
«Մարդ ենք, չէ՞, ի՞նչ կապ ունի, որ փողոցն ենք»
Արարատ Դավթյան
Վահե Սարուխանյան
«Ամեն օր մտածում եմ, որ գիշերը չսառցակալեմ: Օղին պահում ա. խմում ես ու ոչ մի բան չես զգում. «գլուշիտ» ես լինում: Գիշերը զարթնում ես, տենում` դողը տվել ա վրեդ: Նորից մի երկու բաժակ խմում ես ու քնում»,- ասում է արցախյան պատերազմի մասնակից զինվորը` Ռաֆոն:
Ռաֆիկ Մարտիրոսյանն Էջմիածնից է, ծնվել է 1961թ., ունի երեք երեխաներ, որոնք ապրում են զոքանչի տանը:
«Դառը կյանք ա, էլի... Կնոջիցս բաժանվել եմ, կալանք եմ տեսել: Դուրս եկա` հերս տունը տվել էր իրա երկրորդ կնոջը: Արդեն 2 տարի ա` փողոցում եմ»,- պատմում է Ռաֆոն:
Բաղրամյան 7 հասցեի «տան» բնակիչ նա դարձել է հինգ օր առաջ:
«Ուզում եմ բոմժի պես չապրեմ: Արհեստավոր եմ. սվաղ եմ անում, մալյարություն: Եվրոխանութից էժան, հագած շորեր եմ առնում, գնում եմ բաղնիք` լողանում, սափրվում: Բա ձմեռը ո՞նց անեմ. ո՛չ գործ կա, ո՛չ էլ... շիշ-միշ եմ հավաքում: Լինում ա, որ ուտելիքն էլ զիբիլից եմ հավաքում: Ի՞նչ անեմ»,- հուզված հարցնում է Ռաֆոն:
«Ինը ամիս Քելբաջարում կռվել եմ, վիրավորվել... հիմա բոմժ եմ: Սաղ քաղաքը ոտով եմ ֆռում. տրանսպորտում կին, աղջիկ նստած, ես ասեմ` 100 դրամ չունե՞մ: Մարշրուդնու շոֆերին էլ ասում ես` հասցրու մի տեղ, ասում ա` քո նմանները գիտե՞ս ինչքան են,- պատմում է նախկին ազատամարտիկն ու շարունակում,- մարդատեղ դնող, հետներս խոսացող չկա: Դաժե փողոցում մեկին ուզում ես ժամ հարցնես, ասում ես` շատ ներողություն, կարո՞ղ ա... էլ չի թողում, որ խոսաս: Մարդ ենք, չէ՞, ի՞նչ կապ ունի, որ փողոցն ենք, վիրավորվում ենք»:
Բաղրամյան 7 հասցեում գտնվող կիսակառույցում է ապրում նաեւ Ալիկը` 57-ամյա Ալեքսանդր Բուչախչյանը:
«Վարդան Մամիկոնյանի արձանի մոտ երկու սենյականոց տուն ունեի: Ընենց եղավ, որ տունս ծախեցի, փողը «դավերյայով» տվեցի ուրիշին, էդ էլ առավ ու թռավ: Էս 3 տարի ա` դուրսն եմ մնացել»,- պատմում է նա:
Ալիկի աջ ոտքն ուռած է: Իր ասելով` ոտնաթաթն ամբողջությամբ թարախակալված է, եղունգները` թափված:
Հիվանդանոց տանելու մեր առաջարկից նա հրաժարվեց. «Չէ, պետք չի, եթե Իգորին տանեն, ձեզնից շատ գոհ կլինենք: Էսի կմեռնի, կգան մեզ ստեղից կլարեն: «Կրիշ» ա էլի, գոնե ձյունը գլխներիս չի գալիս»:
Ալիկը պատմում է, որ կնոջից բաժանված է, 20-ամյա որդի ունի, որը սովորում է Ռուս-հայկական (սլավոնական) պետական համալսարանում. «Ինձ չեն օգնում. Չերեմուշկայում տուն ունեն, իրանք իրանցով ապրում են»,- նշում է նա:
«Ամառներն էլի հեշտ ա: Զանգվի ձորում եմ ապրել, Կոնսերվատորիայի հայաթում: Ձմեռները շատ դժվար ա. կրակի կողը սառում ենք»,- ասում է Ալիկը:
Չորրորդ գյուղում գործող Անօթեւանների կացարանի մասին Ալիկը տեղյակ է, բայց այնտեղ գնալու մտադրություն չունի. «Էթամ ի՞նչ անեմ: Հենա, տղերքին ընդեղից հանել են»:
Մեկնաբանել