HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետն ընդունել է քառյակի՝ կուտակային կենսաթոշակների ծրագրով առաջարկված հինգ կետերից երկու-երեքը

ՀՀ նորանշանակ նախարար Հովիկ Աբրահամյանը ծանոթացել է ոչ իշխանական չորս խմբակցությունների կողմից ներկայացրած նախաձեռնությանը՝ կուտակային կենսաթոշակային համակարգի առնչությամբ և ընդունել երեք կետ: Վերջինս երեկ, հանդիպելով քառյակի ներկայացուցիչների հետ, նրանցից վերցրել էր օրինագիծն ու խոստացել քննարկել այն կառավարությունում: Պատասխանելով «Հետք»-ի հարցին, թե ի՞նչ տպավորություն եք ստացել քառյակի նախաձեռնությունից, Աբրահամյանը պատասխանեց. «Ծանոթացել եմ, հինգ կետ են առաջարկել, որոնցից երկուսը կամ երեքը ընդունել ենք»: Թե ո՞ր կետերն են ընդունվել գործող կառավարության կողմից, վարչապետը հրաժարվեց պատասխանել՝ նշելով միայն. «Նորմալ իրենց հետ աշխատելու ենք»:

Հարցին, թե ինչո՞ւ չհաջողվեց համոզել ոչ իշխանական ուժերի քառյակին շրջանառությունից հանել կուտակային կենսաթոշակների մասին իրենց օրինագիծը, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. «Հիմա ես ձեզ մի բան եմ ուզում խնդրել, ուզում եմ, որ հասկանաք՝ ես ձեզ բոլորիդ հարգում եմ, չեմ ուզում, որ ասեք, որ չեմ հարգում: Մի քանի օր ժամանակ տվեք՝ ես ձեր բոլոր հարցերին կպատասխանեմ: Երեկ ես քայլ եմ արել, քառյակի հետ փորձել եմ քննարկել կուտակային կենսաթոշակայի համակարգը, դե դեռ քննարկում ենք, անպայման ընդհանուր հայտարարի կգանք: Ամեն դեպքում պետք է ողջունեք իմ քայլը. ես փորձում եմ բոլոր քաղաքական ուժերի, բոլոր շերտերի հետ հարցերը քննարկել, աշխատել թափանցիկ»:

Դիտարկմանը, թե կառավարության հեղինակած նախագծով պարտադիր բաղադրիչի հարցը չի լուծվում, չնայած վարչապետը հայտարարել էր, որ դե ֆակտո հարցը լուծված է, Աբրահամյանը հակադարձեց՝ նշելով. «Մեր ներկայացրած նախագծով մենք տույժ ու տուգանքներն ենք կասեցրել և այո, դե ֆակտո կասեցված է, ես կրկնում եմ: Շատ մարդիկ իմ հստակ ձևակերպումը հասկացել են, իսկ նրանք, ովքեր չեն ուզում հասկանալ, եթե գրենք էլ, որ պարտադիրը չի գործում, էլի չեն հասկանա»:

Այն դիտարկմանը, թե պահումները շարունակվելու են կառավարության առաջարկած նախագծով, Հովիկ Աբրահամյանն այսպես արձագանքեց. «Երկուշաբթի նախագիծը որ տեսնեք, նման բաներ չկան»:

Նա նշեց, թե չի ուզում խոստումներ տալ, որ հետո վաղը իրեն մամուլում պատասխանատվության չենթարկվեն, չասեն, որ նորանշանակ վարչապետը խոստումը չկատաեց. «Դրա համար պետք է լավ մտածենք, հետո ձեզ կներկայացնենք ամբողջական: Չեմ ուզում կցկտուր բաներ ասել, մենք հիմա տույժ-տուգանքները դադարեցնում ենք, բայց ընթացքում փաթեթը որ բերենք, բոլոր հարցերի պատասխանները կստանաք»: 

Հարցին, թե ինչպե՞ս կբացատրեք նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի և Ձեր մոտեցումների, դիրքորոշումների տարբերությունը՝ հենց թեկուզ կուտակային կենսաթոշակային հարցում, Աբրահամյանն ասաց. «Չե՞ք հասկանում, որ պետք է նոր մոտեցումներ լինեն, մոտեցումներ կլինեն, կշարունակենք: Բա պիտի լինի չէ՞»: Հարցին, թե խոսե՞լ են ներկա եւ նախկին վարչապետներն իրար հետ այդ թեմայով, նա բացասական պատասխան տվեց՝ նշելով, որ Տիգրան Սարգսյանը Հայաստանում չէ:  

Իսկ հարցը, թե ինչպե՞ս է վերաբերում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, որ իրեն ծանր ժառանգություն է բաժին ընկել, Հովիկ Աբրահամյանը անպատասխան թողեց՝ ասելով. «Ձեզ հաջողություն եմ մաղթում»:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter