
«Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում» ֆինանսական չարաշահումներ են հայտնաբերվել
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսական վերահսկողության տեսչությունը մի շարք ֆինանսական խախտումներ է հայտնաբերել «Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ում:
Ըստ ՀՀ կառավարություն ներկայացրած հաշվետվության տվյալների՝ չեն ապահովվել ներկայացումների քանակի, հանդիսատեսների թվի ու դահլիճի ծանրաբեռնվածության ցուցանիշները: Պետական բյուջեից սուբսիդիայի տրամադրման պայմանագրերում տոմսերի վաճառքից կանխատեսվող եկամուտները հաշվարկելիս մեկ տոմսի միջին գինն ընդունվել է նախորդ տարիների փաստացի միջին գնից ցածր` էականորեն նվազեցնելով տոմսերի վաճառքից կանխատեսվող եկամուտների գումարը: Նշված փաստերի արդյունքում տոմսերի իրացումից կանխատեսվող եկամուտները նվազել են, որն էլ իր հերթին հանգեցրել է ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ սուբսիդիաների տրամադրմանը:
Թատրոնը լրացուցիչ եկամուտներ է ստացել այլ գործունեությունից, սակայն չի նվազեցրել պետական բյուջեից տրամադրվող սուբսիդիայի գումարը, ինչը կառավարության հետ պայմանագրային պարտավորության խախտում է:
Բացի այդ՝ ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորված սուբսիդիայի գումարներից 4.5 մլն դրամը չի ծախսվել, սակայն ՀՀ մշակույթի նախարարությանը ներկայացրած հաշվետվություններում նշված տարբերությունը ցույց չի տրվել:
Գումարներ են ստացվել Ժորժ Բիզեի «Կարմեն» օպերայի բեմադրության համար, սակայն հատկացված 24.2 մլն դրամի դիմաց փաստացի ծախսեր չեն կատարվել:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել