HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՕԵԿ-ն ու ԲՀԿ-ն առայժմ չեն որոշել՝ մասնակցելո՞ւ են ԱԺ նախագահի թեկնածուի ընտրություններին, թե՞ ոչ

Ազգային ժողովի երկու խմբակցությունները՝ ՕԵԿ-ն ու ԲՀԿ-ն, առայժմ չեն որոշել՝ մասնակցելո՞ւ են ԱԺ նախագահի թեկնածուի ընտրություններին, թե՞ ոչ:

ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը հայտարարեց, որ կան երեք արժանի, փորձառու թեկնածուներ, ովքեր արժանի են զբաղեցնել ԱԺ նախագահի պաշտոնը: Անդրադառնալով բոլոր թեկնածուներին՝ նա ասաց, որ նրանք բոլորն էլ փորձառու են ու արժանի են դառնալ Ազգային ժողովի նախագահ, ապա նշեց, թե վաղը իրենք կգումարեն խմբակցության նիստ ու կհայտնեն իրենց դիրքորոշման մասին:

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ ասաց, որ քանի որ ստեղծվել է նոր իրավիճակ, ԲՀԿ-ն դիրքորոշում կարտահայտի խմբակցության վաղվա նիստից հետո: «Մենք հիմա լսեցինք երեք ծրագիր, կային բավական հետաքրքիր առաջարկներ, որոնք համահունչ են այն բազմակի պնդումներին, որ օրենսդրական նախաձեռնությունները պարտադիր կարգով քննարկենք, սա նաև մեր մոտեցումն է: Անկեղծ ասեմ՝ քառյակը միասնական թեկնածուով հանդես գալու հարցը չի քննարկել: Մենք տեղյակ էինք, որ «Ժառանգությունը» թեկնածու կառաջադրի Ռուբեն Հակոբյանին, բայց մեզ համար անակնկալ էր Հրանտ Բագրատյանի ինքնառաջադրումը: Անկեղծորեն հասկանում ենք, որ երկրի առջև ծառացած խնդիրները սրանով չեն լուծվում, ԱԺ նախագահի ընտրությամբ չէ, որ լուծվում են հարցերը: Գիտենք, թե որտեղ են լուծվում, գիտենք նաև, որ քաղաքական մենաշնորհ ունի մեկ քաղաքական ուժ ու ցանկացած նախաձեռնութուն անցկացնելու հնարավորություն ունի: Քանի որ ստեղծվեց նոր իրավիճակ ու, կրկնում եմ, քառյակը չէր քննարկել այս հարցը, ԲՀԿ-ն կանդրադառնա այս հարցին վաղն ու կարտահայտի իր դիրքորոշումը»,- հայտարարեց Զոհրաբյանը: 

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ ասաց, թե ճիշտ կլինի, որ հաղթող թեկնածուն նկատի ունենա խորհրդարանի դերը բարձրացնելու մասին առաջարկները: «Մենք նույն կերպ ենք վարվելու. չենք մասնակցելու քվեարկություններին, որովհետև դրանք այն պայմաններում, որում իրականացվում է, կանխորոշված են: Հայտնի է, թե արդյունքներն ինչպիսին են լինելու, ուստի ձեռնպահ ենք մնում մասնակցելուց: Մենք կհամագործակցենք այնքանով, որքանով դրանք կբխեն մեր հայտարարած սկզբունքներից: Հաջողություն եմ մաղթում հաղթողին: Խնդրում ենք՝ ըմբռնումով մոտենալ մեր այս դիրքորոշմանը»,- ասաց նա:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էլ ավելի վաղ լրագրողների հետ զրույցում ասել էր, որ իրենք չեն մասնակցի քվեարկությանը:  

Մեկնաբանություններ (1)

henri
Չեմ հասկնար,ինչու այդչափ կարեւորութիւն կու տաք այդ զոյգ ԵՐԵՍՓՈԽԱՆՆԵՐՈՒՆ ` այսինքն ԵՐԵՍ ՓՈԽՈՂՆԵՐՈՒՆ ? Բարոյական ինչ արժէք կը ներկայացնեն երբ ամէն ռոպէ պատրաստ են դաւաճանելու իրենց համակիրներու կռնակէն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter