HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետը հակված է կուտակային կենսաթոշակների հարցը լուծել մինչև հունիսի 30-ը

Ազգային ժողովում այսօր քննարկման դրվեց ««Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հայտարարեց, որ նախագիծը ներկայացվեց նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողմից վերջին օրերին իրականացված քննարկումների արդյունքում:

Նա նշեց, որ կառավարությունն այս նախագիծը համարում է առաջին քայլ, մոտեցում՝ առկա խնդիրներին ամողջական լուծում տալու ճանապարհին: «Դուք տեղյակ եք վարչապետի մոտեցումներին, ըստ էության, այն հիմնական ուղերձները, որոնք ներկայացվեցին, հետևյալն են. կենսաթոշակային բարեփոխումները կենսական անհրաժեշտություն ունեն, պարտավոր ենք ապահով ծերություն ապահովել բոլորի համար, պետք է ներկայացվի օրենքի նախագիծ, որով կկասեցվի տույժերի հաշվարկը, ընդունելի կլինի հասարակության լայն շերտերի համար»,- նշեց նախարարը:

Ըստ նրա՝ որպեսզի իրենք կարողանան հետագա քայլերը կազմակերպել, որպես առաջին քայլ` բացի նախագծից ևս մեկ անգամ բոլոր խմբակցություններին առաջարկել են ձևավորվող աշխատանքային խմբում ներկայացնել իրենց թեկնածուներին:  

Օրենքի նախագծով առաջարկվում է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 87-րդ հոդվածը լրացնել հետևյալ նոր բովանդակությամբ. «Օրենքի 76-րդ հոդվածը ուժի մեջ է մտնում սեպտեմբերի 30-ից: Սա նշանակում է, որ ՍԴ որոշումից հետո ընկած ժամանակահատվածում անձը ազատվում է պարտադիր կուտակային վճարը չկատարելու կամ ուշացումով կատարելու համար օրենքով պատասխանատվություն կրելուց»:

Արտեմ Ասատրյանը կարևորեց նաև Հովիկ Աբրահամյանի «պարտադիր, բայց ոչ պարտադրված» արտահայտությունը: Նա նշեց, որ նախկին համակարգը կենսաթոշակը հաշվարկում էր աշխատանքային ստաժ գրանցելու միջոցով, ինչը արդյունավետ չէր, չկար այն հարցի պատասխանը, թե ինչո՞ւ պետք է տարբեր աշխատավարձ ստացող անձինք չունենան տարբերակված թոշակ: Ուստի, նրա համոզմամբ, համակարգային փոփոխություններն անհրաժեշտ են:

«Որևէ կողմ կարծես չի քննարկում այն խնդիրը, որ փոփոխության անհրաժեշտություն չկա: Կան խնդիրներ, որոնք պետք է համապատասխան լուծումներ ստանան, ի վերջո, կենսաթոշակային համակարգը ապահովում է քաղաքացու բարեկեցիկ ծերությունը: Վստահ եմ, որ պետք է կարողանանք գտնել համատեղ տարբերակ, որոնք բոլոր կողմերի համար ընդունելի կլինեն»,- հավելեց նա:

Գործող համակարգի շրջանակներում, Ա. Ասատրյանի խոսքով, այն գումարները, որոնք փոխանցվել են, վճարումները, որոնք կատարվել են, օրենքով սահմանված կարգով կառավարվում են, ձևավորում են լրացուցիչ եկամուտներ աշխատակիցների համար: «Մյուս կողմից` հասկանում ենք, որ խնդիրը պետք է ունենա ամբողջական լուծում և պատրաստակամ ենք բոլոր կողմերի հետ քննարկել խնդիրները»,- եզրափակեց նա:

ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը հետաքրքրվեց, թե արդյոք վերադարձվելո՞ւ են այն քաղաքացիների գումարները, ովքեր պարտադրված փոխանցել են դրանք: Պատգամավորը նաև ասաց, որ կառավարությունը մինչ սեպտեմբերի 30-ը փաստացի կասեցրել է պարտադիր բաղադրիչը, ապա հարցրեց, թե կառավարության նոր փաթեթի դեպքում ի՞նչ հիմքեր կան, որ դրանից հետո պարտադիր բաղադրիչը չի վերականգնվի:

Ի պատասխան` Արտեմ Ասատրյանը նշեց, թե աշխատակարգային որոշմամբ ՍԴ-ն կասեցրեց օրենքի 76-րդ հոդվածը, ու այն դադարել էր գործել մինչև ապրիլի 2-ը: Նա նշեց, որ այս ժամանակահատվածում վճարումները կատարվել են փոխադարձ համաձայնությամբ, և այս պահին կա 127 հազար քաղաքացի, ովքեր բացել են կենսաթոշակային հաշիվներ, կատարել են վճարումներ: «Մենք ապրիլի 2-ին ՍԴ կողմից ընդունված որոշմանն ենք անդրադառնում: Այստեղ կան իրարամերժ կարծիքներ, դիրքորոշումներ, ու իրարամերժ որոշումները ձևավորեցին իրավիճակ, որ մինչև ամբողջական լուծումներ տալը ՍԴ որոշման խնդիրներին, մենք ունեցել ենք իրավիճակ, որտեղ կան տարբեր դիրքորոշումներ: Այս առումով կառավարության կողմից կատարվող քայլը հետևյալն է. մենք ձևավորենք մի իրավիճակ, որը թույլ կտա մինչև ամբողջական փաթեթի ընդունումը, որը կտա բոլոր հարցերի պատասխանները, իրերի դրությունը թողնել այնպիսին, ինչպես կար ՍԴ որոշումից առաջ: Կառավարությունն այս դեպքում քայլ է անում, որ օրենքով ամրագրի 76-րդ հոդվածի գործողության կասեցումը, իսկ սա թույլ կտա մեզ այս ընթացքում բոլոր կողմերի հետ քննարկումներ անելու արդյունքում գտնել ձեր նշած հարցերի պատասխանները»,- ասաց նախարարը:

Ինչ վերաբերում է գումարների վերադարձին, ապա Ա. Ասատրյանը նշեց, որ դրանք այսօր մասնակիցների հաշիվներին են, իրենց սեփականությունն են ու լրացուցիչ եկամուտ են բերում նրանց:

Վերջում Ա. Ասատրյանը վստահեցրեց, որ նոր վարչապետը հակված է կարճ ժամկետներում գտնել լուծումներ. «Մենք ամեն դեպքում փորձելու ենք ձեզ հետ միասին, համատեղ, մինչև հունիսի 30-ը լուծումներ գտնել, բայց մյուս կողմից` հասկանում ենք, որ աշխատանքը, որը պետք է իրականացվի, քննարկումներ է պահանջում, և որպեսզի չունենանք լուծում, որը խնդիրներ է առաջադրում, ակնկալում ենք ձեր աջակցությունը»:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter