HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարդուհի Զաքարյան

Բնապահպանության նախարարությանն արհմիություն հարկավոր չէ

«...Միության բոլոր անդամներին, ովքեր պատրաստվում էին ժողովին մասնակցել, բացահայտ ահաբեկում էր` ասելով, թե գնալու ու մասնակցելու դեպքում խնդիրներ կունենան: Մարդիկ էլ ի՞նչ անեն, գործատու է` աշխատակազմի ղեկավարի տեղակալ, չեն կարող թքած ունենալ ու գնալ: Իսկ նրանք, ովքեր, այնուամենայնիվ, հանդգնեցին ժողովին գալ, մի մասին դահլիճի դռներից ներս չթողեց, իսկ մասնակցածներին էլ մինչ օրս ահաբեկում է»,- պատմում է «Բնապահպան» արհեստակցական միության նախագահ Մարինե Աթայանը:

ՀՀ բնապահպանության նախարարությունում այս լարված մթնոլորտը վաղուց է ստեղծվել. 2003թ.-ին «Բնապահպան» արհեստակցական միության կազմում գործող «Աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի աշխատողների արհեստակցական կազմակերպության նախագահ է ընտրվում Բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Գագիկ Այվազյանը: Ընտրություններից հետո Մարինե Աթայանը բազմիցս դիմել է «Աշխատակազմ» կազմակերպությանը, Բնապահպանության նախարարին, Հայաստանի արհեստակցական միությունների կոնֆեդերացիային, ՀՀ արդարադատության նախարարին եւ նույնիսկ հանրապետության նախագահին՝ հայտնելով, որ դա օրենքի խախտում է: Սակայն մինչ օրս հարցին լուծում չի տրվել:

«Այսօր գործատուն աշխատողների շահերն է իբրեւ պաշտպանում, ինչն անօրինական է: Ես վաղուց էի որոշել լրատվամիջոցներին դիմել, բայց միաժամանակ մտածում էի, որ հարցը նախարարության ներսում պետք է լուծվի: Հետո հասկացա, որ նրանք ուղղակի ուզում են գրպանի արհմիություն ստեղծել կամ պարզապես ոչնչացնել կառույցը»,- ասում է Մարինե Աթայանը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի եւ զբաղվածության վարչության պետ Վ. Սիմոնյանի գրության համաձայն` «...հաշվի առնելով, որ նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալը, համաձայն իր պաշտոնի անձնագրի, փոխարինում է նախարարության աշխատակազմի ղեկավարին, հետեւաբար նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալը չի կարող ընտրվել արհեստակցական կազմակերպության նախագահի պաշտոնում»:

«Աշխատակազմ» կազմակերպության նախագահ Գագիկ Այվազյանը վստահեցնում է, որ ինքը գործատու չէ, քանի որ գործատու է համարվում հիմնարկը, իսկ հիմնարկ ասելով` Գագիկ Այվազյանը նկատի ունի նախարարին կամ աշխատակազմի ղեկավարին:

«Գործատուն այն է, որ աշխատանքի է ընդունում մարդկանց կամ ազատում աշխատանքից: Ես ոչ մեկի, ոչ էլ մյուսի հետ կապ չունեմ, դա իմ լիազորությունների մեջ չի մտնում: Իսկ աշխատակազմի ղեկավարի բացակայության դեպքում ոչ բոլոր լիազորություններն են ինձ վրա ընկնում: Նույնիսկ ենթակա աշխատող չունեմ, ինձնից ի՞նչ գործատու»,- ասում է Գագիկ Այվազյանը:

Սակայն դա հարցի միայն մի կողմն է: Ըստ «Աշխատակազմ» կազմակերպության կանոնադրության` արհկոմիտեի նախագահն ընտրվում է 3 տարի ժամկետով: Գագիկ Այվազյանի նախագահության ժամկետը լրացել է դեռեւս 2006թ. օգոստոսի 5-ին: «Այո, ես դեռ ամիսներ առաջ պետք է ժողով հրավիրեի, սակայն դա բավականին դժվար էր, քանի որ այդ ամիսներն արձակուրդային են համարվում, եւ ինձ ուղղակի չհաջողվեց բոլորին համախմբել: Բացի այդ, մարզերից բոլորը չեն կարողանում գալ եւ մասնակցել, մոտ տասնյակի հասնող բաժնից միայն մի քանիսն են ներկա եղել»,- մեկնաբանում է Գագիկ Այվազյանը: Վերջինս նախքան ժամկետի լրանալն էր պարտավոր համաժողով հրավիրել, կազմակերպության ղեկավար մարմիններ ընտրել, որն էլ նոր նախագահի ընտրություններն է անցկացնում: Մինչ օրս Գագիկ Այվազյանը զբաղեցնում է «Աշխատակազմ» կազմակերպության նախագահի պաշտոնը եւ գործարքների ժամանակ օգտագործում է կազմակերպության կնիքը:

Մ. Աթայանը բազմիցս դիմել է Այվազյանին կնիքը հանձնելու պահանջով, սակայն վերջինս վստահ է, որ միությունն իրավունք չունի առանց իրեն որոշումներ ընդունել կամ նոր նախագահ նշանակել, քանի որ «Աշխատակազմը» միությանը չի ենթարկվում, իսկ ինքը նախագահի լիազորությունները ցած է դնում միայն այն ժամանակ, երբ նոր նախագահ է ընտրվում:

Խնդիրը քաղաքակիրթ ճանապարհով լուծելու համար Մարինե Աթայանը ժողով է հրավիրում եւ դիմում նախարարին` աջակցելու եւ աշխատանքային ժամին աշխատողներին ժողովին մասնակցելու թույլտվության խնդրանքով: Աշխատակազմի ղեկավար Ս. Ամիրխանյանն Աթայանին պատասխանում է, որ միությունը «Աշխատակազմ» կազմակերպության ներկայացուցչական ժողով հրավիրելու իրավունք չունի, այն էլ աշխատանքային ժամին: Սակայն Աթայանը վճռական էր տրամադրված եւ աշխատակիցներին հայտարարում է, որ ժողովը կանցկացվի ընդմիջման ժամին:

«Քանի որ ընդմիջման ժամին չէին կարող մարդկանց արգելել դուրս գալ շենքից, սկսեցին բացահայտ ահաբեկել, որ գնալու դեպքում լուրջ խնդիրներ կունենանք: Իսկ իր կազմակերպած ժողովին ընդհակառակը՝ եթե չգնանք, խնդիրներ կունենանք »,- ասում է աշխատակիցներից մեկը՝ խնդրելով չնշել իր անունը:

Ժողովին մասնակցում է մոտավորապես 20-25 մարդ: Ժողովից մի քանի օր հետո Մարինե Աթայանն աշխատակազմի ղեկավարից գրություն է ստանում, որի համաձայն միության նախագահը, «ելնելով նախարարության աշխատակազմի ստորաբաժանումներին անհրաժեշտ տարածքով ապահովելու անհրաժեշտությունից», մեկ շաբաթվա ընթացքում պետք է ազատի աշխատակազմին պատկանող՝ իր զբաղեցրած սենյակը:

Մի քանի օր հետո Աթայանը նոր գրություն է ստանում, այս անգամ նախարար Վարդան Այվազյանից. նրա հանձնարարականում առաջարկի կարգով նշված է. «Կառուցվածքային եւ առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներին՝ մինչեւ տարվա վերջ կազմակերպել նախարարության համակարգի արհեստակցական միության ժողով»:

«Ինչո՞ւ հենց հիմա անհրաժեշտություն առաջացավ սենյակն ազատել: Չեն էլ պատրաստվում ինձ նոր սենյակ տալ, սենյակի իրերն ուղղակի միջանցք են շպրտելու: Ժողով հրավիրելու անհրաժեշտությունն էլ եմ շատ լավ հասկանում, բայց արհմիություններն անկախ են պետական մարմիններից եւ գործատուներից: Բայց ես մինչեւ վերջ պայքարելու եմ, քանի որ այստեղ արդեն անձի խնդիր չէ, այլ՝ կառույցի»,- ասում է Մարինե Աթայանը:

2004 թվականին նախարարի եւ միության նախագահի միջեւ կնքված համաձայնագրի համաձայն` նախարարությունը պարտավորվել է արհմիության գործունեությունն իրականացնելու համար նպաստավոր պայմաններ ստեղծել, այդ թվում՝ աշխատատեղ: Գագիկ Այվազյանը պնդում է, որ ամեն տարվա համար նոր համաձայնագիր է հարկավոր կնքել, սակայն համաձայնագրում ժամկետներ նշված չեն:

«Աշխատակազմի» սպասված համաժողովը տեղի ունեցավ 2006-ի դեկտեմբերի 22-ին, որի մասին հայտարարությունը նախարարության պատերին փակցվել է մեկ շաբաթ առաջ: Կազմակերպության կանոնադրության համաձայն՝ ժողովների մասին հայտարարող գրությունները փակցվում են մեկ ամիս առաջ, բացառությամբ արտահերթ ժողովների, ինչը հայտարարության մեջ չի նշվել: Գագիկ Այվազյանի պնդմամբ՝ ժողովը կարող էր արտահերթ համարվել, քանի որ տարեվերջ է, պետք է ամփոփվեին կատարված աշխատանքների արդյունքները եւ ընտրվեր կոմիտե նոր նախագահ ընտրելու համար. գրեթե այն ամենը, ինչ արվում է հասարակ ժողովի ընթացքում: Եվ չնայած դահլիճում նստածներից ոչ բոլորն էին ձեռք բարձրացնում, ժողովի նախագահը գրեթե առանց «դեմ» ձայների որոշումներ էր ընդունում:

Ժողովին մասնակցեց նաեւ Մարինե Աթայանը, չնայած նրան չէին հրավիրել: Մարինե Աթայանին նույնիսկ թույլ չտվեցին արտահայտվել: Ժողովի ընթացքում Գագիկ Այվազյանը հաշվետվություն ներկայացրեց 3 տարվա ընթացքում կատարված աշխատանքների մասին, որից հետո քվեարկության դրվեց «Աշխատակազմի»` միության կազմից դուրս գալու հարցը, նոր նախագահ նշանակելու համար ընտրվեց կազմակերպության խորհուրդ, որի կազմում ընդգրկվեց նաեւ Գագիկ Այվազյանը:

Հայաստանի արհեստակցական միությունների կոնֆեդերացիայի նախագահ Մ. Հարությունյանի գրության համաձայն. «...աշխատակազմի ղեկավարի տեղակալը չի կարող ընտրվել արհեստակցական ղեկավարի մարմինների կազմում , առավել եւս` արհեստակցական կազմակերպության նախագահի պաշտոնում, քանի որ այն հակասում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 23-րդ հոդվածի 2-րդ կետի եւ «Արհեստակացկան միության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներին»:

«Բացի այդ, կազմակերպության կանոնադրության համաձայն` քվեարկությունն օրինական համարվելու համար քվեարկությանը պետք է մասնակցեր կազմակերպության բոլոր անդամների գոնե կեսը, որը կազմում է մոտ 250 մարդ: Մասնակիցների քանակը հայտարարվում է մինչ ժողովի սկսվելը, սակայն ոչ ժողովի սկզբում, ոչ էլ ընթացքում այդպես էլ մասնակիցների թիվը չհայտարարվեց: Եվ չնայած Գագիկ Այվազյանն ամբիոնից ամեն հարմար պահի շեշտում էր, որ դահլիճում մոտ 300 մարդ է նստած, ժողովի մասնակիցների թիվը 160-ը չէր գերազանցում»,-ասում է Մ. Աթայանը:

Դեկտեմբերի 25-ին Գագիկ Այվազյանի աշխատասենյակում կազմակերպության ղեկավար մարմինները «Աշխատակազմ» արհեստակցական կազմակերպության նախագահ են ընտրում «Աշխատակազմ» կազմակերպության անդամ Հարություն Հարությունյանին:

Նույն օրը Մարինե Աթայանը գրություն է ստանում միության անդամ «Հայպետհիդրոմետ» կազմակերպությունից, որտեղ նշված է, որ կազմակերպությունը դեկտեմբերի 22-ին տեղի ունեցած ընդհանուր ժողովում որոշել է դուրս գալ միության կազմից:

«Ես այդ ժողովի մասին էլ չեմ իմացել: Ոչ էլ պատերին են փակցրել, որ նման ժողով է լիելու: Գուցե նրանք էլ են մի օրում որոշել ժողով անել ու քվեարկության դնել միությունից դուրս գալու հարցը: Բայց ես տեղյակ պետք է լինեմ, թե ինչ հիմքերով են իմ անդամ-կազմակերպությունները նման որոշումներ կայացնում: Այսքան տարիների ընթացքում ստեղծված կառույցը մի քանի ժամում քանդեցին»,- ասում է Մարինե Աթայանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter