HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խիզախ հայը` Հրանտ Դինք

Հունվարի 19-ին, երեկոյան ժամը 5-ին մոտ Օգյուն Սամաստ անունով 16-ամյա թուրք տղան սպանեց Ստամբուլի «Ակոս» թերթի խմբագիր, թուրքահայ հանրահայտ գործիչ Հրանտ Դինքին։

16-ամյա պատանու այս հանցագործությունը կարելի էր պատահականություն կամ սխալմունք համարել, եթե վերջին երեք տարում Դինքը հայտնված չլիներ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում։ Իսկ նա հանրահայտ էր դարձել այն պարզ պատճառով, որ փորձել էր հակադրվել Թուրքիայի օրենքներին ու հասարակական կարծիքին։ Մասնավորապես, նա «անզգուշություն» էր ունեցել քննադատելու Թուրքիայի պետական հիմնը, որում թուրքերը համարվում են հերոսական ազգ, եւ այդ օրհներգը պարտավոր են կատարել նաեւ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները։ Դինքը քննադատել էր նաեւ Թուրքիայի դպրոցների աշակերտական երդումը՝ «Ես թուրք եմ, ես ազնիվ եմ, ջանասեր», որը պետք է ասի ամեն երեխա՝ անկախ ազգությունից։ Եւ վերջապես համարձակություն էր ունեցել խոսելու հայոց ցեղասպանության մասին, ինչի համար էլ նրան փորձում էին դատել Թուրքիայի օրենսգրքի 301-րդ հոդվածով՝ «վիրավորանք թրքությանը»։ Սա նույն հոդվածն է, որով դատում էին թուրք հանրահայտ գրող, Նոբելյան մրցանակի 2006 թվականի դափնեկիր Օրհան Փամուքին՝ մեկ միլիոն հայ զոհերի մասին խոսելու համար։

Մի հարցազրույցում Հրանտ Դինքն ասել էր, թե պետք է հրաժարվել թուրքերի նկատմամբ թշնամանքից, քանի որ այն թունավորում է մեր արյունը։ Հայ լրագրողի ու խմբագրի այս արտահայտությունը Թուրքիայում ներկայացվել էր այլ կերպ՝ իբր թուրքական արյունը թունավոր է, կամ` թե թուրքերն ունեն կեղտոտ արյուն։ Սա էլ պատճառ էր դարձել, որպեսզի Դինքը դառնա թուրքական պետության եւ հասարակության ազգայնական հատվածի թիրախը, ինչն էլ ավարտվեց հունվարի 19-ի ողբերգությամբ։ «Ես երբեք չեմ վիրավորել ու չեմ վիրավորի որեւէ ժողովրդի,- ասում էր նա։-Հայը չի կարող նման բան անել։ Մենք չենք վիրավորում, այլ փնտրում ենք մեր իրավունքը։ Ես հենց դրա մասին եմ խոսում, որ փնտրում եմ իմ իրավունքը, իմ նախնիների իրավունքը»։

Իրականում Հրանտ Դինքը մեծ հարգանք էր վայելում Թուրքիայի առաջադեմ, ժողովրդավարական ուժերի շրջանում, քանի որ նրանք հասկանում էին, որ «Թուրքիա-Հայաստան» հարաբերությունները եւ, մասնավորապես, ցեղասպանության ճանաչումը հայերի եւ թուրքերի հարցն է, եւ որ այն չպետք է դարձնել մեծ տերություների շահարկման առարկա։

Ֆրանկֆուրտում ունեցած մի ելույթում Դինքն ասել էր. «Եվրոպան կարեւորագույն դեր է ունեցել 1915 թվականի ողբերգության մեջ՝ շահարկելով հայկական հարցը, եւ մինչեւ օրս էլ օգտագործում է այն իր նպատակների համար»։

1996-ին հիմնելով «Ակոս» թերթը` Հրանտ Դինքը նպատակ ուներ զրույց սկսել ոչ միայն թրքահայության, այլեւ թուրք հասարակության հետ։ «Ա1+»-ին տված մի հարցազրույցում նա այսպես է ներկայացնում իր թերթի նպատակը. « Եթե նախկինում մեր ասելիքը թուրք իշխանավորներին ու պետական այրերին մենք միայն ծրարներով ու նամակներով էինք հասցնում, ապա պետք էր խոսել ոչ միայն նրանց հետ, այլեւ թուրք ժողովրդի հետ: Իսկ խոսել մենք կարող էինք մամուլի միջոցով եւ իրենց լեզվով»։

Թուրքահայ լրագրողը համոզված էր, որ ցեղասպանությունը պիտի ճանաչվի, եւ ճանաչողը պիտի լինի Թուրքիան թուրք հասարակության ճնշման տակ, եւ ոչ թե Եվրոպայի կամ Ամերիկայի քաղաքական խաղերով։ Նա կարծում էր, որ Սփյուռքում շատերը կուրացած են ատելությամբ եւ առաջնորդվում են միայն զգացմունքներով։ «Նրանք գտնում են, որ Թուրքիան ունակ չէ փոփոխությունների, բայց աշխարհում ամեն ինչ է փոխվում։ Դուռը շրխկացնելով խնդիրը չես լուծի, այլ՝ հակառակը»,- ասում էր Հրանտ Դինքը։

Ի տարբերություն Հայաստանի եւ Սփյուռքի հայ գործիչների, նա համոզված կողմնակիցը կամ, կարելի է ասել, ջատագովն էր Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության, որովհետեւ հայերի իրավունքների հարցը տեսնում էր այդ երկրի ժողովրդավարացման համատեքստում։ «Ես իմ կյանքն ապրել եմ Թուրքիայում, այնտեղ անցկացրել մանկությունս։ Ես չեմ հավատում ուժային լուծումներին, ես ավելի շուտ հավատում եմ երկխոսությանը։ Թող սկսվեն անդամակցության շուրջ բանակցությունները։ Դա Թուրքիայում ժողովրդավարությունը զարգացնելու լավագույն միջոցն է»։

Եվրոպայի մերժումը նա համարում էր թուրք ժողովրդավարների պարտությունը եւ ընդհանրապես այդ երկրում ժողովրդավարության վախճանը։ Դինքը մտահոգություն ուներ, որ դրա հետեւանքները ծանր կլինեն Հայաստանի համար. «Ի՞նչ կլինի, եթե Թուրքիան փակվի ինքն իր մեջ»։

Դրսի ճնշումն ու պարտադրանքը մի օր կարող է բերել նրան, որ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը, բայց դա, ըստ Հրանտ Դինքի, « թուրքերի մտածողության մեջ շատ բան չի փոխի» ։ Նա գտնում էր, որ Հայոց ցեղասպանությունն ընդունելով` Թուրքիան չի դառնա ժողովրդավար։ Նրա կարծիքով` երկիրը պետք է դառնա ժողովրդավարական, եւ թուրքական ժողովրդավարության պահանջը պետք է լինի հայերի ցեղասպանությունն ու նրանց իրավունքները ճանաչելը։ « 1915-ը ոչ ժողովրդավար Թուրքիայի կողմից ճանաչելը քիչ բան կտա հայերիս»:

Հրանտ Դինքն առհասարակ վերապահումով էր մոտենում աշխարհին Հայոց ցեղասպանությունը ճանաչել տալու հայության ջանքերին, իսկ Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության մերժումը քրեորեն պատժելի դարձնելու օրինագիծը պարզապես անընդունելի էր մի մարդու համար, ով մի քանի անգամ ստիպված էր եղել «ցեղասպանություն» բառն արտասանելու պատճառով կանգնել թուրքական դատարանի առջեւ։ Նա գտնում էր, որ Թուրքիային ժողովրդավարական արժեքներ պարտադրելու փոխարեն ֆրանսիացիները յուրացնում են նրա սխալ օրենքները։ «Եթե այս օրինագիծն օրենք դառնա, ես կլինեմ առաջիններից, ով կգնա Ֆրանսիա եւ կփորձի խախտել այն։ Եվ թող Թուրքիան ու Ֆրանսիան մրցեն, թե ով է առաջինն ինձ բանտ նետելու»։

Որպես լրագրող եւ խմբագիր` նա չափից ավելի բարձր էր գնահատում խոսքի ազատությունը, եթե անգամ այդ ազատության գինը հասարակության մի զգալի հատվածի կողմից թշնամի համարվելն էր եւ, ինչու ոչ, կյանքին սպառնացող վտանգը։

Բազմիցս նա ասել էր, որ եթե թուրքական դատարանն արդարացման վճիռ չընդունի, ինքը ստիպված կլինի հեռանալ հայրենի երկրից, բայց վերջին հոդվածում, որը հրապարակվեց ողբերգական սպանությունից հետո, ինքն իրեն հերքել էր՝ ասելով. ««Դժոխքի կրակները» լքելով «երկինք» փախչելն ինձ համար չէ։ Ես ուզում եմ այս գեհենը երկինք դարձնել»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter