HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լևոն Զուրաբյանը՝ նախարարին. «Ինչո՞ւ չեք վերադարձնում գումարները»

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանին հետաքրքրում է՝ վերադարձվելո՞ւ են այն աշխատակիցների գումարները, որոնք բռնագանձվել ու փոխանցվել են ֆոնդերին նրանց կամքին հակառակ:

Կառավարության կողմից ներկայացված կենսաթոշակային պահումները չվճարելու դիմաց տուգանքների դադարեցման մասին օրինագծի քննարկման ժամանակ Լևոն Զուրաբյանը, ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին դիմելով, ասաց. «Ինչպեզ պարզվեց, ՍԴ որոշման համաձայն, այն գումարները, որոնք գանձվել են հակառակ մարդկանց կամքին, այսինքն՝ կարելի է համարել՝ գանձվել են ապօրինաբար, հակառակ ՍԴ պահանջների, բռնագանձված գումարներ են: ՍԴ որոշումը կա, գումարները բռնագանձված են, ինչո՞ւ դրանք չեն վերադարձվում օրինական տերերին: Եթե կապում եք այդ վերադարձը նոր օրենքի հետ, դա մի քիչ անհասկանալի է: ՍԴ որոշումը կա, գումարները բռնագանձված են, այն դեպքում, երբ դուք իրավունք չունեք պահելու դրանք»:

Լևոն Զուրաբյանը հարցրեց նաև, թե որքան են կազմում մարդկանց կամքին հակառակ հավաքագրված գումարները: 

Արտեմ Ասատրյանը նշեց, թե ինքը համաձայն չէ պատգամավորների հնչեցրած գնահատականներին, թե դրանք բռնագանձված գումարներ են՝ նշելով, թե դա պարտադիր վճար է:

«ՍԴ որոշման մասին եթե խոսում ենք, պետք է նկատի ունենանք, որ որոշմամբ ամրագրվեց սեփականության իրավունքի հետ կապված հարցը, ու եթե համակարգին ենք նայում, հստակ ամրագրում եմ՝ մինչ սեպտեմբերի երեսունը դրույթները պետք  է ունենան լուծումներ: Քանի դեռ ՍԴ կողմից օրենքը հակասահմանադրական չէ, այն սահմանադրական է: Մենք ունենք ՍԴ որոշումը՝ մինչև սեպտեմբերի երեսունը պետք է իրականացնենք ամբողջական լուծումներ նոր փաթեթով, որովհետև հարցադրումները, որոնք կան, պետք է կարողանանք ամբողջական գնահատել, քննարկել, գտնել համատեղ ընդունելի լուծումներ: Անել քայլ, որը կարող է լրացուցիչ խոչընդոտներ առաջացնել, որևէ կողմի համար ընդունելի չի լինի: Ներկայումս հաշիվները հենց քաղաքացիների համար են ծառայում, և դրա եկամտաբերությունը ապահովում են լրացուցիչ կերպով»,- ասաց սոցապ նախարարը:

Լևոն Զուրաբյանը հակադարձեց՝ նշելով, թե ինքը չստացավ իր հարցի պատասխանը: Նա շեշտեց, որ իր հարցը պարզ էր. «Այս գումարները համարվել են որպես բռնագանձված, եթե ուզում եք՝ գանձված, սահմանադրությանը հակառակ»: Նա հարցրեց, թե հնարավո՞ր է, որ հետո այդ օրենքը հետին թվով օրինականացնի գանձումը: «Ես սկսկում եմ մտածել, որ ձեր պլանը դա է, բայց դա կլինի հակաօրինական բան: Դա կնշանակի պարզապես կատարված գողության օրինականացման ակտ, այն էլ՝ հետին թվով: Հիմա կոնկրետ կրկին հարցնում եմ՝ ինչո՞ւ չեք վերադարձնում գումարները»,- շեշտեց ՀԱԿ խմբակցության ղեկավարը:

Արտեմ Ասատրյանն էլ նկատեց, թե ՍԴ որոշումը ինքը մի կերպ է մեկնաբանում, պատգամավորը՝ մեկ այլ կերպ, երրորդն էլ՝ ուրիշ կերպ, ապա շեշտեց, թե որևէ մեկն իրավունք չունի մեկնաբանելու ՍԴ որոշումը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter