«Dasaran.am»-ը վերապատրաստել է ԼՂՀ դպրոցների 150 մասնագետների
«Dasaran.am» կրթական ծրագրի աշխատանքային թիմն այցելել է Ստեփանակերտ, որտեղ տեղի դպրոցների շուրջ 150 ներկայացուցիչների համար իրականացրել է վերապատրաստման աշխատանքներ:
«Աշխատանքները միտված էին օպերատորների, ուսուցիչների և դպրոցների տնօրենների շրջանում Dasaran.am ծրագրի էլեկտրոնային գործիքների վերաբերյալ հմտությունների զարգացմանը: Լեռնային Ղարաբաղի դպրոցների ինտգերումը «Dasaran.am» կրթական ծրագրին ոչ միայն հասանելի կդարձնի հարթակի բոլոր կրթական հնարավորությունները Լեռնային Ղարաբաղի աշակերտներին, այլև էապես կխթանի Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դպրոցականների միջև շփումների և կապերի ակտիվացումը՝ նպաստելով միասնական սերնդի ձևավորմանը և ներառական կրթության ամրապնդմանը»,- տեղեկացնում է «Dasaran.am» կրթական ծրագրի գրասենյակը:
«Նոր Սերնդի դպրոց» ՀԿ-ի նախագահ Սուրեն Ալոյանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել ապրիլի 18-ին, համաձայն որի ԼՂՀ դպրոցները նույնպես կմիանան «Dasaran.am» կրթական ծրագրին:

Կրթական ծրագիրը, ըստ կամակերպիչների, տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման միջոցով թույլ է տալիս բարձրացնել դպրոցների կառավարման արդյունավետությունը և թափանցիկությունը, մասնավորապես` կայքի միջոցով հետևել դպրոցականների հաճախելիության և առաջադիմության ցուցանիշներին, ինչպես նաև տեղեկանալ դպրոցում կազմակերպվող ժողովների, միջոցառումների, որոշումների և հաշվետվությունների մասին, ապահովել ուսուցիչների և ծնողների միջև անմիջական կապ, իսկ կրթության պատասխանատուներին հնարավորություն է տալիս արդյունավետ կերպով վերահսկել կրթական գործընթացները դպրոցներում:
«Ծրագրի գլխավոր նպատակներից է կիրառել կրթական նորարարական մեթոդներ՝ էլեկտրոնային ինտելեկտուալ և զարգացնող խաղեր, որոնք ինտերակտիվ մեթոդով երեխաներին օգնում են սովորել հայոց լեզու և գրականություն, պատմություն, աշխարհագրություն, ծանոթացնում են նրանց հայկական մշակույթին, սովորեցնում են պահպանել բնությունը և շրջակա միջավայրը, պատմամշակութային արժեքները և այլն: Միմյանց միջև մրցակցությունը խթանելու միջոցով սովորելը ապահովում է առավել արդյունավետ և հիմնավոր կրթություն: Բացի այդ կազմակերպվում են տարաբնույթ օլիմպիադաներ և մրցույթներ, որոնք նույնպես խթանում են երեխաների՝ գիտելիք ստանալու ձգտումը: Գործում է նաև հատուկ աշակերտների համար ստեղծված սոցիալական ցանց, որն օգնում է դպրոցականների միջև կապերի ակտիվացմանը՝ անկախ նրանց բնակության վայրից և զերծ է դպրոցականների համար վնասակար տեղեկատվությունից»,- նշում են Dasaran.am ծրագրի կազմակերպիչները:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել