HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արամ Մանուկյանը պահանջում է ընթացք տալ նախկին վարչապետի անվան հետ կապվող սկանդալային գործարքներին

«Մենք Տիգրան Սարգսյանի հրաժարականը չէինք պահանջում այն պատճառով, որ նրա անունը Տիգրան էր, ազգանունը՝ Սարգսյան»,- ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Նա նշեց, որ իրենք կառավարության հրաժարականն էին պահանջում Տիգրան Սարգսյանի ու իր կառավարության թույլ տված թերությունների, սխալների համար:

«Ես գոնե չորս սկանդալային դեպք կնշեմ՝ օֆշորային պատմությունը, կուտակային կենսաթոշակային համակարգը հակասահմանադրական ճանաչելը, գազի գնի հետ կապված գաղտնի գործընթացները՝ 300 մլն պարտքով, և Որոտանի գործարքը: Այս չորս սկանդալները ձեզ համար մարտահրավեր են, կամ դուք պետք է այս գործերին ընթացք տաք, որպեսզի պատասխանատուն չլինեք այս արածների, կամ լուծեք այս հանգույցը»,- հայտարարեց Մանուկյանը և հետաքրքրվեց, թե արդյոք նոր կառավարությունը բացահայտելո՞ւ է այս սկանդալային գործերը:

«Փորձելո՞ւ եք մեղքերից մաքրել Տիգրան Սարգսյանի կառավարությանը, թե՞ ձեր ուսերին եք վերցրել Տիգրան Սարգսյանի արդեն բացասական իմաստով բացահայտված ժառանգությունը»,- հարցրեց նա:

Ի պատասխան` վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ ինքը վարչապետի պաշտոնը ստանձնել է գիտակցումով: «Ես պատասխանատվություն վերցնող եմ, գիտակցումով եմ համաձայնել նշանակվել, աշխատել եմ թափանցիկ: Համաձայն չեմ ձեր գնահատականներին: Տիգրան Սարգսյանն ունեցել է թերություններ, բայց սկանդալների ձևակերպման հետ համաձայն չեմ: Մենք վեր ենք հանելու խնդիրները, լինելու ենք անկեղծ, չենք ամաչելու ասել, որ սխալ ենք թույլ տվել»,- ասաց վարչապետը:

Հովիկ Աբրահամյանը նշեց, որ ուզում է կոչ անել բոլորին` համագործակցել իրենց հետ, ապա նշեց, թե իրենք պատրաստ են բաց քննարկման: Դիմելով ՀԱԿ խմբակցությանը` նա նշեց. «Ձեր խմբակցությունը հայտարարում է, որ չի ուզում աշխատել կառավարության հետ, դա ձեր որոշելիքն է, ամբիոնը չպետք է լինի բռունցքների տեղ, պետք է լինի գաղափարների կռվի ամբիոն»: Նա նաև ասաց, թե նախարարներին տվել է հրահանգ՝ հարգալից լինել բոլոր պատգամավորների նկատմամբ:

Արամ Մանուկյանն էլ շեշտեց, թե ՀԱԿ խմբակցության վերաբերմունքը քաղաքական գնահատական է: «Մեր վերաբերմունքը` կառավարության հետ չաշխատելու, քաղաքական գնահատական է, ձեր անձի հետ կապված չէ, մենք խնդիր ունենք քաղաքական իշխանության հետ, դա շատ նորմալ է»,- ասաց պատգամավորը: Մանուկյանը կրկին հորդորեց գնահատական տալ Տիգրան Սարգսյանի անվան հետ կապվող սկանդալային չորս պատմություններին, ապա ասաց, թե վարչապետի գնահատականը շատ կարևոր է հենց իր համար:

Անդրադառնալով օֆշորային պատմությանը եւ նրան, որ Տիգրան Սարգսյանի ստորագրությունը փաստաթղթերում հաստատվել է, Հ. Աբրահամյանն ասաց, թե որևէ իրավական ձևակերպում կամ որևէ իրավական կառույցի գնահատական չի լսել, որը կապացուցեր այդ հանգամանքը: Ամեն դեպքում, նա նշեց, թե ինքը բացասական վերաբերմունք ունի նման արարքներին, բայց քանի որ հիմնավորում չկա, չի կարող պատասխանել: «Վարչապետը, կառավարության անդամը պետք է աշխատի շատ թափանցիկ, նման երեւույթից հեռու մնա. սա լինելու է իմ սկզբունքը: Մենք ասելու ենք այն, ինչ անելու ենք»- եզրափակիեց Հովիկ Աբրահամյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter