HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ազատությունների սահմանափակում, պոպուլիզմ և ընդդիմադիր ուժերի «փափուկ չեզոքացում»

Էդգար Վարդանյան 

Հայաստանում հաստատված ռեժիմը, թեեւ կոշտ բռնապետական չէ, սակայն ժողովրդավարական էլ չէ։

Մի խումբ մարդիկ, մեծ ռեսուրսների տեր որոշակի փոքրամասնություն չեզոքացնելով սահմանադրական ինստիտուտները հաստատել են սեփական շահերը սպասարկող հակասահմանադրական քաղաքական համակարգ։ Պարզ է, որ եթե այդ համակարգը առանց տոտալ տեռոր իրականացնելու անընդատ վերարտադրվում է, նշանակում է, հասարակության մի զգալի հատված այս կամ այն կերպով համագործակցում է այդ ռեժիմի հետ, ենթարկվում է նրա կողմից հաստատված խաղի կանոններին եւ դրանով իսկ կյանք է տալիս հակաժովրդավարական վարչակարգին։ Իհարկե դրա արդյունքում վերջինս չի դառնում սահմանադրական, ժողովրդավարական, այն չի դառնա այդպիսին, եթե նույնիսկ հասարակության գերիշխող մեծամասնությունը համագործակցի այդպիսի ռեժիմի հետ։

Բայց Հայաստանում հասարակության մեծամասնությունը դժգոհ է ներկայիս վարչախմբից ու այդ դժգոհության մակարդակը գնալով ավելանում է եւ չնայած վարչակարգը վերարտադրվում է նույնիսկ այս պայմաններում, սակայն այդ դժգոհությունը չի կարող չանհանգստացնել իշխող վերնախավին։

Բանն այն է, որ «փափուկ ավտորիտարիզմի» պարագայում հասարակության ներսում առկա դժգոհության ծավալների մեծացումը կարող է լավ հիմք դառնալ ռեժիմի նկատմամբ կայուն, հարատեւ, լավ կազմակերպված դիմադրություն կազմակերպելու համար։ Ուստի տրամաբանական է ակնկալել, որ վարչախումբը զանազան միջոցների է դիմելու որպեսզի նման բան տեղի չունենա։

Ռեպրեսիաների կոշտացումն այդպիսի միջոցներից մեկն է։ Սակայն ռեպրեսիաներ իրականացնելու համար վարչախումբը պետք է ունենա լրացուցիչ ռեսուրսներ, առանց դրանց ռեպրեսիաներն էլ ավելի կարող են սրել իրավիճակը, հատկապես, երբ հասարակության ներսում ձեւավորվել է մի շերտ, որը սովորել է ապրել թեեւ խիստ սահմանափակ, բայց, այնուամենայնիվ, գոյություն ունեցող որոշակի քաղաքացիական ազատությունների պայմաններում։ Թեկուզ փոքր ծավալների «սպառում» ունեցող բայց անկախ, կամ ընդդիմադիր ԶԼՄ-ների, հավաքների համեմատաբար ազատության, քաղաքացիական նախաձեռնությունների եւ ՀԿ-ների, զանազան ազատ ակումբների գոյության, ինտերնետի հասանելիության դեմ հնարավոր արշավը կարող է ոտքի հանել շատ շատերին, այդ թվում այնպիսիններին, որոնք մինչ այդ քաղաքացիական ակտիվ կեցվածքով չեն առանձնացել։ 

Իհարկե, նույնիսկ այս դեպքում վարչախումբը կարող է իրեն թույլ տալ որոշ չափով գնալ ռեժիմի խստացման եւ վարչապետի եւ կառավարության վերջին փոփոխությունները կարող են նաեւ դա նշանակել: Սակայն, կարծում ենք, որ հայաստանյան իրողություններում հասարակության կողմից դիմադրության առաջացումը կանխելու հիմնական գործիքները շարունակում են մնալ յուրօրինակ պոպուլիզմն ու պրոտեստային էլիտայի «փափուկ չեզոքացումը»։ Այդ գործիքների կիրառման դրսեւորումներն են՝ վարչախմբի կողմից բողոքող հանրությանը համագործակցության առաջարկներ անելը, որոշ ընդդիմադիր կառույցների հասցեին գովասանքի խոսքեր հնչեցնելը, «կառուցողականներին» աջակցելը եւ «ռադիկալներին» քարկոծելը, ռեժիմի համար կենսական նշանակություն չունեցող հարցերում հասարակական ակտիվ խմբերին զիջումներ անելը, «ռեֆորմների աննախադեպ նոր ալիքի» հայտարարումը, ընդդիմադիր գործիչներին իշխանական խաղերի մեջ ներքաշելը եւ այլն։ Կկարողանա՞ արդյոք հանրությունը չենթարկվել վարչախմբի նոր ճնշումներին եւ մանիպուլյացիաներին՝ պարզ կլինի մոտ ժամանակներում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter