HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հ. Հակոբյան. «ՍԴ անդամը տասը րոպե ասում է մեկ բան, տասը րոպե հետո՝ ուրիշ բան, դուք ինձանի՞ց եք ուզում պատասխանը»

«2012 թվականի սեպտեմբերից շատ մարդկայնորեն ու բազմիցս ձեզ ասացի, որ այս ռեֆորմը գրագետ չէ, սխալ է, բայց անընդհատ պաշտպանել եք այն»,- կառավարության ներկայացրած կենսաթոշակային պահումները չվճարելու համար տուգանքների հաշվարկը դադարեցնելու մասին օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը՝ դիմելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր, սոցիալական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանին:

«Չե՞ք կարծում, որ հարիր չէ ԱԺ սոցիալական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ մնալ, երբ ձեր ասածները ճիշտ դուրս չեկան»,- ասաց Հրանտ Բագրատյանը: Նա նաև պահանջեց Ազգային ժողովից հստակ ասել՝ ինչո՞ւ է կուտակային կենսաթոշակների վերաբերյալ վերջնական որոշումը ձգձգվում: «Վիճելի հարցեր չկան: Սա ինչ-որ մի բարդ խնդիր չէ, որ երեք ամիս էլ քննարկենք: 50 պետությունում սա անում են, կա չորս տեսակ, հատ առ հատ գրված է` բոլոր պետություններում ինչպես է: Ի՞նչ կարիք կա անընդհատ ասել՝ սա բարդ է, մենք ասում ենք՝ այնտեղ կուտակայինը կասեցվեց, մինչև սեպտեմբերի 30... ինչու՞ եք հասարակությանը աժիոտաժի մեջ գցում: Էնքան պրիմիտիվ բան է, ինչու՞ եք սա անում, ինչու՞ չի կարելի մի քանի ժամում վերջնական որոշում կայացնել, մեզ էլ ասել, հասարակությանն էլ հանգստացնել, ասել՝ սա է որոշումը: Ինչո՞ւ եք ձգում ժամանակի մեջ, ի՞նչ բարդ բան կա»,- հարցրեց ՀԱԿ պատգամավորը: Ի պատասխան` Հակոբ Հակոբյանն ասաց, թե ձգձգումը կապված է ՍԴ որոշման հետ:

«Մենք ունեցել ենք ՍԴ որոշում, որը չի կարգավորել այն նպատակը, որը դրված է մեր առաջ: Այսօր հանրությունը բաժանված է երկու մասի՝ մեկը գտնում է, որ ՍԴ որոշումը պետք է աշխատի ապրիլի 2-ից, մյուս մասը համարում է, որ պետք է գործի սեպտեմբերի 30-ից հետո: Հիմա որ որոշումն էլ մենք կայացնենք, վերջնական չի լինի ու ավելի մեծ աժիոտաժ կստեղծի: Դրա համար կարծում ենք, որ քանի որ ՍԴ-ն չի անդրադարձել օրենքի 8-րդ հոդվածին, որով կարգավորվում են փոխանցելու սկզբունքները, մենք ասում ենք, որ տույժ չենք գանձում, մինչև վերջնական որոշում կայացնենք»,- ասաց Հակոբյանը:

Նա բարկացավ, որ ընդդիմադիր պատգամավորներն իրենից են պահանջում հարցի պատասխանը ու հիշեցրեց, որ ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանը հեռուստաեթերում տարբեր կերպ է մեկնաբանել իր իսկ կայացրած որոշումը: «ՍԴ անդամը նստում է հեռուստացույցի մոտ, տասը րոպե ասում է մեկ բան, տասը րոպե հետո՝ ուրիշ բան, դուք ինձանի՞ց եք ուզում պատասխանը»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է ՀԱԿ պատգամավորի մյուս հայտարարությանը, թե հարիր չէ, որ Հակոբյանը շարունակի նախագահել սոցիալական հարցերով մշտական հանձնաժողովը, ՀՀԿ-ական պատգամավորը այսպես արձագանքեց. «Պարոն Բագրատյան, դուք մեկ անգամ դրեցիք ՀՀ նախագահի թեկնածու, մեկ անգամ էլ դրեցիք ԱԺ նախագահի թեկնածու, քանի՞ ձայն տարաք, որ վստահության մասին եք խոսում: Ես չորս անգամ եղել եմ մեծամասնականով պատգամավոր և ամեն անգամ գոնե երեսուն հազար ձայն տարել եմ»:

Հրանտ Բագրատյանն էլ հակադարձեց. «Նախագահի թեկնածու եմ եղել, հավաքել եմ 9 տոկոս, 7 տոկոսը վերցրել եք, որ ձեր թեկնածուն անցնի, ամեն դեպքում դրանից հետո 37 հազար ձայն եք թողել, իսկ ԱԺ նախագահի պարագայում երեք ձայն չի եղել, այս խոսակցությունը դեռ կգնա, սա էլ իմացեք, այդպես էլ մի խոսեք այդտեղ, այդ խոսալու վերջն էլ կգա»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter