Ռուբեն Հակոբյան. «Մեր ակնկալիքները չեն արտացոլվի կառավարության նախագծով»
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը ՀՀ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի անսպասելի այցը քառյակի նիստին նորմալ է գնահատում: Հովիկ Աբրահամյանը երեկ մասնակցել էր ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունների դռնփակ նիստին՝ նրանց կողմից ստանալով կենսաթոշակային կուտակային համակարգի այլընտրանքային նախագիծ, որը վարչապետը խոստացել է քննարկել կառավարությունում:
Ոչ իշխանական ուժերի քառյակն էլ նրա առջև պայման է դրել, որ եթե կուտակային կենսաթոշակային համակարգին վերաբերող կառավարության հեղինակած ծրագիրը չբավարարի իրենց պայմանները, ապա իրենք չեն հրաժարվի իրենց նախագիծը շրջանառության մեջ դնելու մտադրությունից:
Պատասխանելով հարցին, թե ի՞նչ տպավորություն ունի երեկվա հանդիպումից, արդյոք Հովիկ Աբրահամյանը կընդունի քառյակի ծրագի՞րը, «Հետք»-ի հետ զրույցում Ռուբեն Հակոբյանը նշեց. «Անակնկալ էր մեզ համար, որևէ մեկի հետ չէր պայմանավորվել: Աշխատանքային գործընթացներ են, նման անակնկալներ կարող են լինել, բայց կարծում եմ՝ վաղ է որևէ գնահատական տալ, որովհետև առաջիկայում սպասվում է կառավարության հեղինակած ծրագրի քննարկում, թերևս միայն այդ ժամանակ հնարավոր կլինի վերջնական գնահատական հնչեցնել»:
Հարցին, թե երեկվա քննարկումից հստակ չդարձա՞վ, թե ինչ դիրքորոշում կորդեգրի Հովիկ Աբրահամյանը քառյակի օրինագծի նկատմամբ, Հակոբյանը պատասխանեց. «Իմ կարծիքով՝ այն ակնկալիքները, որոնք մենք ունենք, չեն արտացոլվի կառավարության նախագծով. տա Աստված սխալվեմ, համենայնդեպս երեկվա մեր զրույցից ես այդպես հասկացա, բայց, կրկնում եմ, վերջնական գնատական տալու համար պետք է սպասել նախագծի ամփոփ տարբերակին»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել