Ավարտվեց խմբակցությունների խորհրդակցությունը
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատասենյակում քիչ առաջ ավարտվեց խորհրդարանական խմբակցությունների հետ աշխատանքային խորհրդակցությունը՝ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովում խմբակցությունների ներկայացվածության շուրջ: Հայտնի «գազային» պայմանագրերի վավերացումից հետո ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունները՝ ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն ու Ժառանգությունը, հրաժարվել էին մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին:
Քանի որ սպասվում է ԱԺ նախագահի փակ քվեարկություն, Է. Շարմազանովը խմբակցություններին հրավիրել էր հանձնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը վերահաստատելու համար: Ինչպես խորհրդակյցության ավարտին լրագրողներին հայտնեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, չորս խմբակցությունները վերահաստատել են իրենց դիրքորոշումը. չեն մասնակցի ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի աշխատանքներին: Նրա փոխանցմամբ՝ ՕԵԿ-ն է, ով այսօր հայտարարեց ընդդիմություն դառնալու մասին, հրաժարվել է մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին:
Խնդիրն այն է, որ ԱԺ կանոնակարգ օրենքի 24-րդ հոդվածի համաձայն, ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովը չի կարող բաղկացած լինել միայն ՀՀԿ-ական պատգամավորներից: Թե ինչպես է լուծելու իշխող մեծամասնությունն այս խնդիրը, երբ մյուս խմբակցությունները հրաժարվում են մասնակցությունից, Ռուբեն Հակոբյանը դժվարանում է պատասխանել:
«Դա արդեն իրենք պետք է որոշեն: Կա ԱԺ կանոնակարգի 24-րդ հոդված, դա է, հիմա իրավական կազուս է ստեղծվում. վեցից հինգը հայտարարում են, որ իրենք չեն մասնակցելու աշխատանքին, մեծամասնությունը պետք է քննարկի, լուծում տա»,- նշեց նա:
«Հետք»-ի հարցին ի պատասխան, թե արդյոք Է. Շարմազանովը փորձեց իրենց համոզել մասնակցել ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքներին, Ռ. Հակոբյանը պատասխանեց. «Չէ, նա ուզում էր հստակեցնել մեր դիրքորոշումն այս հարցում»:
ԱԺ փոխնախագահ Է. Շարմազանովն էլ, պատասխանելով մեր այն հարցին, թե արդյոք չստացվեց համոզել ոչ իշխանական ուժերին մասնակցել հաշվիչ հանձնաժողովի աշխատանքներին, նշեց, որ իրենք համոզելու համար չէին հավաքվել, այլ քննարկելու:
«Մենք կգտնենք ելքեր, որոնք չեն հակասի օրենքին»,- ասաց նա: Հարցին, թե հնարավոր է, որ հանձնաժողովը բաղկացած լինի բացառապես ՀՀԿ-ականներից, Շարմազանովը կրկնեց. իրենք կքննարկեն հարցը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել