HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՅԴ. «Պետք է արմատական բարեփոխմամբ անցում կատարել խորհրդարանական կառավարման»

Այսօր ԱԺ նիստում ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը հայտարարություն է արել սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորեւ.

«Հարգելի խորհրդարան,

Հանրապետության նախագահի ստեղծած մասնագիտական հանձնախումբը Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգ է մշակել: Փորձել են վեր հանել ներկայիս համակարգում առկա բացերն ու թերությունները և դրանք վերացնելու առաջարկներ ներկայացնել: Մի դեպքում՝ բարելավել գործող կիսանախագահական համակարգը, մյուս դեպքում՝ անցում կատարել խորհրդարանականի, քանի որ կիսանախագահականի պարագայում հնարավոր չէ բոլոր հարցերին լուծում տալ: Հայեցակարգի հիմնարար դրույթների վերաբերյալ իր անձնական մոտեցումներն է շարադրել Հանրապետության նախագահը:

Այժմ, մինչև հուլիսի 1-ը, պետք է քննարկումներ տեղի ունենան  հասարակական տարբեր շրջանակների և քաղաքական ուժերի հետ, որից հետո մասնագիտական խումբը ընտրություն է կատարելու երկու հիմնական ուղղությունների միջև:

Ի՞նչ ունենք այսօր: Քաղաքական ուժերի մի մասը կարծում է, որ երկրում սոցիալ-տնտեսական բազմաթիվ խնդիրներ կան, և սահմանադրական փոփոխությունները առաջնահերթություն չեն: Նրանք առաջարկում են հետաձգել հարցը՝ հանգուցալուծումը թողնելով ապագա ընտրությունների արդյունքում ձևավորվելիք իշխանություններին:

ՀՅ Դաշնակցության մոտեցումն այլ է: Մենք կարծում ենք, որ առկա խնդիրների գլխավոր պատճառներից մեկը հենց կիսանախագահական մոդելի՝ մեր իրականության մեջ ձևախեղված դրսևորումն է, և պետք է արմատական բարեփոխմամբ անցում կատարել խորհրդարանական կառավարման:

Մենք համոզված ենք, որ իշխանության գերկենտրոնացումը վտանգավոր է ժողովրդավարական ավանդույթներ չունեցող երկրներում:

Մի մեջբերում ֆրանսիացի հայտնի սահմանադրագետ Վեդելից. «Մեծամասնության ղեկավարը լինելու դեպքում Ֆրանսիայի նախագահը իր ձեռքում կենտրոնացնում է ԱՄՆ նախագահի և Բրիտանիայի վարչապետի լիազորություններն ու իշխանությունը, իսկ համակարգը դառնում է ուլտրանախագահական»: Ասված է ճշգրիտ մեզ համար:

Անցումը խորհրդարանական համակարգին զսպումների և հակակշիռների մեխանիզմներ կստեղծի, կապակենտրոնացնի իշխանությունը, գործադիրը պատասխանատվություն կկրի խորհրդարանի առջև, կոլեգիալ կառավարումը ճկուն, թափանցիկ կդարձնի պետական համակարգը:

Քաղաքական ուժերին և հանրությանը մենք կոչ ենք անում՝ մինչև հուլիսի 1-ը ակտիվորեն ներգրավվել քննարկումներում և ապացուցել, որ խորհրդարանական կառավարումը, հավասարակշռելով և հասարակության դերակատարությունը մեծացնելով,  իշխանության անընդմեջ վերարտադրություն թույլ չտալու իրական հնարավորություն է: Միայն այդպիսի ակտիվությունը մասնագիտական հանձնախմբի ինը անդամներին կթելադրի երկրի ապագայի հանդեպ պատասխանատու որոշում կայացնել:

Եթե, այնուամենայնիվ, նրանք կգնան կիսանախագահականը բարեփոխելու, մեր կարծիքով, կոսմետիկ և սխալ ճանապարհով, հուլիսի 1-ից հետո բոլորս միասին կարող ենք մերժել ու անտեղի համարել Սահմանադրական բարեփոխումները»: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter