Գալուստ Սահակյանը՝ Լևոն Զուրաբյանին. «Աստված ձեր ձայնը լսեր ու բիզնես ունենայի»
ԱԺ նախագահի թեկնածու Գալուստ Սահակյանը քիչ առաջ ամբիոնից ներկայացրեց իր առավելությունները, պատգամավորներին շնորհակալություն հայտնեց իր թեկնածությունն առաջադրելու համար:
«Պատասխանատվությունը մեծ է, բայց ինձ համար առավել գնահատելին վստահությունն է ոչ միայն իմ անձի, այլ հետագա գործունեության նկատմամբ: Խորհրդարանի նախագահ ընտրվելու դեպքում ամենակարևորն այն դրական ավանդույթների պահպանումն ու խորացումը կլինի, որ ձեռք է բերվել խորհրդարանի գործունեության ողջ ընթացքում: Ակնհայտ է, որ միշտ փորձում եմ հակադարձել և մեղմացնել վեճն ու բանավեճերը, թեպետ դա էլ է ցավ պատճառում ինձ: Ես մարդկանց մեջ միշտ լավն եմ տեսնում, վատ մարդիկ չկան, կան վատ հարաբերություններ, բայց այդ պայքարը մեկ հարթակում է, այդ հարթակում բոլոր քաղաքական ուժերը դերակատարներ են, և ինչքան էլ տարբեր սկզբունքներ ունենան քաղաքական ուժերը, հնարավոր եմ համարում ցանկացած հարց քննարկել և ինչ-որ չափով գտնել լուծումներ: Այս պահին էլ պատասխանատվություն եմ զգում, բայց ինձ համար շատ կարևոր է իմ նկատմամբ վստահությունը»,- հայտարարեց Սահակյանը: Նա ասաց, թե թշնամանքն ու բանսարկությունը երբեք իրեն չեն ուղղորդել: «Ընտրվելու դեպքում իմ հետագա գործունեությունը ձեր ձայների հանրագումարից է կախված»,- հավելեց նա:
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հարց ուղղեց Գալուստ Սահակյանին: «Դուք գիտեք, որ ՀՀ սահմանադրությունը արգելում է որևէ պատգամավորի զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ: Դուք նաև շատ լավ գիտեք, մենք այդ մասին հրապարակում արել ենք, դեռևս 2011 թվականին մենք ցուցակ ենք հրապարկել այն պատգամավորների, ովքեր համատեղում են պատգամավորական ստատուսը ձեռնարկատիրական գործունեության հետ: Այդ օրվանից սկսած` շատ բան չի փոխվել»,- հայտարարեց նա, ապա հարցրեց, թե ինչ վերաբերմունք ունի Գ. Սահակյանը նման իրողությունների նկատմամբ: «Հրապարակվել են տվյալներ ձեր անձնական մասնակցությամբ՝ տարբեր բիզնեսներում, օրինակ՝ գծատերերի բիզնեսի հետ կապված: Խնդրում եմ բացատրություններ տալ այդ մասին»,- շարունակեց ՀԱԿ խմբակցության ղեկավարը:
Ի պատասխան` Գալուստ Սահակյանն ասաց, թե բոլորը պետք է Սահմանադրության առջև հավասար լինեն: Նա նշեց, թե ինքը կողմ է, որ պատգամավորները օր ու գիշեր զբաղվեն պատգամավորական գործունեությամբ: «Օրենքը արգելում է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, չեմ տեսնում, չեմ կարող որևէ օրինակ բերել, բայց բաժնետեր կարող են լինել, դա օրենքը չի արգելում, դա գործունեություն չէ, նա պարզապես ներդրումներ է արել՝ մասնակից դառնալու տնտեսական համակարգին»,- նշեց Գալուստ Սահակյանը:
Ինչ վերաբերում է նրան, որ Սահակյանը գծատեր է, ապա նա հավաստիացրեց. «Իմ գծերի մասին ասեմ, որ ես դեռևս 92 թվականին եմ արձագանքել՝ այո, ես գիծ ունեմ, բայց քաղաքական գիծ: Աստված ձեր ձայնը լսեր, ու բիզնես ունենայի, ձեզ էլ եմ մաղթում, բոլորիդ: Ես որևէ բիզնեսից չեմ օգտվում, դրանից բան էլ չեմ հասկանում ու անհարմար վիճակում եմ դրանից»:
Լևոն Զուրաբյանն էլ արձագանքեց, որ եթե այդքան օրինապաշտ մոտեցումներ ունի, այդքան սկզբունքային է, ինչու՞ չի պայքարում նման պատգամավորների դեմ, ովքեր զբաղվում են ձեռնարկատիրական գործունեությամբ: «Կան հրապարակված փաստեր, բոլոր այս հրապարակված փաստերը ուսումնասիրելու, հանրությանը բացատրելու իրողությունը կարևոր է: Կան պնդումներ, արդյոք չե՞ք կարծում, որ առողջարար էֆեկտ կունենար ձեր կողմից բոլոր փաստերի ուսումնասիրման նախաձեռնությումը, այդ թվում՝ այն փաստերի, որոնք վերաբերում են անձամբ Ձեզ»,- նկատեց Զուրաբյանը:
Գալուստ Սահակյանն էլ ասաց, թե դա անհնարին առաջարկ է, որովհետև չկա մի մոդել, ըստ որի՝ հնարավոր կլինի պարզել այդ երևույթը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել