Կյանքը սարերում
Էմմա Պետրոսյան
Սանահինի հանդամասը գյուղից հեռու է, գտնվում է Մադան գյուղական թաղամասից Ջիլիզա տանող ճանապարհին: Այս հանդամասում այժմ բնակվում է Սանահին գյուղի 15 ընտանիք, ովքեր զբաղվում են միայն անասնապահությամբ: Հանդամասը բնակեցված է լինում տարվա 9 ամիսներին, մյուս երեք ամիսներին անսանապահները մեկնում են սար` Լալվարի ստորոտ: «էն ա հենց դաչա ա կոչվում, որ էլեկտրական տոկի չեկը տանում ենք մուծում, դաչա ա գրվում, Սանահինի դաչա»,- իրենց բնակավայրի ճիշտ անվանումն է ներկայացնում Սուսաննա Երիցյանը:
Վերջինս Սանահինի հանդամասում, կամ որ առավել հայտնի է` Սանահինի դաչայում, ամուսնու հետ ապրում է շուրջ 30 տարի։ Այստեղ իրենց սեփական տունն ու հողատարածքն ունեն։ Հետխորհրդային տարիներին սեփականաշնորհել են ու մշտական բնակության տեղափոխվել այստեղ։ Այս հանդամասը նախկինում պատկանել է Սանահին գյուղի կոլտնտեսությանը, սանահինցիները հիմա սեփական անասուններն են պահում այստեղ։
![]() |
«Գյուղումը որ մնանք, չենք կարա էսքան անասուն պահենք։ Էրեխեքին օգնում ենք, պահում, թոռներս սովորում են: Մենք էլ մեծ ենք, պետք ա օգնենք»,- ասում է Սուսաննան: |
Վերջինիս ամուսինը՝ Անդրանիկ Երիցյանն էլ թեև ընդունում է, որ չարչարանքը շատ է, բայց հանուն երեխաների աշխատում է ամբողջ ուժով:
«Չարչարվում ենք, շատ ուժեղ չարչարվում ենք, խոտը շատ թանկ ա, կերը թանկ ա, բայց ի՞նչ անենք, էրեխեք ունենք, իրանց խաթեր ընկել ենք չոլը։ Տունուտեղ ունեմ, ապրուստ ունեմ, բայց 1987 թվից դուս էկած եմ, բա ի՞նչ անենք, էրեխանցը սոված թողա՞նք»,- ասում է Անդրանիկ Երիցյանը: Նա Սանահինի կոլտնտեսությունում անասնապահ է աշխատել։

Պատմում է, որ բարեխիղճ աշխատող է եղել, ու լավ աշխատանքի համար իրեն ռայկոմի քարտուղարը ՎԱԶ 21–05 մակնիշի ավտոմեքենա է նվիրել։ Ասում է՝ հիմա գյուղացուն ոգևորող ոչինչ չկա, դրա համար էլ շատ անասնապահներ են հեռացել Սանահինի հանդամասից։
Տարիներ առաջ հանդամասում 30 տնտեսություն է եղել, հիմա ուղիղ կեսն է մնացել:
![]() |
«Աշխատանքը շատ ծանդրացել ա, մարդկանց ուժները չի պատում, որ խոտհարքա, անասունա, դես–դեն անեն։ Համ էլ հիմի անասուն պահելն էլ ձեռնտու չի, որովհետեւ միսը չենք կարում ծախենք, մսավաճառնին են օգտվում, մենք՝ չէ։ Մի մեշոկ ալրին 10 հազար դրամ ենք տալիս, առնում, տալիս ենք խոզերին ու հետո տանում ենք նվեր տալի»,- ասում է Անդրանիկը։ |
Սանահինի դաչայի բնակիչներից շատերը քաղաքի ու իրենց գյուղի հետ կապը չեն կտրում. ոմանց ծնողներն են այնտեղ, մի մասին էլ սարերից տուն կանչողը երեխաների ու թոռների կարոտն է։ Մի քանի ժամով գնում, տեսակցում են ու էլի գալիս։ Տարին բոլոր իրենց տունը հանդամասն է: Կյանքը սարերում է անցնում, բայց, ինչպես ասում են, կտրված չեն աշխարհից։ Սանահինի հանդամասում հիմա արդեն և բջջային կապ կա, և ֆիքսված հեռախոսակապ, և էլեկտրականություն։
Տեսանյութեր
Լուսանկարներ

Մեկնաբանել