
Ես նորից «փախուստի» եմ պատրաստվում
Մհեր Ենոքյան, «Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից
Խնդրում եմ իրավապահներին չանհանգստանալ՝ վերնագիրը կարդալով: Ես ամեն օր եմ կատարում մտովի փախուստ բանտից՝ հայտնվելով ֆիզիկական ազատության մեջ: Իսկ ապրիլի 30-ին, ժամը 1-ին դարձյալ մտովի փախուստ կատարելով կլինեմ Երևանի Բուզանդի փողոցի վրա՝ Նորարար փորձառական արվեստի կենտրոնում, որտեղ և կհանդիպեմ իմ ծանոթ-անծանոթ բարեկամներին: Ասում եմ՝ բարեկամներ, որովհետև գրեթե բոլորին ճանաչում եմ, թեկուզ հեռակա. մի փոքր ուշացումով կարդում եմ Ձեր արձագանքները, մեկնաբանությունները իմ հոդվածների տակ, մտովի զրուցում Ձեզ հետ: Լավ է, որ գոնե բանտերում թուղթ ու գրիչի միջոցով կարողանում ենք շփվել Ողջերի զուգահեռ աշխարհում ապրողների հետ:
Եվ այսպես՝ նշված օրը լույս աշխարհ կգա 23 տարի սովետական բանտում անցկացրած Հենրիկ Շաթիրյանի «Խարան» վեպի ռուսերեն թարգմանությունը: Այս գիրքը ամենածայրահեղ իրավիճակներում ՄԱՐԴ մնալու մասին է: Մոտ մեկ ու կես տարի առաջ մեր սիրելի դերասան Վարդան Պետրոսյանը նվիրեց ինձ գիրքը: Ինքն անձամբ ծանոթացել էր հեղինակի հետ նրա մահվանից առաջ, հրատարակել «Խարանը»: Բանասեր, հայագետ Արծվի Բախչինյանից իմացա, որ ինքն էլ է կարդացել այդ վեպը: Արծվին առաջարկեց ինձ թարգմանել այն ռուսերեն: Վարդանն էլ արդեն պատմել էր, որ ժամանակին Հենրիկ Շաթիրյանն իրեն ասել էր՝ եթե ռուսերեն թարգմանվի գիրքը, կուզեմ այդ գործն անի բանտ կոչվող դժոխքի միջով անցած մարդ: Հասկացա, որ ես լավ թեկնածու եմ թարգմանչի համար: Անցա գործի: Սակայն հարց էր, թե ինչպես պիտի այն տպագրել:
Մի օր «Անկախ» թերթում կարդացի մաթեմատիկոս Գուրգեն Մարտիրոսյանի հարցազրույցը, ով պատմում էր իր տպավորությունների մասին, երբ «Նուբարաշեն» կլոր բանտի 3-րդ հարկի համար 52 խցի դուռը բացվեց և ես ներս մտա: Գուրգենը ճակատագրի բերումով քաղաքական դրդապատճառներով 1996 թ-ին հայտնվել էր բանտում: Ուրախացա կարդալով այդ հոդվածը, քանի որ երկար տարիներ լուր չունեի նրա մասին: Վերջապես լսափողի մեջ լսում եմ շատ հարազատ ձայն՝ Գուրգենի ձայնն է: Հիշողություններս տեղափոխվում են հեռավոր 1990-ականները: Համար 52-ում մոտ 20 մարդ կա, սակայն խուցը նախատեսված է առավելագույնը 12 մարդու համար: 20 քմ-ի մեջ 20 տղամարդ, այսինքն՝ ամեն մեկին 1 քմ: Միանգամից հիշեցի Հենրիկ Շաթիրյանի նկարագրած սովետական բանտը. ոչ մի տարբերություն այսօրվա անկախ Հայաստանի բանտից:
Հուզված էի, բայց շարունակում էի խոսել: Գուգենի ձայնը լսում էի ազատությունից: Օրեր անց իմացա, որ նա ցանկանում է աջակցել գրքի կազմմանն ու տպագրությանը:
Լինո՞ւմ են արդյոք այսպիսի պատահականություններ. «Խարանը» լույս աշխարհ բերող գրեթե բոլոր մասնակիցները, ցավոք, անձամբ են ճանաչում բանտը ներսից: Այժմ էլ Վարդան Պետրոսյանն է ողբերգության պատճառով հայտնվել կալանավայրում:
Ես, թերևս, միակ հեղինակն եմ, ով իր իսկ գրքերի շնորհանդեսներին ներկա չի լինում… դե՛ռ ներկա չի լինում: Տեսնե՞ս որերրոդ գրքիս շնորհանդեսին կմասնակցեմ ֆիզիկապես: Մինչ այդ ես Ձեր մեջ կլինեմ՝ մտովի փախուստ կատարելով բանտից:
Ուրեմն՝ ապրիլի 30-ին, ժամը 1-ին ժամադրում եմ Ձեզ Բուզանդի փողոցում (թեպետ ինքս լավ չեմ հիշում այդ վայրը, եթե չեմ սխալվում, Վերնիսաժի մոտ է): Դուք հրավիրված եք «Խարանի» ռուսերեն հրատարակության շնորհանդեսին, որին ներկա կլինեն նաև Հենրիկ Շաթիրյանի երեխաները: Գրքի ստեղծմանը նպաստողներ, իմ հրավերն ընդունողներ, Շնորհակալություն բոլորիդ:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել