Գյումրիում դենդրոպարկ հիմնվեց
Մարիամ Խալաթյան
Գյումրիում դենդրոպարկ հիմնելու գաղափարը ծնվել էր անցած տարի նոյեմբերին, երբ «Ասպարեզ» լրագրողների ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը Գյումրիում կազմակերպել էր խաշի փառատոն: Նույն օրը հանգանակություն կազմակերպվեց Գյումրիում դենդրոպարկ հիմնելու համար, որի համար հավաքվեց 150 հազար դրամ:
Քաղաքային իշխանությունների հետ վաղօրոք համաձայնեցվել էր տարածքի հարցը և ապագա այգու համար ընտրվել էր Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի հետնամասում գտնվող պայտաձեւ ամրոցի մերձակա տարածքը:
Ստեփանավանի դենդրոպարկից նախաձեռնող խմբի անդամները գնել էին 22 տեսակի ծառ ու թուփ, ևս 4 ծառատեսակ տվել էր քաղաքապետարանը: Կամավորներն ընտրված տարածքում ծառատունկն իրականացրին ապրիլի 26-ին:

«Այս պահին մենք ունենք 25 տեսակի բույս, այդ թվում` ամերիկյան փշատերևներ, որոնք նաեւ ուսումնական բազա կհանդիսանան: Այստեղ կարելի է պրակտիկաներ անցկացնել ուսանողների ու աշակերտների համար»,- ասաց բնապահպան Լևոն Մարտիրոսյանը:
Նախաձեռնող խմբի անդամ Լևոն Բարսեղյանը բացատրեց, որ դենդրոպարկը որևէ կազմակերպություն չէ, իրավաբանական անձ չէ, և այդ տարածքը մնալու է քաղաքի սեփականությունը: Ժամանակին Գյումրին ունեցել է բուսաբանական այգի, որն անցած 20 տարիների ընթացքում դադարել է այդպիսին լինելուց: «Խոսքը կենտրոնական զբոսայգու աջ կողմի հատվածի մասին է, որտեղ տնակներ կան, վերին մասն ավելի խիտ բնակեցված տարածք է դարձել»,- նկատեց Լևոն Բարսեղյանը:
Նախաձեռնողները հետագայում բուսաբանական այգին հանգստի գոտու վերածելու նպատակ ունեն: «Այս տարածքում մարդիկ կարող են հանգստանալ, նստարաններ լինեն, բայց ամեն ինչ պետք է լինի կանոնակարգված», - նշեց Լևոն Մարտիրոսյանը:
Այգու բոլոր բուսատեսակների համար կլինեն ցուցանակներ: Այստեղ մարդիկ բացօթյա միջոցառումներ են անցկացնում, մեքենա վարել են սովորում, ինչից խուսափելու համար անհրաժեշտ է տարածքը ցանկապատել, իսկ մինչ այդ այգու հսկողությունը կիրականացնի տեղի պահակը:
Ծառատունկը շարունակական է լինելու, ամեն տարի փորձելու են նորերն ավելացնել: Լևոն Բարսեղյանն այս առումով մեկ այլ գաղափար էլ ունի. «Կդիմենք նաև Հայաստանում օտարերկրյա առաքելություններին՝ դեսպանատներին, միջազգային կազմակերպություններին, առաջարկելով և խնդրելով այգում տնկել իրենց երկրներից բերված այն բուսատեսակները, որոնք համատեղելի կլինեն Գյումրու բնակլիմայական պայմանների հետ»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել