HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հիշատակ բոլորից, բացի Վալոդից». կառավարության ու ԱԺ-ի հարցուպատասխանը

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը չի շնորհավորում Ազգային ժողով ժամանած նոր կառավարությանը: «Չեմ շնորհավորում ձեզ` հայտնի պատճառներով»,- կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ հայտարարեց ՀԱԿ պատգամավորը: Հիշեցնենք, որ սա առաջին հարց ու պատասխանն է, որին մասնակցում է նորանշանակ Հովիկ Աբրահամյանը:

Փաշինյանը հարց ուղղեց իր հեղինակած օրենքի նածագծի մասին, որով առաջարկում է նվազեցնել ճանապարհային երթևեկության խախտումների համար նախատեսված տուգանքները և ասաց, որ, իրեն հասած տեղեկություններով, կառավարությունը բացասական եզրակացություն է տվել իր նախագծին:

Նա կոչ արեց կոնկրետ ժամկետներ ներկայացնել, հարցրեց, թե ինչպիսի՞ն կլինի տուգանքների նվազեցման հարցը: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ պատգամավորի վերաբերմունքից նեղսրտեց  ու տեղից արձագանքեց. «Մեր հայկական սովորույթն է` հյուրերին ջերմ են ընդունում»:  

Ի պատասխան՝ ՀՀ արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հրայր Թովմասյանը ասաց, թե խորհրդարանական լսումների ընթացքում խնդիրը բարձրաձայնվել է, միայն մեխանիկորեն իջեցնելը չի հանգեցնելու խնդրի բուն նպատակի լուծմանը: Նախարարը տեղեկացրեց, որ այս հարցով ստեղծված հանձնաժողովը օպտիմալ թվեր կներկայացնի մոտ ժամանակներում, ապա անդրադառնալով նրան, որ Ն. Փաշինյանը չի շնորհավորում կառավարությանը, Հ. Թովմասյանը նկատեց. «Մի անեկդոտ կա. տապանաքարի վրա գրված է՝ հիշատակ բոլորից, բացի Վալոդից»:

 Հիշեցնենք, որ քիչ առաջ ՀՀ նախագահի հրամանով արդարադատության նոր նախարար է նշանակվել Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը:

Ն. Փաշինյանն էլ հակադարձեց. «Քանի որ նոր կառավարության նոր կազմը դեռևս չի ձևավորվել, ասեմ, որ ձեր փոխարեն Վալոդ անունով նախարար է նշանակվելու»: Ինչ վերաբերում է Գալուստ Սահակյանի դիտարկմանը, ապա Փաշինյանը խոստացավ հաջորդ անգամ ավելի ջերմ լինել: «Առաջին անգամն էր, չուզեցի ջերմ լինել»,- կատակեց նա: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter