելու պատճառաբանությամբ արագ շրջանցում էին հավաքվածներին: 

Բողոքի ակցիայի մասնակիցների նախավերջին կանգառը Սևանի քաղաքապետարանն էր, նրանք քաղաքապետին կոչ արեցին միանալ իրենց պայքարին: Քաղաքապետարանի վարչական շենքի մոտից նրանք քայլեցին դեպի Սևան-Հրազդան կասկադ, սակայն թույլտվություն չունենալու պատճառով նրանց արգելվեց մուտք գործել տարածք: Քայլերթի մասնակիցները շարժվեցին դեպի Հրազդան գետի սկզբնամաս, որտեղից էլ բաց է թողնվում ջուրը դեպի Արարատյան դաշտավայր: «S.O.S. Սևան» բողոքի ակցիան կշարունակվի ապրիլի 28-ին, ԱԺ-ի շենքի դիմաց: 

Մեկնաբանություններ (2)

Ղուկասյան Վլադիմիր
Էլչիբեյը, որ Էլչի բեյ էր, Սևանում լողալ էր երազում: Մեր էլչի բեյերը Սևանը տղմահորի են ուզում վերածել: Դոդոշի երազանք:
էկոլոգ
մի ցուցակ է հարկավոր հրապարակել թե ում կառույցներն են սեւանի ափին որ ջրատակ պիտի լինեն եւ պարզ կդառնա թե ովքեր են դեմ ջրի բարձրացմանը: Իսկ Արփայի թունելն ինչու են փակել տասնյակ տարիներով? Խոզերն ուտում են ծառի պտուղները ու տակից քանդում արմատները - սա է պարզ պատկերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter