HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զուրաբյանը՝ նախարարին. «Ինչո՞ւ մենք տեղեկատվություն պետք է ստանայինք Բելառուսի նախագահից, այլ ոչ թե Հայաստանի ԱԳՆ-ից»

Դիմելով ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին՝ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը այսօր ԱԺ-ում ընթացած հարցուպատասխանի ժամանակ հարցրեց, թե ինչո՞ւ են հիմնական որոշումները գաղտնի պահվում ժողովրդից, պատգամավորներից: Լևոն Զուրաբյանը հայտարարեց, թե ցանկբանում է անդրադառնալ իշխանության և մասնավորապես կառավարության այնպիսի կարևորագույն գործողությունների իրականացմանը, ինչպիսին է վարվող քաղաքականության վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու հարցը:

«Համաձայն որոշ տեղեկությունների՝ այդ մասին խոսել է նաև նախարարը, Հայաստանը ոչ թե Մաքսային միության պայմանագրերն է ստորագրելու, այլ միանգամից ստորագրելու է Եվրասիական միության փաստաթղթերը: Հետո տարածեց տեղեկություն, որ Մինսկում պետք է հանդիպում տեղի ունենա, բայց տեղի չունեցավ: Մենք որևէ բացատրություն ՀՀ իշխանության, կառավարության կողմից չստացանք: Սա ինչ-որ եզակի մի էպիզոդ չէ, այն ոճն է, որը դավանում է այս իշխանությունը»,- ասաց Լ.Զուրաբյանը: Նա նաև հիշեցրեց, որ հայ-թուրքական արձանագրությունների համաձայնեցման մասին տեղեկատվությունը հրապարկվեց միայն մի քանի ամիս հետո, և այն գաղտնի էր պահվել ժողովրդից: Հետո նույն խնդիրը եղել է Եվրաասոցացման բանակցային գործընթացի ժամանակ, երբ ամիսներ շարունակ բանակցության սեղանին էին համաձայնագրերը, կար հազար էջից ավելի փաստաթուղթ, որի մասին խոսեց Շ. Ֆյուլեն, բայց այդպես էլ հանրությունն այն չտեսավ: Նույն գաղտնիության շղարշը, ըստ Զուրաբյանի, շարունակվում է նաև հիմա: «Լավրովը հայտարարում է, որ 126 կետից 111-ը Հայաստանն արդեն կատարել է: Տպավորություն է ստեղծվում, որ դուք հաշվետու եք լինում Վաշինգտոնի, Բրյուսելի Մոսկվայի առջև, ոչ թե սեփական ժողովրդի: Ինչո՞ւ մենք նման տեղեկատվություն պետք է ստանայինք Բելառուսի նախագահից, այլ ոչ թե Հայաստանի ԱԳՆ-ից, կառավարությունից, վարչապետից»,- նշեց ՀԱԿ խմբակցության ղեկավարը:

Ի պատասխան հնչեցրածին՝ Էդվարդ Նալբանդյանն ասաց, որ Մինսկում տեղի ունեցած Եվրասիական տնտեսական բարձր խորհրդին չմասնակցելը բացատրվել է ՀՀ ԱԳ նախարարի խոսնակը կողմից: Ամեն դեպքում,  նա նշեց, որ այն անցկացվում է երեք երկրների՝ եվրասիական տնտեսական բարձր խորհրդի մակադակով, որին ՀՀ-ն դեռ մաս չի կազմում:

Ինչ վերաբերում է Մաքսային միությանը, ապա նախարարն ասաց, որ հրապարկվել է ճանապարհային քարտեզը, և ըստ օրակարգի՝ այդ հարցը ներկայացնելու էր եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահը: Նալբանդյանը հորդորեց նաև զուգահեռներ չտանել հայ-թուրքական արձանագրությունների, Մաքսային միության կամ Եվրաասոցացման համաձայնագրի միջև՝ նշելով, որ հայ-թուրքական արձանագրությունները աննախադեպ էին, որովհետև հրապարավեցին ստորագրումնից վեց շաբաթ առաջ: Նա նշեց, որ միջազգային պայմանագրերի դեպքում ընդունված չէ ստորագրումից առաջ որևէ բան հրապարակելը:

«Սխալ է եզրակացություններ անել, որ գաղտնիքներ են պահվում: Մենք Բրյուսել հարցում արեցինք և այնտեղից եղավ պատասխան, որ այն դեռ անգամ նախաստորագրված չէ ու ընդունված չէ հրապարակել: Ոչ թե Հայաստանն է պահում կամ… գաղտնիք չկա դրա մեջ, մանրամասների մասին բացատրություններ են տրվել»,- հավաստիացրեց նախարարը:  

Լևոն Զուրաբյանն էլ հակադարձեց, թե իր հարցը ոչ այնքան տեխնիկական էր, որքան բովանդակային: «Մեզ կարևոր է տեղեկատվություն ստանալ իշխանության ընդհանուր ուղղությունների մասին: Երբ հանդիպում էինք Ֆյուլեի հետ, խոսում էինք բանակցային գործընթացի մասին, նա ասաց, որ Ուկրաինայի ԱԳ նախարարը ռադայում ներկայացրել էր փաստաթղթի ընդհանուր գծերը: Չստացվի, որ առավոտ արթնանում ենք ու իմանում, որ հայտնվել ենք Եվրաասոցացման ուղղության մեջ կամ հակառակը: Հարցն այն է, որ այս բոլոր հարցերը ստանան լայն հնչեղություն, որ դիրքորոշումները լուրջ հասարակական դեբատների առարկա դառնան, որ պարզ լինի փաստարկները, հակափաստարկները: բայց դուք հանրությանը չեք ուզում մասնակից դարձնել, թիկունքում եք գործում»,- ասաց պատգամավորը:

ԱԳ նախարարն էլ ասաց, թե բազմաթիվ քննարկումներ այդ ուղղությամբ տարվել են: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter