Ալավերդին առաջընթաց է գրանցել զբոսաշրջության ոլորտում
Լուսինե Փարսադանյան
Պատմամշակութային մեծ արժեք ներկայացնող եկեղեցիներն ու վանքերը, հարուստ պատմությունը մեր երկիրը հետաքրքիր են դարձնում տարբեր երկրների զբոսաշրջիկների համար: Զբոսաշրջության ակտիվ շրջանն արդեն սկսվել է նաեւ Ալավերդի քաղաքում: Որ դարում եւ ում կողմից են կառուցվել Հաղպատի, Սանահինի վանքերը, պատմական քարե կամուրջը. այս ու էլի շատ հարցեր են հետաքրքրում Ալավերդի այցելող օտարերկրացիներին:
Իրենց հարցերի մի մասի պատասխաններն էլ նրանք ստանում են ճոպանուղու ուղեկցորդ Բագրատ Ծատինյանից, ով աշխատանքային ժամերին հաճախ է հանդիպում զբոսաշրջիկների: «Մեղսի, բոնժուղ, օղըվուաղ». այս ու էլի մի քանի ֆրանսերեն բառերն օգնում են նրան, ռուս այցելուներից բացի, փոքր-ինչ շփվել նաեւ ֆրանսիացիների հետ: «Նրանք ուրախանում են, որ իրենց հարցերին պատասխանում եմ: Երբեմն ինքս էլ եմ նրանց տարբեր հարցեր տալիս: Շատ հետաքրքիր մարդիկ են»,- ասում է վերջինս:

Նվերների ու հուշանվերների հարցում էլ զբոսաշրջիկներին կարողանում է օգնել ալավերդցի նկարիչ Արսեն Գրիգորյանը, ով լինում է տարբեր քաղաքներում: Նա մոտ մեկ շաբաթ պատրաստվում է աշխատել Սանահին եկեղեցու տարածքում: «Բազմաթիվ նկարներ ունեմ աշխարհի տարբեր երկրներում: Այժմ էլ նկարում եմ Սանահինի եկեղեցին: Համոզված եմ, որ նկարը զբոսաշրջիկներին շատ կհետաքրքրի»,- նշում է նկարիչը:
Սանահին այցելող հարյուրավոր օտարերկրացի այցելուներից է Յոլանտա Յուրգովան: Եկել է Լիտվայի մայրաքաղաքից` Վիլնյուսից: «Պատրաստվում ենք շրջել Հայաստանում ուՎրաստանում: Մեզ այս երկրները շատ են դուր գալիս: Վրացիներն ու հայերը շատ նմանություններ ունեն, օրինակ, շատ հյուրընկալ են ու մեզ ժպիտով են դիմավորում: Հայաստանում առաջին անգամ ենք ու նախատեսում ենք 5 օր մնալ այստեղ: Եղել ենք նաեւ Հաղպատավանքում, կայցելենք Գառնի-Գեղարդ ու այլ վայրեր»: Յոլանտան որոշ չափով տեղյակ է Հայաստանի պատմությանը:
«Ալավերդի քաղաքն արդեն, կարելի է ասել, պատրաստ է ընդունելու զբոսաշրջիկների: Նախկինում հյուրատների ու հյուրանոցների պակաս կար: Այժմ, սակայն, այդ խնիրը կարծես լուծվել է»,- ասում է Իրինա Իսրայելյանը, ով հյուրատնային բիզնեսով է զբավում: Նախկինում զբոսաշրջիկներն Ալավերդի այցելում էին միայն մեկ օրով: Այդ ժամանակը, սակայն, չէր բավականացնում եկեղեցիներին ու նրանց պատմությանը լիարժեք ծանոթանալու համար: Այժմ Ալավերդիում հյուրանոցների ու հյուրատների պակաս չի զգացվում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել