
Նախկին մարզպետը Կապանի ջրամատակարարման ակունքներում նոր հանք է հետախուզում
Մարինե Մարտիրոսյան
Վահե Սարուխանյան
Կապանի բնակիչները քաղաք եկած հյուրերին կարող են հպարտությամբ ներկայացնել բնությունը, ձորերի հատակով անցնող գետերը, քաղաքի պատմությունը: Եվ, թերևս, այսքանը: Քաղաքում վաղուց արդեն չեն խոսում ջրի բարձր որակի մասին, հյուրերին շտապում են ասել, որ ջուրն առաջվա պես «քաղցր» չէ: Պատճառը ոսկու տենդն է:
Դեռևս 2008թ. Կապանի տարածաշրջանի Նոր Աստղաբերդ համայնքի վարչական տարածքում երկրաբանական ուսումնասիրությունների արտոնագիր էր ստացել «ԲԱՄՕ Մետալ» ՍՊԸ-ն: Հետախուզությունը նախատեսված էր իրականացնել 4 տարում: Այս համայնքում են գտնվում քաղաքի խմելու ջրի ակունքները: Այդ ժամանակ կապանցիները սկսեցին դժգոհել խմելու ջրի որակից, ասում էին, որ ծորակից երբեմն հոսում էր ժանգագույն ջուր:
Տեղի հասարակական կազմակերպություններն էլ 2012թ. օգոստոսի 1-ին բաց նամակով դիմեցին ՀՀ նախագահին՝ խնդրելով կասեցնել «ԲԱՄՕ Մետալ»-ի արտոնագիրը: Այս նույն ժամանակահատվածում ընկերության գործունեության մասին իր բացասական վերաբերմունքն էր հայտնում նաև Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը՝ հավաստիացնելով, որ ջրի խնդիրն իր հսկողության տակ է: Նա հայտարարություններ էր անում, ջրի աղտոտվածության դեմ պայքարողների շարքում էր, նույնիսկ մամուլում ասել էր, որ Կապանի ջուրն աղտոտվել է ոչ թե հեղեղումների, այլ «ԲԱՄՕ Մետալ»-ի գործունեության հետևանքով:
Սակայն նախկին մարզպետի՝ մաքուր ջրի համար մղած «պայքարը» երկար չտևեց: «ԲԱՄՕ Մետալ»-ի արտոնագիրն ավարտվեց 2012թ. հոկտեմբերի 5-ին: Նույն թվականի դեկտեմբերի 17-ին Սուրիկ Խաչատրյանն Արարատ Վեզիրյանից գնեց «Գեղի Գօլդ» ՍՊԸ-ի բաժնետոմսերի 51 տոկոսը, իսկ 49 տոկոս բաժնեմասը Վարդան Բարսեղյանինն է: Այս նույն անձը 50 տոկոս բաժնեմաս ուներ Մաքսիմ Հակոբյանին վաճառված ընկերությունում՝ «Լեռ-Էքս»-ում (մյուս 50 տոկոս բաժնեմասը պատկանում էր Սուրիկ Խաչատրյանին): Այսօր արդեն «Գեղի Գօլդ»-ը վարձակալել է այն տարածքը, որտեղ ոսկու որոնողական աշխատանքներ էր իրականացրել «ԲԱՄՕ Մետալ»-ը:
Ձնհալին սպասելիս
Նոր Աստղաբերդ համայնքի ղեկավար Սուրիկ Թևանյանն ասում է, որ տեղանքում գործող երկու ընկերություններից միայն «Լեռ-Էքս»-ն է այժմ երկրաբանական ուսումնասիրություններ կատարում, իսկ մյուս ընկերությունը՝ «Գեղի Գօլդ»-ը, սպասում է ձնհալին: «Ուղղակի հիմա սարերում ձյուն է, հետախուզական աշխատանքներ չեն ծավալում: Իսկ սարերը համարյա 2800-3000 մ բարձրության վրա են»,- նշում է համայնքի ղեկավարը:
Նրա ասելով՝ այն տեղանքը, որտեղ ընկերությունը հետախուզություն կանի, անվանում չունի, այն ավելի մոտ է Նախիջևանի սահմանին, իսկ Նոր Աստղաբերդից գտնվում է մոտավորապես 30 կմ հեռավորության վրա՝ Նոր Աստղաբերդ և Գեղի համայնքների խաչմերուկում:
Ս. Թևանյանը կարծում է, որ եթե հանքավայրը սկսեն շահագործել, պոչանքների մեծ հոսք է լինելու դեպի գետ, բայց քանի որ այս պահին դեռ արդյունահանում չի սկսվել, չի կարող ասել, որ գետն աղտոտվում է: Նա նաև ենթադրում է, որ «ԲԱՄՕ Մետալ»-ը չի երկարաձգել արտոնագիրը, քանի որ տեղանքում հումք չի գտել: «Դե, հըլը «Գեղի Գօլդ»-ն էլ չգիտեմ, եթե հումք չլինի, կարող ա դադարեցնի»,- նկատում է նա:
Համայնքի ղեկավարը դեմ կլինի հանքի շահագործմանը
Սուրիկ Թևանյանն ասում է, որ իր ղեկավարած համայնքն «ամենաքյասիբն» է, և մինչեւ 2008թ. իրենց տեղը ոչ մեկը չգիտեր: Համայնքն ունի հաշվառված 97 բնակիչ, 67 տնտեսություն: Ամռան ամիսներին համայնքի բնակիչների թիվն ավելանում է: «Էս ժողովուրդն աշխատանք չունի: Մի ժամանակ սկսել էին հիդրոկայաններ աշխատեցնել, գյուղացիները սկսել էին մի քիչ զբաղվել, հիմա էլ հանքերն են աշխատում, գյուղի տեսքն արդեն գալիս ա իր տեղը՝ ջրագիծ են քաշել, ճանապարհներն են լայնացնում, երկարացնում, այսինքն՝ աշխատանք կա, բայց ես դեմ եմ, էլի, որ էկոլոգիային, էդ ջրին վնասեն: Առաջնահերթ մեր համայնքով է հոսում այդ գետը: Ես իմ ընտանիքով էդտեղ եմ բնակվում, ես սնվում եմ էդ ջրից»,- ասում է նա:
Զրուցակիցս ավելացնում է, որ այս պահին դեռ վտանգ չկա, բայց եթե սկսեն հանքաքար հանել, ինքը պայքարելու է բնության պահպանման համար: «Ես էլ սկսելու եմ պայքարել էկոլոգիայի համար, երևի ես էլ մտնեմ էդ Կանաչների միություն, եթե սկսեն փչացնել բնությունը, բայց դե էդ մակարդակի չեն, որ տան-փչացնեն բնությունը,- ընդգծում է նա, հետո ավելացնում,- էդ ձորում, ի վերջո, մենք ենք ապրելու, եթե սկսեն ավերակ անել, հենց խաչմերուկում պիտի դուռը փակեն ու ասեն, որ էստեղ ոչ թե սանիտարական, այլ արգելված գոտի է»:
Համայնքը դատի է տվել «ԲԱՄՕ Մետալ»-ին
Համայնքի ղեկավարի խոսքով՝ մեկ շաբաթ առաջ իրենք դատական հայց են ներկայացրել «ԲԱՄՕ Մետալ»-ի դեմ՝ համայնքի 2 տարվա պարտքը բռնագանձելու համար: Ս. Թևանյանն ասում է, որ ընկերությունը համայնքին երկու տարի չի վճարել պետական սեփականության հողերի վճարը, որը կազմում է մոտավորապես 13 մլն 700 հազար դրամ:
«Կարծեմ կառավարության 2010թ. որոշմամբ էր, որ մարզային նշանակության հողերը տվել են համայնքին որպես պետական սեփականություն: Իսկ «ԲԱՄՕ Մետալ»-ի` պետական սեփականության հողերի պարտքը կազմում է մոտավորապես 13 մլն 700 հազար դրամ: Այդ գումարը պետք է վճարվեր գյուղապետարանի բյուջե»,- պարզաբանում է համայնքի ղեկավարը:
Համայնքի ղեկավարը մի քանի անգամ զանգահարել է «ԲԱՄՕ Մետալ»-ի գրասենյակ, որտեղ նախ ասել են, թե «հեսա կանենք, մեր յուրիստին ենք տրամադրել», ապա նշել են, որ համայնքի հետ ոչ մի պայմանագիր չունեն, հետևաբար պարտք չի կարող լինել: Իսկ «Գեղի Գօլդ»-ը, ըստ նրա, տարեկան վճարում է մոտ 925.000 դրամ:
Ամբողջ տարածաշրջանը կարող է կանգնել էկոլոգիական աղետի շեմին
Շաբաթներ առաջ մենք այցելել էինք Նոր Աստղաբերդ համայնք, բարձրացել էինք մինչև Կապանի խմելու ջրի ջրհավաք ավազան, որի հարևանությամբ գտնվում է սահմանապահ զորամասը:
Ջրհավաք ավազանը, որտեղից ջուրը մտնում է խողովակի մեջ, տեղակայված է հենց այնտեղ, որտեղ Նախիջևանի սահմանից եկող վտակը միանում է Գեղիին: Ու չնայած երկուսն էլ սկիզբ են առնում Զանգեզուրի լեռնաշղթայից, բայց հարևանությամբ ծառայող զինվորների ասելով` տաք եղանակին նկատելի է, որ վտակն ավելի մաքուր է, քան ինքը` Գեղին, որի ակունքների մոտ գտնվում է հետախուզման վայրը, և տեխնիկա է աշխատում:
Այս տեղանքից հետո ճանապարհն աստիճանաբար դառնում է զառիթափ և դժվարանցանելի: Զինվորների ասելով` այդ ճանապարհով տրակտոր է գնացել-եկել: Քանի որ սարերում դեռ ձյուն է, շարժը դադարել է, սակայն տաքերն ընկնելուն պես տեխնիկան նորից կբարձրանա վեր:
Նոր հնարավոր հանքը իսկական աղետ կարող է դառնալ բոլոր նրանց համար, ում այս ավազանից խմելու ջուր է մատակարարվում: Այդ դեպքում ավազանում ոչ թե խմելու ջուր է հավաքվելու, այլ ինչ-որ խառնուրդ:
Ընդ որում` բացի ջրհավաք ավազան մտնելուց` նման բաղադրությամբ Գեղին հոսելու է մինչև միջպետական ճանապարհ` այդ ընթացքում իր աղտոտված ջուրը տալով ձորում տեղակայված գյուղերին, իսկ հետո էլ` թափվելով Ողջի:
Կապանի «Կայուն զարգացում» ՀԿ-ի նախագահ Արմեն Փարսադանյանի խոսքով՝ մասնագիտական խորը գիտելիքներ պետք չեն բնապահպանական ռիսկերը կանխատեսելու համար: Նա նշում է, որ Կապանի խմելու ջրի ավելի քան 90 տոկոսը մատակարարվում է հենց այդտեղ գտնվող ջրավազանից: Այն քաղաքի խմելու ջրի միակ աղբյուրն է: Հետևաբար, այդտեղ հանք բացելը կլինի բնապահպանական աղետ բնակչության համար: «Անթույլատրելի է անգամ հետախուզական աշխատանքների իրականացումն այդ տեղանքում, քանի որ այդ աշխատանքների ընթացքում վնասում են նաև բնական հողածածկը, որը հանդիսանում է բնական ֆիլտր ստորգետնյա և մակերևութային ջրերի համար, այսինքն՝ որևէ աշխատանք իրականացնելն այդ վայրում անթույլատրելի է»,- նկատում է բնապահպանը: Նա բացառում է հանքի թե՛ շահագործումը, թե́ դրա համար տարվող հետախուզական աշխատանքները՝ ավելացնելով. «Կապանի ժողովուրդը պետք է ոտքի կանգնի այդ նախաձեռնության դեմ, որովհետև մենք այլընտրանք չունենք»:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել