HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թանահատը երբևէ բնակիչներ կունենա՞

Աննա Ավետիսյան

Սիսիանից Թանահատ գյուղ հասնելու համար պետք է հատել 18 կմ անբարեկարգ ճանապարհը:

Սիսիան-Աշոտավան-Հացավան-Թասիկ եւ հակառակ ուղղությամբ տրանսպորտի աշխատանքը 1-2 ամիս առաջ վերականգնվել է: Սահմանամերձ Թանահատն ու Արեւիսն այս առումով, նույնպես չհիշվեցին: Թասիկից-Թանահատ եւս 5 կմ ճանապարհ է՝ մեքենայի անիվների ու մարդու ոտքի կարոտ: Այս ճանապարհը թերեւս միայն համայնքի ղեկավարն է կտրում ... սեփական մեքենայով, իր խոսքով՝ շաբաթը գոնե 3 անգամ համայնքից «գլուխ քաշելու» համար:

«Այստեղի բնությունը բուժիչ ուժ ունի,- ասում է համայնքապետ Արսեն Օհանյանը,- որ գալիս եմ, այլեւս չեմ ուզում գնալ, մի տեսակ հանգստանում եմ, կտրվում աշխարհից: Շատ եմ ափսոսում, որ գյուղում մարդ չի մնացել: Ձմռանն ընդամենը երկու հովիվ են ապրել՝ բռնակոթցի մի մենատնտեսի անասունները պահելու համար: 

Ճանապարհը որքան մոտենում է համայնքին, այնքան կանաչն ավելի է փարթամանում, այնքան ավելի տեսանելի է դառնում համայնքապետի նկարագրած բնության շռայլությունը. կանաչի միջից  աչքով են անում դեղինն ու կապույտը՝ մերթ-մերթ քամու հետ տարածվող հոտոտելիքը շոյող բույրով: Ահա վերջապես ճանապարհը բաժանվում է եւ աջով վեր է սլանում: Բարձունքից լեռների պարը զգալու համար մեքենայից իջնել է պետք: Դիմացի լեռնալանջին նշմարվում է կիսավեր վիճակում գտնվող 5-րդ դարի նշանավոր կառույց Թանահատի վանքը: Ներքեւում Սիսիան գետն է, որ ձնհալից «բարկացած» ու վարարած, ժամանակավորապես արգելում է վանքին մոտենալ: 

Հակառակ ուղղությամբ արդեն երեւում է նաեւ ծովի մակերեւույթից 1920 մ բարձրություն ունեցող Թանահատ գյուղը: Քիչ անց մռայլ տեսարանն ամբողջությամբ աչքի առաջ է, որ ուղղակի անհամատեղելի է շրջակա բնության հետ. Գյուղում հիմնականում կիսավեր տներ են, որոնցից քչերի վրա է տանիք երեւում: Տանիքը, եթե կա, նշանակում է ամռան ամիսներին հնարավոր է բնակիչ ունենա:

Հնարավոր է: Արդեն քանի տարի է՝ այսպես է գոյատեւում Թանահատը: Գյուղում 22 ընտանիք է գրանցված՝ 64 բնակիչ, սակայն նրա համար են ասել՝ անունը կա, ամանումը` չկա: «Ամռան ամիսներին 4-5 ընտանիքներ են գալիս,- ասում է Արսեն Օհանյանը,- իրենց տնամերձերը մշակում են, մեղվաընտանիքներ են բերում, որովհետեւ ծաղկունք ա ամռանը էստեղ, անարատ մեղրի երկիր ա: Սեզոնային բնակիչներ են, մինչեւ ձյան գալը հեռանում են: Բա ի՞նչ անեն, ճանապարհը փակվում ա, բացելն էլ լուրջ խնդիր ա մեզ մոտ: 

Սահմանամերձ, բարձր լեռնային, լքված. այսպես է բնութագում իր համայնքը Արսեն Օհանյանը: Մինչդեռ, ըստ նրա, Թանահատն անասնապահության զարգացման համար Սիսիանի տարածաշրջանի երեք ամենանպաստավոր պայմաններն ունեցող գյուղերից մեկն է: Համայնքը 1700 հա արոտ ունի, որ գրեթե չի օգտագործվում: 105 հա վարելահողերից մշակվում է 20-25 հա-ը, 4 հա տնամերձ հողատարածքներից` 0,8 հա-ը: Այստեղ մինչեւ 1990-ական թվականները ադրբեջանցիներ են բնակվել, որոնց համար ժամանակին Ջոմարդլու կոչված բնակավայրն իբրեւ ձմեռանոց է ծառայել: Շչորս Դավթյանի «Սիսիանի բնակավայրերի պատմությունը» գրքում կարդում ենք. «Ջոմարդլուի երեւան գալը կապված է համանուն թուրքական ցեղի կողմից այդտեղ արոտներ գրավելու եւ աստիճանաբար այնտեղ հիմնվելու հետ: Այդ գյուղից էր ոչ անհայտ Հեյդար Ալիեւի հայրը` Ալի-Ռզան (մայրը Որոտան գյուղից էր), որը 1918թ.-ին ընտանիքի հետ տեղափոխվել էր Նախիջեւան»: Թանահատի համայնքապետի տեղեկությամբ` թեպետ Հեյդար Ալիեւը հենց այս գյուղում է ծնվել, Նախիջեւան է տեղափոխվել երկու տարեկան հասակում: 

Ադրբեջանցիների հեռանալուց հետո մոտ 40 հայ ընտանիք են վերաբնակվել այստեղ՝ Բաքվից, հարեւան Աշոտավանից, անգամ Երեւանից: Այն ժամանակվա կոլտնտեսության նախագահ Հովսեփ Օհանյանը, ում ավելի ուշ հանդիպեցինք Աշոտավանում, պատմում  է. «Անասնաբուծական լավ ֆերմաներ էինք կառուցել, ոչնչի պակաս չունեինք… խոզ, ոչխար, կով, գյուղատնտեսական տեխնիկա, խոտը` առատ,11 հազար հավ ունեինք: Ներքեւի ձորը, որ նայում էիր, մինչեւ գետը սպիտակ հավ էր, լավ էր ապրում ժողովուրդը»: Հիշում է, թե ինչպես առաջին անգամ տարել էր կաթը հանձնելու` չէին ընդունել: Ասել էին կաթի փոշի է, հետո հասկացել էր, որ կաթի խտությունն է պատճառը: Ընկերոջ խորհրդով ջուր էր խառնել ու նորից տարել: «Այ, սա կաթ է»,- ասել էին: 

Բնակավայրի քայքայման հիմնական պատճառը, ըստ Հովսեփ Օհանյանի, այն էր, որ թույլ չտվեցին գյուղում թեկուզ տարրական դպրոց բացել: Այդպես էլ չհասկացան, թե ինչու: Աստիճանաբար մարդիկ ցրվեցին, տնտեսությունն էլ քայքայվեց ու թալանվեց:

Ներկայիս համայնքապետը Թանահատ է տեղափոխվել 1991թ.-ին: «Եկել ենք էստեղ, հող ենք ստացել, 7 տարի ապրել ենք: Երեխաները որ մեծացան, ստիպված արդեն ձմռանը գնում էինք, ամռանը գալիս, մինչեւ որ արդեն էլ բնակչություն չմնաց, մենակ մնալն էլ հարմար չէր: Քիչ-քիչ, ում երեխան դարձավ դպրոցական, ստիպված հեռացավ, հնար չկար, տրանսպորտ էլ չէր աշխատում: Բայց էդ տարիներին հիանալի ապրել ենք այ էս գյուղի բնության շնորհիվ:

Մարդ, եթե գյուղում է ապրում, հենց այսպիսի գյուղում պետք է ապրի, որտեղ հնարավոր է չնչին ծախսերով մեծ եկամուտ ստանալ,- ասում է Արսեն Օհանյանը: Նրա խոսքով` Թանահատում անասունների կաթնատվությունը կրկնակի, եռակի ավելի է, քան հարեւան համայնքներում, այդ թվում՝ իր ծննդավայր եւ բնակության վայր Աշոտավանում: «Էստեղ մի կովը օրական 18-20 լ կաթ էր տալիս, երբ իջեցրի Աշոտավան, դարձավ 5 լ: Թանահատը նաեւ շուկայից է հեռու: Պանիր էինք արտադրում, մեծ քանակությամբ կարտոֆիլ-կաղամբ էինք աճեցնում, բայց իրացնել չէինք կարողանում»: 

Գյուղը լքելու պատճառներից մեկն էլ Արսեն Օհանյանը նպաստն է համարում: «Մարդիկ ծուլացան,- ասում է,- վաճառում էին իրենց անասունը, որ նպաստ ստանային, նպաստն էլ ինչի՞ ա բերում՝ աղքատության, անգործության, գյուղի էս վիճակին: Նպաստը, եթե չլիներ, մարդիկ էս գյուղը չէին լքի, թեկուզ երեխաների՝ դպրոցն ավարտելուց հետո կգային էս հարուստ, անմահական գյուղը, ուր անգամ ձմռանն էինք խոշոր եղջերավորներին հանում արոտի. այդպիսի բան մեր տարածաշրջանում չկա»: 

Առանց բնակչի ու առանց համայնքապետարանի վարչական շենքի` Թանահատը շարունակում է պահպանել համայնքի կարգավիճակը` համայնքի ղեկավարով, երեք աշխատողով (աշխատակազմի քարտուղար, հաշվապահ, համակարգչային օպերատոր), ավագանու 5 անդամով, մոտ 4 մլն դրամ համայնքային բյուջեով: Ավագանու նիստեր, ըստ համայնքապետի, գումարվում են, ինչպես օրենքն է պահանջում, երկու ամիսը մեկ անգամ, սակայն ոչ թե Թանահատում, այլ` Աշոտավանում: Քննարկվող հիմնական հարցը, որպես կանոն, եռամսյա հաշվետվությունն է: «Դե ո՞նց ասեմ,- ժպտում է համայնքի ղեկավարը,- տեղական ինքնակառավարումն էստեղ մոդայից դուրս ա եկել»: Հետո շուրջն է նայում ու ավելացնում. «Ի՞նչը կառավարես, ի՞նչը կառավարեմ ես»: «Ի՞նչն եք կառավարում» հարցին էլ պատասխանում է. «Միայն ձգտում եմ այնպես անել, որ գյուղը մշտապես ապահովված լինի գոնե խմելու, ոռոգման ջրով, էլեկտրականությամբ, տները չքանդվեն: Ես հույսս չեմ կորցնում, որ Թանահատը երբեւէ բնակիչներ կունենա, 11 տուն ունենք, որ թեթեւակի վերանորոգումից հետո կարող է որպես կացարան ծառայել ցանկացողների համար»: 

Արսեն Օհանյանը Թանահատի համայնքապետն է 2010 թ.-ից: 2001թ.-ից մինչեւ 2010թ.-ը համայնքի ղեկավարի տեղակալն է եղել: Հունիսի 8-ին այստեղ կրկին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են: Գործող համայնքապետը նորից կառաջադրվի: Երկրորդ թեկնածուի անուն առայժմ չի շրջանառվում: Ընտրատեղամասը, ինչպես նախորդ անգամ, տեղակայված կլինի Օհանյանի տանը, քանի որ գյուղում այլ հարմար շենք չկա: Ընտրության օրը գյուղը «կկենդանանա», Թանահատում գրանցված ընտրողները կհիշեն իրենց համայնքի մասին: Չհիշեն էլ` կհիշեցնեն ... հետո նորից կմոռանան: Չնայած, ինչպես համայնքապետն է ասում, լքված այս բնակավայրի մասին վերջին տարիներին կառավարությունում սկսել են հիշել:

Թանահատի անունը, սակայն շոշափվում է լոկ այն ժամանակ, երբ խոսք է լինում համայնքների խոշորացման մասին: Ինչքան խոշորացումը շուտ լինի, էնքան էս գյուղի վերջը շուտ կգա,- նեղսրտում է,- ախր միայն Թանահատը չի, Արեւիսն էլ է դատարկվում, Թասիկն էլ... սահմանամերձ գյուղերն ապրեցնելու այլ ծրագիր է պետք»: 

Արդեն պատրաստվում էինք գյուղից հեռանալ, երբ մինչ այդ պահի թանահատյան լռությունը խախտեցին կանացի ձայներ` «Լուսո, մի 20 կիլո հավաքած կըլնե՞նք»: Ձորի պռնկին խոտաբույսեր հավաքող 2 կանայք էին: Երբ մոտեցանք, տեղեկացրին, որ հարեւան Թասիկից են եկել մանդակ հավաքելու, որ հետո պիտի 1 կգ-ը 1000 դրամով վաճառեն: 

Համայնքապետը լուռ էր, փոխարենը հայացքն էր խոսում. «Տեսնո՞ւմ եք, այստեղ բնությունն է մարդուն կերակրում»:

Մեկնաբանություններ (1)

Գեւորգ
Լավ հոդված է, չնայած շատ մեծ տխրություն է առաջացնում: Համայնքները խոշորացնելու պլանը եթե ընդունվի, ապա գյուղերի մեծ մասի ՎԵՐՋԸ ԿՏՐՎԻ, սա պիտի պարզ լինի քիչ թե շատ դատողություն ունեցող ցանկացած մեկի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter