Տեղական արտադրողի գաղափա՞րն են յուրացրել
Ազգային անվտանգության խորհրդից «Հետքի» հարցումին պատասխանել են, թե Վանաձորի «Սլացք» եւ «Ավտոգեն Մ» ձեռնարկությունները հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության ծրագրից դուրս են մնացել ռուս փորձագետների կողմից դրանց վերաբերյալ համագործակցության առաջարկ չներկայացվելու պատճառով: Նման պատասխանը այնքան էլ հավանական չէ «Սլացք» գործարանի դեպքում:
Ըստ բանակցային փուլում շրջանառվող պայմանի` հայ-ռուսական համագործակցության շրջանակում նախատեսվող ռազմարդյունաբերական համալիրի կազմում ընդգրկվելու էին ձեռնարկություններ, որոնք նախկինում համագործակցել են ՀՀ պաշտպանության նախարարության հետ, կատարել վերջինիս պատվերները ռազմարդյունաբերության ոլորտում եւ ապացուցել, որ ի վիճակի են եզակի նշանակության արտադրանք թողարկել: Վանաձորի «Սլացքը» բավարարում էր այս պայմանին: Գործարանը մինչ օրս համագործակցում է պաշտպանության նախարարության հետ, վերանորոգում է ՀՀ զինված ուժերի ավտոտեխնիկան:
«Սլացքը» ավտոտեխնիկայի վերանորոգման միակ գործարանն է Հայաստանում:
Գործարանի տնօրեն Ավետիս Ահարոնյանի ասելով` Հայաստանում ավտոարտադրություն կազմակերպելու գաղափարը, որն այժմ իրականացնում է Ազգային անվտանգության խորհուրդը, իրենն է: Այն ծնվել է 2000 թ.: Մշակվել եւ Ազգային անվտանգության խորհրդին է ներկայացվել «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենաների արտադրության բիզնես ծրագիր: Այդ ծրագրով «Սլացքը» ներկայացել է նաեւ հանրապետության նախագահին: «Ներկայացրինք, որ ուզում ենք «ՈՒԱԶ» ավտոմեքենա արտադրել, գործնականում ստացել ենք: Շատ ոգեւորվեցին: Ներկայացնում էին հեռուստատեսությամբ, ասում էին` պիտի աշխատի»,- պատմում է «Սլացք» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Ավետիս Ահարոնյանը:
Հայ-ռուսական համագործակցության շրջանակում գործարան այցելած ռուսական պատվիրակությունը գնահատել էր գործարանի հնարավորությունները: «Ամեն գործարանում պատվիրակությունը 10-15 րոպե էր մնացել, «Սլացքում» մնաց 40 րոպե: «Նայեցին, տեսան, որ այստեղ կարելի է աշխատել ու միանգամից արտադրանք ստանալ»,- ասում է տնօրենը: Բայց վերադառնալով` պատվիրակությունն ուրիշ կազմակերպություն էր ընտրել` նրա կարողություններն ավելի բարձր գնահատելով:
Ավետիս Ահարոնյանի համոզմամբ` իրենց բիզնես գաղափարի հիմքի վրա այդ աշխատանքը հանձնարարվել է ուրիշ կազմակերպության: «Սլացքը» չունի իր նախկին հզորությունը, ինչը, տնօրենի կարծիքով, ոչ թե տեխնիկական հնարավորությունների հետ է կապված, այլ մարդկային ռեսուրսի. հաստոցային պարկն ամբողջությամբ պահպանված է, բավականին քանակությամբ հումք ու ավտոպահեստամասեր են մնում: Գործարանի ներսում ավտոպահեստամասերի արտադրություն կա: Այնինչ աշխատուժը կրճատվել է. նախկին 120 աշխատողի փոխարեն գործարանն այժմ 50 գրանցված աշխատող ունի` 75-80 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով:
Ստեղծման պահից «Սլացքը» նախատեսված է եղել ավտոմեքենաների տեխնիկական վերանորոգման համար: Հետո մի քանի անգամ վերակազմակերպվել է` ելնելով հասարակական պահանջմունքից: Այսպես` երբ Հայաստանում բենզինի քանակի նվազման հետ նվազել է նաեւ բենզինով աշխատող մեքենաների վերանորոգման պահանջարկը, գործարանը սկսել է զբաղվել շարժիչների վերանորոգմամբ: Պատերազմական տարիներին զինվորական տեխնիկա է վերանորոգել: Իսկ հետպատերազմյան տարիներին արտադրել է ջրատաքացուցիչ, էլեկտրատաքացուցչ, դիզվառելիք, ածուխ, փայտ վառող վառարաններ: Հետո նորից վերադարձել է ավտոմեքենաների վերանորոգմանը:
1995 թ.-ից «Սլացքը» պայմանագրային հիմունքներով համագործակցում է ՀՀ պաշտպանության նախարարության հետ: Եթե մինչ այդ գործարանը անհատական պատվերներ էր կատարում, ապա 95-ից սկսած` միայն պետական պատվեր: Պետպատվերի քանակը սկզբում անհամեմատ շատ է եղել: Այժմ նվազել է մոտ 50%-ով. նախկինում ունեցած 280 մլն կատարողականի փոխարեն նախորդ տարի գործարանը կատարել է 120 մլն-ի պայմանագրային աշխատանք: Պայմանագրով սահմանվող պետպատվերի գինը առաջարկում է գործարանը, որը, որպես կանոն, նախարարությունն իջեցնում է 40%-ով: «ՈՒԱԶ-գազ 66» մակնիշի ավտոմեքենայի վերանորոգման համար առաջարկված վերջին գինը 2 մլն 580 հազար դրամ է, որը դեռեւս հաստատված չէ նախարարության կողմից: Նախկինում պետությունը կայուն պայմանագրեր էր կնքում ձեռնարկատիրոջ հետ: Վերջինս վերանորոգման կոնկրետ պատվեր էր ստանում, ասենք` օրական 2 հատ մեքենա, 8 հատ շարժիչ: Նաեւ որոշակի քանակով ավտոպահեստամասերի, ավտոկցորդների արտադրության պատվեր էր ստանում:
Այժմ նախարարության հետ կնքվող պայմանագրերը կայուն չեն: Չկա, օրինակ, առաջիկա 1 տարվա աշխատանքը պլանավորող պայմանագիր: Պայմանագրերը ներկայացվում են Կառավարությանը, հաստատվում են կամ ոչ: Սրանով հանդերձ` գործարար Ավետիս Ահարոնյանն այն կարծիքին չէ, որ գործարանը պետական բյուջեից է կախված. «40-60 մլն բյուջեին փող եմ տալիս տարեկան: Չաշխատեմ` չեմ տալու: Ինձ 100-120 մլն փող են տալիս, մինչեւ 60 մլն հետ եմ տալիս. հիմա ե՞ս եմ իրանցից կախված, թե՞ իրանք ինձնից»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել