HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահի հրաժարակա՞ն, թե՞ «մոնոլիտ բուրգի» դեմոնտաժ

Էդգար Վարդանյան 

2007 թվականին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը նշեց, որ Հայաստանում հաստատված է կլեպտոկրատիա, այսինքն, քաղաքական ռեժիմ, որի հիմքում ընկած է քրեական աշխարհի կանոններով առաջնորդվող, իշխանության բոլոր լծակներին տիրող մարդկանց սահմանափակ խումբ։ 

Նա նաեւ հայտարարեց, որ այդ ռեժիմը կառուցված է «մոնոլիտ բուրգի սկզբունքով եւ հստակ սահմանված նվիրապետական-հիերարխիկ աստիճանակարգով»։ Առաջին նախագահի կողմից նշվեց, որ բուրգի վերեւում Քոչարյանն է, երկրորդ տեղը զբաղեցնում է Սերժ Սարգսյանը, երրորդին հավակնում են Հովիկ Աբրահամյանը եւ Արմեն Գեւորգյանը։  Հարկ է նշել, որ վարչակարգից դժգոհ քաղաքացիների գերիշխող մեծամասնությանը, անկախ Տեր-Պետրոսյանի նկատմամբ նրանց վերաբերմունքից, վերոնշյալ գնահատականները համոզիչ թվացին։

2014 թվականի ապրիլ ամսվա դրությամբ ներկայիս վարչակարգից դժգոհ հանրության մեծամասնությունը համարում է, որ ցայսօր Հայաստանում իշխանությունը չի պատկանում ժողովրդին։ Սակայն, Ռոբերտ Քոչարյանը իշխանական բուրգում, առնվազն պաշտոնապես, ներկայացված չէ, իսկ Սերժ Սարգսյանը, որն այսօր բուրգի վերեւում է, հայտարարել է, որ ապագայում չի հավակնելու թիվ մեկ պաշտոնին եւ ակնարկել է, որ նույնն է ակնկալում Քոչարյանից։ Բայց վերջինս, կարծես թե, դեռ չի շտապում հայտարարել իր ծրագրերի մասին։

Իսկ 2007-ի դրությամբ, ըստ Տեր-Պետրոսյանի, բուրգի երրորդ տեղին հավակնողը այսօր երկրորդ տեղում է, իսկ վաղը կարող է գրավել առաջին տեղը, բուրգի, ասենք, հինգերրորդ համարը, միանգամից կարող է դառնալ երկրորդը եւ այլն եւ այլն։ Եվ բոլոր դեպքերում, անկախ այդ կադրային տեղաշարժերից, բուրգը կշարունակի գոյություն ունենալ։ Ստացվում է, որ հենց «մոնոլիտ բուրգն» է Հայաստանի առողջացման խոչընդոտը, եւ տրամաբանական է, որ հենց այդ բուրգի դեմոնտաժը պետք է լինի փոփոխություններ ցանկացող հանրության առաջնային խնդիրը։

Սակայն այսօր իշխանություններին ընդդիմացող հանրության մի հատվածը խոսում է այն մասին, որ Հայաստանի զարգացման գլխավոր խոչընդոտը, ոչ թե իշխանությունը բռնազավթած խունտան է (ասվում է, որ չկա խունտա), ինչպես պնդում էր ժամանակին Տեր-Պետրոսյանը, այլ մեկ անձ է՝ Սերժ Սարգսյանը, եւ որ նրա հեռացումը պետք է լինի առաջնային խնդիրը։ Նշվում է, որ այդ անձը իրենով է արել բոլոր ռեսուրսները եւ ստեղծել է մեկ օլիգարխի տնտեսություն։ Այսինքն, ակնարկվում է, որ ներկայիս ռեժիմի հիմքում ոչ թե իշխանության բոլոր լծակներին տիրող մարդկանց սահմանափակ խումբ է, այլ մեկ անձ։

Սակայն այդ թեզը, ի տարբերություն 2007-ի հայաստանյան ռեժիմի տեր-պետրոսյանական բնութագրությանը, շատերին չի համոզում։ Հնարավոր է, որ դրա պատճառն այն է, որ վերջինս բավարար չափով փաստարկված չէ, չափազանց թույլ է, կամ իսպառ բացակայում է դրա ապացուցողական բազան։ Եվ իրոք, Սերժ Սարգսյանի նախագահության օրոք, ո՞ր օլիգարխն է հարստահարվել, ու՞մ խոշոր բիզնեսն է խլվել։ Հանրությանը հայտնի է միայն մեկ դեպք, երբ խոշոր սեփականատերից «խլել են» իր սեփականությունից մի կտոր եւ այդ բիզնեսմենը՝ վարչախմբին ակնհայտ ընդդիմացած Խաչատուր Սուքիասյանն է, որն ի դեպ, չնայած ամեն ինչի, շարունակում է խոշոր բիզնեսմեն հանդիսանալ։  

Շատ հաճախ, որպես վերոնշյալ թեզի ապացույց վկայակոչվում է, որ Սերժ Սարգսյանի ընտանիքը ամեն տեղ «փայ» ունի, սակայն եթե դա այդպես է, ուրեմն այդ հանգամանքը խոսում է լրիվ հակառակի մասին։ Ստացվում է, որ իրականում, Հայաստանում ռեսուրսները բաշխված են տարբեր սահմանափակ թվով ընտանիքների եւ անձանց միջեւ եւ «ընտանիքը» ոչ թե իր ձեռքերում է կենտրոնացրել բոլոր ռեսուրսները, այլ բոլորից վերցնում է յուրօրինակ «հարկ» եւ ապահովում «ստատուս քվոն»։

Իհարկե, հնարավոր է, որ Սերժ Սարգսյանը ցանկանար ամբողջ ռեսուրսները կենտրոնացնել իր ձեռքերում, հնարավոր է, որ օլիգարխներից շատ-շատերը դժգոհ լինեն նրանից, սակայն դա լրիվ այլ հարց է։ Հարկ է նաեւ նշել, որ Հայաստանում, համենայնդեպս մինչ այժմ, չկա կոշտ դիկտատուրա, չկա Սերժ Սարգսյանի անձի պաշտամունք, ինչը նշանակում է, որ եթե օլիգարխները խիստ դժգոհ լինեն նախագահի պաշտոնը զբաղեցնող անձից, ապա կարող են միասնական գործողությունների արդյունքում հեշտությամբ «գահընկեց» անել նրան։

Եվ ուրեմն, 2007-ին բողոքական հանրությանը համոզած հայաստանյան քաղաքական ռեժիմի նկարագիրն այժմ էլ ամենահիմնավորն է թվում եւ ամենափաստարկվածը։  Ինչ խոսք, կարելի է ենթադրել, որ բուրգի վերին հատվածը զբաղեցնող անձն ունի գերլիազորություններ որոշումների կայացման գործընթացում,  նա է որոշումների իրականացման, խաղի կանոնների պահպանման գարանտը եւ եթե նա մնում է իր տեղում, նշանակում է բուրգը գոյություն ունի, որ այն կայուն է։ Սակայն բուրգի վերեւից այդ անձի հեռանալը ավտոմատ կերպով չի հանգեցնում բուրգի վերացմանը։ Բուրգում ֆորմալ եւ ոչ ֆորմալ առումով ներկայացված անձերը, եթե խիստ դժգոհ լինեն «առաջին համարից», կարող են «ազատվել նրանից» չքանդելով բուրգը, այլ մի բան էլ ամրապնդելով վերջինս՝ սեփական կուլիսային գործողությունները համեմելով համապատասխան «մասսովկայով», դրանով իսկ,  առնվազն մասնակիորեն, լեգիտիմացնելով բուրգը։

Այդ իսկ պաճառով եթե բողոքավոր հանրությունը ցանկանում է համեմատաբար կարճ ժամկետներում հասնել լուրջ համակարգային փոփոխությունների, ապա միայն բուրգը դեմոնտաժելու օրակարգի հաստատումը կարող է հիմքեր ստեղծել դրա համար: Հասկանալի է, որ բուրգի դեմոնտաժը ենթադրում է նրանում տարբեր տեղեր զբաղեցնող մարդկանց հեռացում իրենց այդ տեղերից, կամ, առնվազն, նրանց դե ֆակտո գործառույթների պարալիզացում, ինչի արդյունքում, օրինակ, «առաջին համարը» կարող է ձեռքբերել անգլիական թագուհու կարգավիճակ։  Այդ ամենը ի վիճակի է իրականացնել ռեժիմի դեմոնտաժման խնդրի շուրջ կազմակերպված, ինստիտուցիոնալիզացված հանրությունը։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter