
ՀՀԿ-ն դժվարությամբ քվորում ապահովեց
«Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն այսօր ընդունվեց մեծ դժվարությամբ: ՀՀԿ-ն քվեարկությունները սահուն անցկացնելու առավելություն այսուհետ չունի:
Նախագիծը դրվեց քվեարկության այն ժամանակ, երբ քաղաքական մեծամասնության պատգամավորների շարքերում բացականեր կային, ոչ իշխանական ուժերի քառյակն ու ՕԵԿ-ն էլ հայտարարեցին, որ չեն մասնակցելու քվերակությանը: Իշխող ՀՀԿ-ն քվորում չէր կարող ապահովել:
Վարման կարգով նախագծի հեղինակ Վարդան Այվազյանը փորձեց համոզել գործընկեր պատգամավորներին՝ ասելով, թե պետական բյուջեի մուտքերը պակասել են, ուստի այս փոփոխությունը գալիս է լուծելու այդ խնդիրը, բայց ապարդյուն՝ ոչ իշխանական ուժերը դիմեցին բոյկոտի:
ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանն էլ քսան րոպե ընդմիջում խնդրեց՝ իրավիճակը փրկելու նպատակով:
Մինչ ընդմիջման ավարտը ՀՀԿ-ական պատգամավորները տեղ հասան. օրինագիծն ընդունվեց 67 կողմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
Մեկնաբանել