HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պարզաբանում է Գլխավոր դատախազությունը

«Առավոտ» օրաթերթի 2007 թվականի հունվարի 9-ի թիվ 1 (2867) համարում տպագրվել է հոդված «Վարորդին մոլորեցրել են» վերտառությամբ, որտեղ ներկայացվել են ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության օպերատիվ-հետախուզական վարչության պետ Շահեն Հովասափյանի սպանության փաստի առթիվ հարուցված քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված Արմեն եւ Գուրգեն Վիրաբյանների պաշտպան Հովիկ Արսենյանի դիտարկումները նշված քրեական գործի վերաբերյալ:

Հարգելով հասարակության ճշգրիտ եւ ստուգված տեղեկատվություն ստանալու իրավունքը՝ հարկ ենք համարում տեղեկացնել, որ փաստաբան Հ.Արսենյանը «Առավոտ» օրաթերթի լրագրողին տրամադրել է ոչ ճիշտ տեղեկատվություն: Մասնավորապես՝ փորձելով հիմնավորել իր պաշտպանյալների անմեղությունը Հ.Արսենյանը նշել է, մեջբերում եմ՝ «...Վարորդը տեսնելով, որ Վիրաբյաններին պահում են միայն իր ցուցմունքի հիման վրա, դիմել է նախաքննություն իրականացնող մարմնին՝ փորձելով նորից ցուցմունք տալ ու ճշտում անել իր նախկին ցուցմունքներում, բայց նրան հրաժարվել են հարցաքննել...», ինչը իրականությանը չի համապատասխանում:

Շ.Հովասափյանի վարորդը՝ Ա.Չարչյանը, երբեւէ գրավոր կամ բանավոր չի դիմել նախաքննական մարմնին՝ իրեն լրացուցիչ հարցաքննելու խնդրանքով, հետեւապես այն չէր կարող մերժվել: Նա վերջին անգամ հարցաքննվել է 2006 թվականի նոյեմբեր ամսին եւ պնդել իր նախկինում տված ցուցմունքները եւ չի հայտնել նախորդ ցուցմունքներին հակասող որեւէ հանգամանք: Ավելին, Ա.Չարչյանը բազմիցս առերես հարցաքննվել է նաեւ Վիրաբյանների հետ: Ցուցմունքների բովանդակությունը, ինչպես նաեւ նախաքննության ընթացքում ձեռք բերված այլ տվյալները նախաքննական մարմինը չի հրապարակում քննության շահերից ելնելով:

Փաստաբան Հ.Արսենյանը 19.09.2006թ. քննիչի կողմից նախազգուշացվել է առանց դատախազի կամ քննիչի թույլտվության քրեական գործի նախաքննության տվյալները հրապարակելու անթույլատրելիության մասին եւ գուցե դա է պատճառը, որ Հ.Արսենյանը զանգվածային լրատվության միջոցներին տրամադրում է իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն:

Նախաքննության մարմինը պատրաստվում է միջնորդագիր ներկայացնել ՀՀ փաստաբանների պալատին՝ փաստաբան Հ.Արսենյանի կողմից նախաքննության տվյալները աղավաղելու փաստի առթիվ:

Սոնա Տռուզյան 
ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter