HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«Ցրտից գժվում ենք»

Վահե Սարուխանյան
Արարատ Դավթյան

Արմանը

43-ամյա Արմանը (Արման Կարապետյան), իր պատմելով, բնակվում է շենքերի ձեղնահարկերում: Նրան հանդիպեցինք Թամանյանի արձանին հարակից պուրակում: Աջ ձեռքն այրված էր:

 «Էրեկ շատ էի մրսում... Կրակ վառեցի ու ես էլ վառվեցի, սաղ դակումենտներս վառվեցին»,- ասում է Արմանն ու ցույց տալիս այրված ձեռքը:

«Կոմունիստների ժամանակ տունս ծախել, գնացել եմ Բելառուս, չորս տարի առաջ եմ եկել ու մնացել եմ փողոցում, որովհետեւ «լավ» բարեկամներ ունեմ: Ախպերս Կրասնոդարից գումար ա ուղարկում, հորեղբայրս «ուտում» ա, նա ախպորս խաբում ա, թե ես իրա տանն եմ մնում,- պատմում է Արմանը:-Ես Բելառուսում կին եմ ունեցել: Ազգությամբ բելառուս էր, էրեխեք չունեինք, ինքը հիվանդ էր... Իրար հետ չորս տարի ապրել ենք, հետո ընտանեկան վիճակս վատացավ, հարաբերություններս կնոջս հետ լարվեցին, էկա Հայաստան ու մնացի: Չբաժանվեցի, ուղղակի իրա բարեկամները համը հանեցին»:

Մեր զրույցի ընթացքում Արմանն անընդհատ նշում էր փողի կարիքի ու «լավ» բարեկամների մասին. «Ես ըստեղի քաղաքացի չեմ: Ինձ փող ա պետք, որ գնամ-հասնեմ Բելառուս»:

Արմանը շտապում էր: Պայմանավորվեցինք զրուցել հաջորդ օրը: Բայց նրան այլեւս չհանդիպեցինք:

Վիկան ու Սերյոժան

«Ես ռուս եմ, 54 տարեկան եմ, նախկին ռուս ամուսնուս հետ Հայաստան եմ եկել 1971-ին Դոնեցկից: Սկզբում ապրում էինք Մաշտոցի փողոցի վրա, հետո՝ Արեշում,- պատմում է արդեն երեք տարի անօթեւան Վիկա Սերեբրյակովան:- Արեշի բնակարանը ծախեցինք, որ գնանք Սիբիր՝ ամուսնուս՝ Վովայի տուն: Տունը ծախեցինք, երկու սենյականոց բնակարան գնեցինք մետրոյի «Զորավար Անդրանիկ» կայարանի մոտ: Հետո այդ բնակարանը ծախողները փաստաթղթերի ձեւակերպումների մեջ խաբեցին մեզ, մի սենյակը մեր ձեռքից խլեցին: Այդ ժամանակ էլ սկեսուրս ու տալս մահացան: Վերջը մենք մնացինք փողոցում, ամուսինս սկսեց իր կյանքով ապրել, հիմա ընկերոջ մոտ է, իսկ ես 2004-ին ծանոթացա Սերյոժայի հետ»:

Վիկան ու Սերյոժան ապրում են կայարանից հրապարակ տանող Տիգրան Մեծի պողոտայի կամրջի մոտ գտնվող ցամաքած լճի ափին՝ բաց երկնքի տակ:

«Միակ տղաս Դոնեցկում է: Նա Հայաստան չի եկել, ժամանակ առ ժամանակ միայն մեզ այցելելու է եկել: Հիմա իմ մասին տեղեկություն չունի, արդեն քանի տարի է իրար հետ կապ չունենք` ո՛չ գրում ենք, ո՛չ զանգում»,- շարունակում է իր պատմությունը Վիկան:

«...Շշեր, կոշիկներ, հարուստները ինչ ասես գցում են, մենք էլ հավաքում ենք, հանձնում «քրջի բազարում» ու այդպես ապրում ենք»,- ասում է Վիկան ու ցույց տալիս շուրջը թափթփված առարկաները: Մի պահ նա հրաժարվում է լուսանկարվել՝ ասելով, որ դեմքն ու ձեռքերը մրից սեւացել են: Հետո համաձայնում է, առաջարկում լուսանկարել նաեւ իրենց «ունեցվածքը»՝ շշեր, բանկաներ, ստվարաթղթե արկղեր, ձյան վրա փռած մի երկու վերարկու, կոշիկներ, ցամաքած լճի ափի ուռենու ճյուղերից կախված կանացի հագուստներ, անձրեւանոց, արհեստական ծաղիկներ, խաղալիքներ... մի խոսքով` ամեն ինչ:

«Թող մեր նախագահն իր վարորդին ուղարկի ու տեսնի, թե իր մարդիկ ինչպես են ապրում,- վրդովված ասում է 54-ամյա կինը:- Գիշերը սառում ենք, չգիտենք՝ ինչ անենք, ցրտից գժվում ենք...»:

Շուտով մեզ միացավ նաեւ Սերյոժան: Սկզբում նա չցանկացավ պատմել իր մասին, բայց հետո տեղի տվեց:

«Էրկու ձմեռ է էստեղ եմ մնում: 2004-ից կնոջս հետ չեմ, բայց բաժանված չեմ: Տուն, տեղ, ամեն ինչ էլ կա, խմելու հետեւանքն է, որ դրսում եմ հայտնվել: Էրեխեքիս ամուսնացրել եմ, Արարատում տուն ունեմ... Տղես Արարատում է ամուսնացած, աղջիկս էլ Երեւանում է ամուսնացած, ասում են՝ արի տանենք, չեմ գնում, հարցեր կան, ուղղակի այդ հարցերը իմ սրտի մեջ են, ու ես չեմ ուզում, որ մեկն իմանա...»,- ասում է 50-ամյա Սերյոժա Ավագյանը:

«Իմ պատմությունը լրիվ ուրիշ է, ես ոչ մեկին չեմ կարող պատմել իմ ընտանեկան կյանքի պատմությունը... Չեմ կարող ասել, թե խի եմ փողոցում հայտնվել,- կցկտուր ասում է Սերյոժան, բայց քիչ անց բացում է «փակագծերը»,- ես Վիկայի հետ Չորրորդ գյուղի կացարանում էի մնում, հետո կինս Լեհաստանից եկավ, ինձ մեքենայով տարան, երեք ամիս մնացի... Ու նորից նույն պատմությունը սկսվեց, ես թքեցի ու հեռացա... Պատճառը բաջանաղս է, նա խառնում է...»:

«Ամբողջ Ղարաբաղում էղել եմ, էրկու անգամ վիրավորվել եմ, ոչ մի թոշակ չեմ ստանում, հաշմանդամության կարգ էլ չունեմ... Ու՞մ դիմեմ, ի՞նչ դիմեմ...»,- ասում է նախկին զինվորը:

Սերյոժան ասում է, որ շուտով գործ կլինի իր համար, ու այլեւս դրսում չեն մնա. «Մի քիչ էս ցրտերին որ դիմանանք, հետո գործ կլինի, վարձով կապրենք: Նոր տարուց հետո կանչելու են շինարարության վրա աշխատեմ 3000 դրամով: Ես ինձ թույլ չեմ տա, որ էրեխեքս օգնեն. փոխանակ ես օգնեմ, իրա՞նք պիտի ինձ օգնեն...»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։