
Աշոտ Սուքիասյանը արտահանձնման որոշումը չի բողոքարկել
Գործարար Աշոտ Սուքիասյանը չի բողոքարկել Թբիլիսիի քաղաքային դատարանի՝ իրեն Հայաստանի Հանրապետություն արտահանձնելու որոշումը: Գործն արդեն Վրաստանի արդարադատության նախարարությանն է հանձնվել: Այս մասին «Հետքին» հայտնեց Վրաստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայության պետ Թեմուր Դոլիձեն:
Նա նաև տեղեկացրեց, որ առաջիկայում Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին պետք է ստորագրի Աշոտ Սուքիասյանի արտահանձնման որոշումը, և 2 կամ 3 շաբաթվա ընթացքում նրան կտեղափոխեն Հայաստան:
Հիշեցնենք, որ 2013թ. հունիսի 17-ից Աշոտ Սուքիասյանը գտնվում էր հետախուզման մեջ: Նրան մեղադրանք էր առաջադրվել առանձնապես խոշոր չափերով խարդախության (ՀՀ. Քր. օր. 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ), խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքային վնասպատճառելու (184-րդ հոդ. 2-րդ մասի 1-ին կետ) եւ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու (190-րդ հոդ. 3-րդ մասի 1-ին կետ) համար: Աշոտ Սուքիասյանը ձերբակալվել էր հունվարի 31-ին Թուրքիայից Թբիլիսիի ժամանելիս:
Ապրիլի 15-ին Թբիլիսիի կենտրոնական դատարանը Աշոտ Սուքիասյանին Հայաստան արտահանձնելու որոշում էր կայացրել:
Մեկնաբանել