HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

«Պատասխանատվություն չկրելու սովորություն կա անօթեւանների մեջ»

Արարատ Դավթյան
Վահե Սարուխանյան

Հարցազրույց Երեւանի թիվ 1 տուն-ինտերնատի եւ դրան կից Անօթեւանների սոցիալական օգնության կենտրոնի տնօրեն Դավիթ Շահբազյանի հետ

- Ի՞նչ է հասցրել անել Անօթեւանների սոցիալական օգնության կենտրոնը իր ստեղծման օրից ի վեր:

- Ինչպես գիտեք, կենտրոնը գործում է 2006 թ.-ի հունվարի 20-ից: Այս մեկ տարվա ընթացքում մենք ոչ անհատական հաշվարկով սպասարկել ենք 227 անօթեւանի: Այսինքն` անտուն մարդկանց մի մասին սպասարկել ենք մի քանի անգամ: Այսօրվա դրությամբ ( 11.01.2007 ) կենտրոնում ունենք 35 բնակվող: Չնայած պետական ծրագրի համաձայն կացարանը նախատեսված է 30 հոգու համար, մենք հնարավորինս շատացնում ենք տեղերի թիվը, քանի որ հատկապես ձմռան ամիսներին դրա կարիքը կա: Մասնաշենքի տեղերի առավելագույն թիվը 45 է: Դրանից ավելի չենք կարող: Քանի դեռ «խեղդված» չենք, պիտի տեղավորենք մարդկանց, բայց եթե վերցնենք ամբողջովին, հոսքն ահռելի է լինելու:

- Հայաստանում անօթեւանների թվի մասին պաշտոնական վիճակագրական տվյալներ չկան, բայց թափառաշրջիկներն ասում են, որ իրենք հազարավորներ են:

- Վիճակագրություն չկա, եւ դա կազմելն ավելի բարդ է, քան, ենթադրենք, մարդահամար անելը: Միայնակ մարդը, օրինակ, տնից դուրս է գալիս, չի վերադառնում, ու ոչ ոք չի հետաքրքրվում, հայտարարություն չի տալիս: Լինում են անփույթ մարդիկ, չգիտեն` իրենց հարազատը կա, չկա կամ որտեղ է: Չեն էլ հետաքրքրվում: Թափառաշրջիկները ոչ 100 են, ոչ էլ 200, բնականաբար, պետք է ավելի շատ լինեն: Բայց 1000 էլ չեն: Ես չեմ կարծում, որ այդքան շատ են: Անօթեւաններին թվում է, թե անտուն մարդկանց խմբեր շատ կան, բայց դա այդպես չէ: Նրանք 100-ներ գուցե լինեն, բայց ոչ 1000-ներ:

- Եթե նրանք նույնիսկ 100-ներ լինեն, դա էլ մեծ խնդիր է:

- Իհարկե, 35-ը դրա համեմատությամբ փոքր թիվ է: Մենք կարող ենք առանց մահճակալների, գետնին փռած դոշակների վրա ընդհանուր150 հոգու էլ տեղավորել, բայց առաջնայինը 30 հոգու համար կազմված պետական ծրագիրն է: Մյուս կողմից` գեղեցիկ չէ մարդուն գետնի վրայից բերել եւ գետնի վրա պահել: Ծրագիրն ընդլայնելու կամ այլ տեղերում նմանատիպ կենտրոններ հիմնելու քննարկումներ ընթանում են: Ամեն դեպքում, 2008թ.-ին մեզ մոտ 50 հոգու համար ծրագիր պետք է լինի արդեն: Այսինքն` եկող ձմեռ 50 հոգու պետք է կարողանանք տեղավորել:

- Որոշ անօթեւաններ չեն ուզում գալ կացարան: Ինչու՞:

- Շատերը չեն էլ պատկերացնում, թե ինչ է սա: Օրինակ` երբ ժամանակ առ ժամանակ թափառաշրջիկներին հավաքելու համար շրջում ենք քաղաքով, իրենցից էլ ենք մարդ տանում, որ բացատրի, որ սա ներքին գործերի ռեժիմի կացարան չէ: Երբ մենք անցյալ տարի ոստիկանության աշխատակիցներին վարձել էինք որպես հսկիչների, ես չթողեցի, որ նրանք աշխատանքի գան ծառայողական համազգեստով, որպեսզի հոգեպես չազդեն բնակիչների վրա:

- Իսկ ինչու՞ կենտրոնն այս տարի հսկիչներ չունի:

- Անօթեւանները միշտ էլ շատ արագ ագրեսիվ են դառնում. խմելու խնդիրը կա: 2006-ին հսկիչներին վարձել էինք միայն կարգ ու կանոն պահպանելու համար: Անցյալ տարի նաեւ անփորձ էինք: Իսկ այս տարի մենք մեր ուժերով կարողանում ենք կարգ ու կանոնը ապահովել, «իրենց լեզվով» խոսել ու հասկացնել: Այնպես որ, հսկիչների անհրաժեշտությունն այլեւս չկա:

- Կացարանում միջադեպեր պատահե՞լ են:

- Խմողների խնդիրն է մեծ: Մեկը սկսում է, մյուսները կողքից միանում են: Եթե շատ լուրջ խնդիր է լինում, բնականաբար, մեղավորներին պետք է դուրս հանել: Ծեծ ոչ մի անգամ չի եղել: Եղել է քաշքշուկ, այդ մարդկանց հանել ենք դուրս: Մարդը խմած է, չի գիտակցում, դանակով ուզում է խփել, ի՞նչ անես: Եթե այդ մարդուն ես նորից ընդունեմ, ու դեպքը կրկնվի, ո՞վ է պատասխան տալու. ես, չէ՞: Եթե պետք է գան, խմեն ու խանգարեն մեր աշխատողներին եւ ապրողներին, դա ես թույլ չեմ տա, դա չի լինի: Հիմա ունենք մարդիկ, որ խմում են, բայց ագրեսիվ չեն: Եղել են նաեւ դեպքեր, որ հեռացվածներին նորից ընդունել ենք:

- Իսկ հաճելի իրադարձություննե՞ր:

- Անցյալ ձմեռ, օրինակ, մի աղջիկ կար` թոքաբորբով հիվանդ երկու ամսական երեխայի հետ: Բերեցինք, պահեցինք, իրեն ամուսնացրինք, երեխային էլ ժամանակավորապես տեղափոխեցինք մանկատուն, մինչեւ ինքն իր անձնագրի հարցերը կարգավորի: Դեպք ունեինք, որ, եթե մարդը քսան օր էլ դրսում մնար, ոտքը պիտի անդամահատվեր. բաց վերքով էր: Բայց նրան տեղափոխեցինք կացարան, ոտքը փրկվեց, ինքն էլ դուրս եկավ: Մեկին էլ ամուսնացրինք, տուն վարձեցինք, 6-7 ամիս իրար հետ ապրում են, ինքն էլ աշխատանք գտավ. մենք նպաստեցինք, որ ընդունվի:

- Ո՞րն է անօթեւան մարդկանց խնդիրը:

- Այս մեկ տարվա մեջ որքան ես հասցրել եմ հասկանալ, հիմնականը անօթեւանների հոգեբանական խնդիրն է. թե՛ ընտանիքի, թե՛ աշխատանքի նկատմամբ պատասխանատվություն չկրելու սովորություն կա իրենց մեջ: Մի հոգու, օրինակ, աշխատանքի համար ուղարկեցինք հացի փուռ: Մի քանի ամիս աշխատել, այլեւս չէր գնացել: Ուրիշների նկատմամբ պատասխանատվություն չեն ուզում կրել: Ինձ թվում է` շատերը հենց դրանից են տուժել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter