HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

24-ժամյա բողոքի ցույցեր` Լոս-Աջելեսում. ցուցարարները պատասխանատվություն էին պահանջում

Կարինե Դանիելյան

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի օրը Լոս-Անջելեսում փակ էին բոլոր վաճառակետերն ու սպասարկման կենտրոնները, որոնց տերերը հայեր էին: Պետական դպրոցներն ու ուսումնական հաստատությունները ընդամենը 1-2 ժամ աշխատեցին, որովհետեւ հայ դպրոցականներին, ուսանողներին, ուսուցիչներին ու դասախոսներին, որոնց թիվը միշտ էլ ծանրակշիռ է այդ կառույցներում, ապրիլի 24-ին  ազատ օրվա իրավունք է տվում:

Փողոցներով սլանում էին մեքենաներ ու մոտոցիկլետներ` ծածանելով հայկական դրոշները: Երիտասարդությունը հնարավորինս օգտագործել էր ամեն ինչ` հանրության ուշադրությունը բեւեռելու կարեւորագույն իրադարձության վրա: Ցույցերի, բողոքի ակցիաների, քայլարշավի ու հիշատակման արարողությունների բոլոր մասնակիցները կրում էին հատուկ այդ օրվա համար պատվիրված վերնաշապիկներ` կենաց ծառի, խաչքարի խորհրդանշական պատկերներով, ցեղասպանությունն ու ու Թուրքիայի ժխտողական  քաղաքականությունը դատապարտող եւ պատմական հրեշավոր հանցանքի ընդունում եւ արդար հատուցում պահանջող մակագրություններով: 

Կարելի էր հանդիպել մորուսները եռագույնով ներկած մարդկանց, երիտասարդների, որոնք կրում էին եռագույն կեղծամներ: Ցուցարարներից ոմանք իրենց սիրելի տնային կենդանիների վրա անգամ եռագույն կտորներ էին փաթաթել:

24-ժամյա հիշատակման ու բողոքի արարողությունները կայացան երկու օր` ապրիլի 24-25-ը: Առավոտյան ժամը 10-ից Հոլիվուդի  Little Armenia թաղամասում մեկնարկեց Միայալ հայ երիտասարդության քայլարշավը, քիչ անց Մոնթեբելոյում ցեղասպանության զոհերի հուշարձանի մոտ կայացավ հիշատակման արարողություն, կեսօրից հետո՝ ժամը 2-ից Լոս-Անջելեսում թուրքական հյուպատոսության շենքի դիմաց սկսվեց ամենամյա գլխավոր միջոցառում-բողոքի ցույցը, որին մասնակցեցին հազարավոր մարդիկ:  Ավելի քան 3 ժամ ցուցարարները շուրջանակի քայլերթ կատարեցին հյուպատոսարանի շենքի առաջ` հատուցման ու դատապարտումի կոչեր ներկայացնող պաստառները ձեռքներին: Բարձրադիր տրիբունայից ելույթներ ունեցան տեղական իշխանության, քաղաքական ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ուսանողներ: Գլենդեյլի քաղաքային խորհրդի անդամ Փոլ Գրիգորյանը, հիշեով Քեսաբի դեպքերի եւ ընդամենը վերջին տասնամյակում եւ ոչ թե 99 տարի առաջ Բուդապեշտում դավադրաբար գլխատված Գուրգեն Մարգարյանին, խոսեց ցեղասպանության շարունակականության մասին. «Մենք ամեն տարի այս հրապարակում ենք լինելու եւ բողոքելու, քանի դեռ ցեղասպանությունն արդար ճանաչում չի գտել, քանի դեռ արդարության դեմ փակ են մնում աշխարհի դռները»: 

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցիարարողությունների Արեւմտյան Ամերիկայի հանձնախմբի համանախագահ, Լոս-Անջելեսի հայ իրավաբանների միության նախագահ Կարո Ղազարյանը ասաց. «Ցեղասպանության ընդունումից առավել կարեւոր է դրա պատասխանատվության ընդունումը: Մենք գիտենք իրականությունը: Մենք գիտենք, որ ցեղասպանություն եղել է, այդ ցեղասպանության պատասխանատվությունն է, որ պահանջում ենք…: Ճշմարտությունը բացահայտելու համար պատմաբաննների նոր հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտություն նույնպես չկա, քանի որ ոչ մի հանձնաժողով չի կարող փոխել այն ամենը, ինչ արձանագրված է պատմության կողմից Լոնդոնից մինչեւ Վաշինգտոն, եվրոպական երկրների ամենահռչակավոր մարդկանց ու թերթերի թղթակիցների կողմից,  ինչպես նաեւ զանազան երկրների, ինչու չէ, նաեւ Թուրքիայի արխիվներում, եթե նա ցանկանա ազնվորեն բաց պահել արխիվները»:

Նախընթաց օրը Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանի ցավակցական ուղերձի վերաբեյալ «Հետքի» հարցմանն ի պատասխան Կարո Ղազարյանն ասաց. «Ցավակցություն հայտնում են բարեկամ, Հայկական հարցով մտահոգ, ընկերակից մարդիկ որեւէ մեկին կամ ազգին, որ կորուստ են ունեցել: Իսկ Էրդողանը դրանցից ոչ մեկը չէ: Ինչպես նա, այնպես էլ թրքական կառավարությունը մեղսակից են եւ ժառանգորդները ցեղասպանություն գործած պետության: Էրդողանը ոչ թե ցավակցություն,  այլ հազար ներողություն, այլ մեկ ու կես միլիոն ներողություն ու խնդրանք պիտի արտահայտեր, որ այդ ներողության համապատասխան սկսենք խոսել համերաշխության մասին»:

Ուշ երեկոյան, երբ հրապարակն արդեն մթնել էր, հնչում էր երաժշտություն, եւ բողոքի ցույցի մասնակիցները երգում էին ազգային-ազատագրական երգեր: Իբրեւ արարողությունների վերջին ակորդ, Լոս-Անջելեսի Պոլսահայ միության նախաձեռնությամբ ապրիլի 25-ի երեկոյան տեղի ունեցավ մոմավառություն` ցեղասպանության մեկ ու կես միլիոն նահատակների հոգու հանգստության համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter