HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կուտակայինը չվճարելու համար պատասխանատվության չեն ենթարկվի

Ազգային ժողովում շարունակվում է քննարկվել կառավարության ներկայացրած կենսաթոշակային պահումները չվճարելու դիմաց տուգանքների դադարեցման մասին օրինագիծը:

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին հիշեցրեց նախորդ նստաշրջանում իր կողմից արված հայտարարությունը: «Երբ ՍԴ-ն հունվարի վերջին կասեցրել էր 76 հոդվածը, բայց հարկային մարմինները պարտադրում էին քաղաքացիներին կատարել փոխանցումը, Դուք այս ամբիոնից, պատասխանելով իմ հարցին, ասացիք՝ հա, ճիշտ է, ՍԴ-ն հոդվածը կասեցրել է, բայց հոդվածի մյուս դրույթները գործում են, ուստի յուրաքանչյուր օրինապաշտ քաղաքացի պարտավոր է ենթարկվել օրենքին: Հիմա կառավարությունն է բերել նախագիծ այդ նույն 76-րդ հոդվածը կասեցնելու մասին: Էլի ասում եք, որ օրենքի մնացած դրույթները, այդ թվում՝ այն դրույթը, որը ասում է, թե 74 թվականից այն կողմ ծնվածները պետք է պարտադիր մասնակցեն համակարգին: Դուք կրկին ասո՞ւմ եք, որ օրենքի դրույթները ուժի մեջ են ու քաղաքացիները պետք է ենթարկվե՞ն դրան»,- հարցրեց պատգամավորը:

Նիկոլ Փաշինյանը նշեց նաև, որ առկա է աշխատողների իրավունքներին առնչվող խնդիր. «Հիմա, օրինակ, այս օրենքի ընդունումից հետո սոցապ նախարարության աշխատակիցները պարտադիր վճարումները իրականացնելո՞ւ են, թե՞ ոչ: Շատ դեպքերում մարդկանց ընտրության առաջ են դնում՝ կամ պահում ենք, կամ հեռանում եք աշխատանքաից: Աշխատողը կարո՞ղ է իր գործատուին արգելել իր փոխարեն պարտադիր բաղադրիչը վճարել»,- հետաքրքրվեց Ն. Փաշինյանի:

Նա նաև անդրադարձավ էլեկտրոնային հաշվետվությունների հետ կապված խնդիրներին ու նշեց, որ պարտադիր բաղադրիչը չիրականացնելու համար իրավական հետևանքներ չեն լինի, բայց էլեկտրոնային հաշվետվությունները լրացնելու համար հատկացված պարտադիր կուտակայինի հաշվարկի դաշտը չլրացնելու դեպքում համակարգը չի ընդունում: «Եթե այդ պատուհանը չլրացվի, հարկային մարմինները այդ հաշվետվությունը չեն ընդունի: Հիմա այդ կետը լրացնելը պարտադի՞ր է, թե՞ պարտադիր չէ»,- հարցրեց ՀԱԿ պատգամավորը:

Ի պատասխան՝ Արտեմ Ասատրյանն ասաց, թե պատգամավորը ճիշտ մեջբերեց իր խոսքերը, որոնք նախկինում հնչեցրել էր Աժ ամբիոնից, բայց ասաց, թե հիշում է նաև Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը:

«Ես նաև հիշում եմ այն դիրքորոշումը, որը Դուք էիք ասում, որ դա իրավական հետևանքներ չի առաջացնի: Մենք իրավունք չունենք մեկնաբանելու ՍԴ որոշումը, և, փաստորեն, ներկայացրել ենք մեր դիրքորոշումները: Այս օրենքի նախագծով առաջարկվում է վերականգնել այն իրավիճակը, ինչ կար ՍԴ որոշումը կայացնելու ժամանակ: Ամրագրում ենք նաև, որ մինչ այս ընկած ժամանակահատվածի համար պարտադիր կուտակային վճարները փոխանցելու պարտավորություն ունեցող անձը ազատվում է պարտադիր վճարը չկատարելու կամ ուշացումով կատարելու համար սահմանված պատասխանատվությունից»,- նշեց նա՝ ավելացնելով, որ եթե իրավական հետևանքներ չկան, գործում է աշխատողի ու գործատուի հայեցողությունը: Ինչ վերաբերում է էլեկտրոնային հաշվարկներին, ապա Արտեմ Ասատրյանն ասաց, թե գործատուն հաշվետվությունը ներկայացնելիս չի լրացնում բոլոր դաշտերն առանձին, այլ լրացնում է միայն աշխատավարձի չափի դաշտը:

«Հիմա, այդ հաշվետվությունը լրացնելով, այդ տեղեկատվությունը ներառելով՝ դա կաջակցի գործընթացին, որովհետև մենք ունենք ՍԴ որոշումը: Քանի որ կուտակային վճարի դաշտը լրացված լինելը որևէ իրավական հետևանք չի առաջացնում, եթե չի կատարվել, նշանակում է, որ կիրառվելու է, որպեսզի կարողանանք վարձու աշխատողների համար իրականացնել համապատասխան վերահաշվարկ»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը կրկին հարցրեց, արդյոք աշխատողը կարո՞ղ է դիմել գործատուին ու ասել, որ չի ցանկանում մասնակցել պարտադիր կուտակային համակարգին, վճարեք ողջ աշխատավարձը: «Դա գործատուի ու աշխատողների որոշելիքն է, թե աշխատողն ինչպիսի հարցադրում կանի, ինչպես գործատուն կիարականցնի գործառույթները, այս պահին օրենքն իրավական հետևանքներ չի առաջացնի»,- պատասխանեց սոցապ նախարարը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter