Ձևական աճուրդներ` պայմանավորված «համայնքային շահով»
Ապրիլի 28-ին Արարատի մարզի Գինեվետ համայնքում աճուրդով պետք է օտարվեր 2 հա վարելահող:
1 հա-ի մեկնարկային գինը սահմանվել էր 245.000 դրամ, սակայն հայտ չլինելու պատճառով աճուրդը չկայացավ: Համայնքապետ Միսակ Սանթոյանը տխուր էր. ոռոգման ներքին ցանցը վերանորոգելու համար ընկերություններից մեկի հետ խողովակներ գնելու պայմանագիր է կնքել եւ նախատեսել էր վճարումը կատարել աճուրդից ստացված գումարով:
«Պիտի կրկնաճուրդ կազմակերպենք, ուրիշ ձեւ չունենք, աճուրդների հույսով եմ պայմանագիրը կնքել: Ճիշտ է, վճարումը մինչեւ տարեվերջ պիտի անենք, բայց հույսս աճուրդն էր»,- կրկնեց համայնքապետը:
Գինեվետ գյուղը ֆինանսական խնդիրներ ունի եւ դրանց լուծումը համայնքապետարանում կապում են օտարվող հողերից ակնկալվող ֆինանսական մուտքերի հետ, սակայն իրականում համայնքային իշխանությունը լուրջ քայլեր չի ձեռնարկում ֆինանսական հոսքերն ապահովելու համար: Ինչպես շատ գյուղերում, այնպես էլ Գինեվետում աճուրդային 1 լոտի համար սովորաբար 2 հայտ է լինում: Համայնքապետ Սանթոյանը դժվարությամբ հիշեց, թե քանի աճուրդ են անցկացրել 3 հայտով: «Եթե չեմ սխալվում, մեկ անգամ է 3 հայտ եղել: Ներսի մարդը գումար չունի, որ հող գնի, իրենց հողերը չեն մշակում, հող գնեն ի՞նչ անեն, հետաքրքրություն չկա: Աճուրդներին մասնակցում են հարեւան համայնքների բնակիչները»,- ասում է Մ. Սանթոյանը:
Համայնքապետը պատմեց, որ եղել են դեպքեր, երբ մեկ հայտ է եղել, ստիպված են եղել կողքից մեկ մարդու էլ ձեւական մասնակից դարձնել, որպեսզի աճուրդը կայացած համարվի, եւ հողն օտարվի: Այդպես 2013թ.-ին աճուրդով օտարել են 1հա հող: Իհարկե, այս քայլը համայնքապետը պայմանավորում է «համայնքային շահով», մոռանալով, որ համայնքային շահը ոչ թե նվազագույն գնով հող օտարելն է, այլ իրական մրցակցային աճուրդ կազմակերպելը, ինչը գումարային համեմատաբար մեծ մուտք կապահովի համայնքային բյուջե:
Նշենք, որ աճուրդը չկայացված լինելու մասին արձանագրություն այդպես էլ չկազմվեց, իսկ ցուցատախտակից ընդհանրապես բացակայում էր աճուրդ վերաբերյալ հայտարարությունը, որը նրանք հրապարակել էին «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում: Միսակ Սանթոյանն ասաց, որ համայնքապետարանի պատին հայտարարություն փակցրել են, սակայն քամին պոկել է: Հարցին, թե ինչու մյուս հայտարարությունները քամին չի պոկում եւ միայն աճուրդի հայտարարությունն է պոկել, համայնքապետը պատասխանեց` «դրանք էլ կպոկի»:
Գինեվետ համայնքի ղեկավարի խոսքերով՝ գյուղը 909 հա հողատարածք ունի: Գյուղը նախկինում բանավան է եղել, նրան հատկացրել են Արարատի նախկին թռչնաֆաբրիկայի հողերը: Խորհրդային տարիներին այդ հողերը ոռոգվել են, սակայն համայնքին հատկացնելուց հետո պոմպակայանները չեն գործել եւ մնացել են անմշակ: 2011թ. «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով ինքնահոս ջրագիծ կառուցվել, սակայն դա էլ խթան չի հանդիսացել եւ հողերի մեծ մասը մնում է անմշակ:
Միսակ Սանթոյանն ասում է, որ գյուղի հողերը հարթ չեն՝ «դիք ու փոս» են, բացի այդ, ավազային հողեր են, ինչն էլ ավելի է դժվարացնում ոռոգումը: Կիսախողովակներ չեն կարող անցկացնել, ստիպված են ջուրը գյուղացուն հասցնել փակ խողովակների միջոցով: 2012թ. դարձյալ նույն ծրագրով եւ համայնքի 2 մլն 600 հազար դրամ համաֆինանսավորմամբ 1200 մետր խողովակաշար է անցկացվել: Անցյալ տարի անցկացրել են եւս 140 մետր, նույն քանակի խողովակաշար էլ նախատեսվում է այս տարի անցկացնել, սակայն համայնքապետի հաշվարկով եւս մոտ 15 կմ խողովակաշար է պետք ողջ գյուղը ոռոգման ջրով ապահովելու համար:
Համայնքային բյուջեն սուղ է, եւ միակ հույսը պետական աջակցությունն է: Միսակ Սանթոյանի ասելով՝ սեփական եկամուտները մոտ 3 մլն դրամ են, իսկ դոտացիան՝ 8.7 մլն, որով հնարավոր չէ լուրջ ներդրումներ անել: Համայնքապետը պատմեց, որ գյուղում 4 հարկանի բազմաբնակարան շենք ունեն, որի տանիքը մարզպետարանի օգնությամբ է փոխվելու, համայնքային բյուջեով հնարավոր չէ նույնիսկ դա իրականացնել: Սուղ միջոցներով կարողանում են հազիվ աղբահանության հարց լուծել, որպեսզի գյուղը աղբի մեջ չկորի:
Գինեվետի հողերը բերրի չեն, 5-րդ կարգի են: Դա է պատճառը, որ 1հա հողի համար սեփականատիրոջից 10 հազար դրամ հարկ է գանձվում, իսկ 1000 քմ տնամերձինը՝ 940 դրամ: Նույնիսկ այս գնային պայմաններում 500-600 հազար դրամ ապառքներ են գոյացել: «Մարդուց հարկ ուզելը, իհարկե, պարտավորություն է, բայց մարդկանց սոցիալական վիճակն այն չի: Այնպես չի, որ ընդհանրապես հրաժարվում ու չեն տալիս, քիչ-քիչ բերում, փակվում են»,- ասում է Մ. Սանթոյանը:
Գինեվետը մինչեւ 1995թ.-ը եղել է Վեդու նախկին գինու գործարանին կից ավան: Վարչատարածքային բաժանումից հետո է գյուղի կարգավիճակ ստացել: Գյուղը փոքր է, մոտ 600 բնակիչ ունի, սակայն մարդիկ չհարմարվելով պայմաններին մեկնում են արտերկիր: Համայնքապետը պատմեց, որ 2007թ.-ից սկսած գյուղից արտերկիր մշտական բնակության է մեկնել 87 մարդ, մոտ այդքան երիտասարդ էլ ամեն տարի «խոպան» է գնում: Բանը հասել է նրան, որ անցյալ տարի արտագնա աշխատանքի է մեկնել նաեւ գյուղի բուժքույրը: Համայնքապետի ասելով վերջին 3 տարիներին գյուղում ծնելիությունն ավելացել է: Օրինակ, «ռեկորդային» ցուցանիշ է գրանցվել 2012թ.-ին՝ 16 երեխա, սակայն գյուղի բնակչության թիվը չի ավելանում, արտագաղթը մրցակցությունից դուրս է:
Գինեվետում սոցիալական խնդիրներն այնքան սուր են արտահայտված, որ գյուղացիները նույնիսկ հասարակական տրանսպորտից են հրաժարվել: Միսակ Սանթոսյանը պատմեց, որ 1990-ականներից սկսած գյուղը հասարակական տրանսպորտ չունի: 2012թ.-ին Արարատի նախկին մարզպետ Էդիկ Բարսեղյանի աջակցությամբ միկրոավտոբուս է հատկացվել, սակայն ընդամենը մեկ ամիս է աշխատել, մարդիկ չեն օգտվել տրանսպորտից: «Իրենց համար այդ 100 դրամը գումար է, համ էլ գիտեին, որ կանգնեն փողոցում անցնող մեքենաներն իրենց տանելու են, դրա համար չեն նստում: Մի ամիս աշխատելուց հետո գիծը փակվեց, իրեն չէր արդարացնում: Պետք է դոտացիա լինի, որ գիծը պահվի, բայց մենք դրա հնարավորությունը չունենք»,- նշում է Գինեվետի համայնքապետը:
Այս գյուղում ապրուստի միջոց հայթայթելու համար ով ինչով կարողանում` զբաղվում է: Համայնքապետն էլ սոցիալական խնդիրները լուծելու համար ճուտ է պահում: Ըստ նրա՝ հնարավոր չէ ապրել աշխատավարձով: Միսակ Սանթոյանը պատմեց, որ մեկ օրական ճուտ է գնում, մեկ ամիս պահում են ու վերավաճառում: «Ճուտը շատ նուրբ թռչուն է, աշխատողը նուրբ չի վարվի հետը, դրա համար էլ ընտանիքով ենք պահում: 1995թ.-ից այս գործն եմ անում, ճտի բիզնեսը մեզ համար պապական գործ է»,- հավելում է համայնքապետը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել