HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոքր գրադարանների մեծ հոգսերը օրենքը չի մեղմացնում

Արմինե Ղուկասյան

Մեր կողքին իրենց համեստ ու աչքի չընկնող գոյությունը պահպանող համայնքային գրադարաններին անդրադառնում ենք տարվա մեջ հատուկենտ օրեր, հիշում` դեպքից դեպք: Գրադարանի մասին պատկերացումներն էլ, մանավանդ եթե չկա անմիջական շփում, սկսվում եւ ավարտվում են տասնամյակների վաղեմություն ունեցող, կիսամաշ գրքերի կապուկների, սակավ այցելուների, միապաղաղ առօրյայի տեսարաններով: Անկախ անդրադարձումներից եւ պատկերացումներից` այս կառույցի աշխատակիցները փորձում են սուղ հնարավորություններով, ունեցած քիչ միջոցներով անել կարելին, որպեսզի պահպանեն տասնամյակներով ձեւավորված ավանդույթները` այդ ճանապարհին չկորցնելով հավատարիմ ընթերցողներին: Գրադարանին եւ գրադարանավարին երկու տարի առաջ օգնության հասավ «Գրադարանների եւ գրադարանային գործի մասին» օրենքը, որը եկել է լրացնելու այս ոլորտում մինչ այդ եղած բացերը, կարգավորելու ոլորտը:

Օրենքը սահմանում է. «Գրադարանը տեղեկատվական, մշակութային, գիտական եւ կրթական գործունեություն իրականացնող կազմակերպություն է ...»:

Համայնքային գրադարանները թե որքանով են կարողանում համատեղել այս 4 բաղադրիչները, դժվար է ասել, քանի որ ժամանակակից պահանջներն ու առկա հնարավորությունները ոչ միշտ են խաչաձեւվում:

Սեւանի քաղաքապետարանի կրթության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի բաժնի պետ, մասնագիտությամբ գրադարանավար-մատենագետ Անահիտ Հովհաննիսյանը ներկայումս համայնքային գրադարաններին վերապահում է մեկ գործառույթ` սպասարկում: Դրա համար նա ունի իր հիմնավորումները: «30 տարի աշխատել եմ գրադարանային համակարգում, որից 7 տարին` որպես տնօրեն, եւ առավել քան լավ գիտեմ այս գործի նրբությունները: Ժամանակին գրադարանները բավարարում էին գրեթե բոլոր պահանջները` տեղեկատվականից մինչեւ մշակութային, եւ իսկապես ձեւավորում էին համապատասխան միջավայր: Այժմ, երբ գրադարանները չեն կարող ձեռք բերել կամ ստանալ ժամանակակից գրականություն` ե՛ւ մասնագիտական, ե՛ւ գեղարվեստական, առկա գրքային ֆոնդի մեծ մասն այլեւս օգտագործելի չէ, տեղեկատվական բաղադրիչի մասին խոսելն անգամ ավելորդ է,- ասում է բաժնի պետը: Նրա աասելով, եթե ազգային կամ մայրաքաղաքային շատ գրադարաններ ունեն տեղեկատվական մեծ բազա, եւ այն միշտ թարմացվում է ժամանակին համահունչ ու պահանջված գրականությամբ, տեղեկատվական միջոցներով, ապա Սեւանում վերջին էական թարմացումները եղել են անցյալ դարի 90-ական թվականներին:

Սեւանի գրադարանային համակարգն ունի 109,722 կտոր գրքային ֆոնդ, որն ավելանում է մեծ մասամբ նվիրատվությունների հաշվին: Սակայն եղած գրաֆոնդի քիչ մասն է գրավում ընթերցողին, մանավանդ տեղեկատվական հոսքերի այս ժամանակաշրջանում: Համաձայն օրենքի` «գրադարանային հավաքածուները տեղեկատվական, նյութական տարբեր կրիչների ամբողջություն են»: Սեւանի գրադարաններում առկա տարբեր կրիչների մասին խոսելը դեռ վաղ է, քանի որ այս առումով գրադարանային համակարգը  առաջին քայլերն է անում: «Շատ գրքեր այլեւս չեն կարդում. դրանք ժամանակավրեպ են, շրջանառու ֆոնդն էլ մաշվել է,- նշում է քաղաքապետարանի կրթության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի բաժնի պետ Անահիտ Հովհաննիսյանը,- այսօրվա ընթերցողների հետաքրքրությունների շրջանակը շատ ավելին է, պահանջները` եւս, ինֆորմացիոն հոսքերն էլ գալիս են անընդհատ եւ տարբեր միջոցներով: Պարզ է, որ գրադարանների վրա հույս դնելն անտրամաբանական կլինի»: 

Անահիտ Հովհաննիսյան Ֆրունզե Հարությունյան

Արդեն 12 տարի «Սեւանի Վ. Ստեփանյանի անվան ԳԿՀ» ՀՈԱԿ-ը տնօրինող Ֆրունզե Հարությունյանը թվարկում է գրադարանային բազմաթիվ խնդիրները, այդ տարիների ընթացքում իրականացված աշխատանքները: «Գրադարանների նկատմամբ պատշաճ ուշադրության եւ լուրջ մոտեցումների դեպքում շատ խնդիրներ կարող են լուծվել: Ուշադրության մեկ քայլն էլ «Գրադարանների եւ գրադանային գործի մասին» օրենքի ընդունումն էր 2012թ·-ին: Ի սկզբանե օրենքը նպատակ ուներ լուծելու գրադարանների գործունեության կազմակերպման եւ ֆինանսավորման հարաբերությունները, ապահովելու ոլորտի զարգացման իրավական հիմքերը: Ակնկալել, որ երկու տարվա ընթացքում տասնամյակներով կուտակված հիմնախնդիրները կարող են լուծվել, անգամ իրատեսական չէ»,- ասաց Ֆրունզե Հարությունյանը: 

Չնայած գրադարանների ապահովագրության ճանապարհին սա սպասված քայլ էր, սակայն առանց համապատասխան չափորոշիչների եւ նորմատիվների ընդունման, այն ավելի շատ կրում է դեկլարատիվ բնույթ: «Օրենքին հետեւում են մասնագիտական որակավորմանը վերաբերող չափորոշիչները, սակայն դա շատ քիչ է աշխատանքների կազմակերպման համար: Պրակտիկ աշխատանքի ընթացքում զգացնել է տալիս նորմատիվների պակասը: Օրինակ, մեկ գրադարանավարը քանի ընթերցողի պետք է սպասարկի: Ողջունելի  է այն, որ օրենքը հստակեցնում է որոշ հարցերի պատասխաններ, սակայն գրադարանային գործի նկատմամբ այլ պահանջներ էլ կան, որոնք պետք է վերանայել` խորհրդակցելով նաեւ փորձառու գրադարանավարների, այս ոլորտի պրակտիկ մասնագետների հետ»,- ասում է Անահիտ Հովհաննիսյանը: 

Մինչ վերանայումների եւ փոփոխությունների ժամանակը գա, ԳԿՀ-ի տնօրեն Ֆ· Հարությունյանը լուրջ ձեռքբերում է համարում Սեւանի գրադարանների համակարգի հավատարմագրումը եւ հանրային գրադարանի կարգավիճակ ստանալը, որը եւս ամրագրված է օրենքով: «Մեր գրադարանային համակարգը բավարարում էր այն բոլոր պահանջները, որոնք անհրաժեշտ էին հանրային գրադարանի կարգավիճակ ստանալուն: Գեղարքունիքի մարզում մեր ԳԿՀ-ն միակն է, որ մշակույթի նախարարությունում հավատարմագրվել է եւ ստացել հանրային գրադարանի կարգավիճակ: Կարգավիճակը միաժամանակ թույլ է տալիս օգտվել տեխնիկական, գույքային եւ աբոնենտային վերազինման, գրադարանավարների պետական վերապատրաստման ծրագրերից, մեթոդական օգնությունից, այն  աջակցություններից, որ կառավարությունը նախատեսել է գրադարանների համար: Ուրախությամբ պետք է նշեմ, որ Սեւանի ԳԿՀ-ն ընդգրկվել է կառավարության հաստատած զարգացման ծրագրում, որի արդյունքում տարեսկզբին մեզ է հատկացվել մեծ քանակությամբ գույք, գրականություն, 2 համակարգիչ, տպիչ սարք: Հնարավորություն ունենք օգտվել նաեւ համացանցից: Ի դեպ, ծրագիրը շարունակական է, սպասվում են նոր հատկացումներ»,- ասում է ԳԿՀ-ի տնօրեն Հարությունյանը: 

Հավատարմագրման եւ հանրայինի կարգավիճակ ստանալը համայնքային գրադարանների համար, թերեւս, օրենքի ամենառացիոնալ հոդվածն է, սակայն սա էլ այն դեպքում, երբ այդ գրադարանները բավարարում են մի շարք պահանջներ: Թվարկենք մի քանիսը` «ունի պահպանության, հավաքածուների դասակարգման, գրադարանային գործունեության համար համապատասխան տարածք, գույք», «ունի լիազորված պետական մարմնի սահմանած գրադարանային աշխատողների մասնագիտական որակավորման չափանիշներին համապատասխան որակավորված մասնագետներ», եւ այսպես` 7 պահանջ: 

Իհարկե, համայնքային ոչ բոլոր գրադարաններն են ի վիճակի բավարարել այս եւ նմանատիպ  պահանջները, եւ ուրեմն, շատ գրադարանների համար հավատարմագրվելու մասին  խոսք լինել չի կարող: Սեւանի գրադարանային համակարգը հաղթահարել է այդ պատնեշը, արդեն ունի հանրային գրադարանի կարգավիճակ, սակայն դրանից հիմնախնդիրների շրջանակը դեռեւս չի փոքրացել: Պայմանավորված այդ հիմնախնդիրներով` 2014թ· տարեսկզբին ԳԿՀ-ի 6 գրադարաններից 4-ը փակվեց: Կենտրոնական եւ մանկական գրադարաններում, որոնք արդեն գործում են մեկ տանիքի տակ, աշխատում է 10 գրադարանավար` սպասարկելով 6000-ից ավելի ընթերցող: Գրադարանավարներից 4-ն ունի մասնագիտական բարձրագույն կրթություն, մյուսները` բարձրագույն եւ միջին մասնագիտական: Գրադարանավարների միջին տարիքը 45-50 է: Փաստորեն, սա էլ արդեն ծերացող մասնագիտություն է: 

Քաղաքապետարանի կրթության բաժնի պետը համայնքում չի հիշում որեւէ մեկին, ով վերջին տասնամյակներում ընտրել է գրադարանավարի մասնագիտություն: Երիտասարդների համար այն այլեւս գրավիչ եւ պահանջված չէ, ավելին, չունի հեռանկար: Կանցնի որոշ ժամանակ, եւ գրադարանավարների բանակը կնոսրանա: Այս մասնագիտության նկատմամբ դրական վերաբերմունք ձեւավորելու համար նախ` պետք է դեմքով շրջվել դեպի գրադարանները: Օրենքին պետք է գան լրացնելու բազմաթիվ ծրագրերն ու ձեռնարկները, մշակվի աշխատանքային կանոնադրություն:   «Գրադարանների շնչառությունն ապահովում են նաեւ բազմաբնույթ եւ տարատեսակ միջոցառումները, ցուցադրությունները, որոնք անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման են այս կառույցի նկատմամբ հետաքրքրությունը մեծացնելու համար: 

Սեւանի գրադարանը ունեցել է լավ ավանդույթներ, այսօր էլ աշխատակիցները փորձում են գրադարանի վարկանիշը բարձր պահել եւ ունեցածը պահպանել: Այս ճանապարհին փոքր գրադարաններին պետք է ձեռք մեկնի մշակույթի նախարարությունը: Թողնել գրադարաններին իրենց խնդիրների հետ դեմ առ դեմ եւ, համարելով  համայնքինը, միայն օրենքով կարգավորել խնդիրները, հնարավոր չէ»,- նշում է Հովհաննիսյանը: Համայնքների հովանու ներքո գործող եւ ֆինանսավորվող գրադարաններն էլ կամ՝ փորձում են պահպանել իրենց գոյությունը, կամ էլ փակվում են` հեռանկարի ոչ մի նշույլ չունենալով: ԳԿՀ-ի տնօրեն Ֆրունզե Հարությունյանի համոզմամբ` գրադարանի վաղը ժամանակի հետ համահունչ լինելով է պայմանավորված: «Ընթերցողին գրավելու համար պետք է ունենալ գեղեցիկ կահավորված սրահներ եւ ընթերցասրահ, ապահովել տեխնիկական հագեցվածություն, ստեղծել գրավիչ միջավայր: Այն պետք է իսկապես դառնա մշակութային օջախ, ինչպես նաեւ երիտասարդների համար ինտելեկտուալ աճի խթան, որն այժմ դեռեւս  միայն ցանկություն է»,- եզրակացնում է ԳԿՀ-ի տնօրենը: 

«Գիտատեխնիկական առաջընթացի դարում այս ոլորտի նկատմամբ լուրջ մոտեցում է պետք: Ընդունված եւ գործող օրենքն էլ պետք է լինի կենսունակ, որից պետք է բխեն այլ նորմատիվներ, մշակվեն չափորոշիչներ, հստակեցվեն գրադարանային գործին առնչվող շատ խնդիրներ եւ հարաբերություններ»,- ամփոփում է Անահիտ Հովհաննիսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter