HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աուտիզմ ունեցող երեխաները կփոխեն աշխարհը

Կիմա Խաչատրյան

«Ուկրաինա՝ Կիև, Կորեա՝ Սեուլ, Բելառուս՝ Մինսկ, բնակչության թիվը չեմ հիշում այս պահին: Սիրում եմ Մինսկը. մաքուր քաղաք է, այգիներ կան: Շինարար եմ դառնալու, որ մեր քաղաքը մաքուր պահեմ»,- դրոշների հավաքածուն  ներկայացնում էր երկու եղբայրներից մեկը՝ Ալիկը:  Ալիկի եւ Արտյոմի նախասիրությունները հաճախ են փոխվում, բայց դրոշներ հավաքելը ամենասիրելի զբաղմունքն է:

Տղաների մայրը`Լաուրա Պողոսյանը պատմում է, թե ինչպես էին իր տղաները դժվարանում հաղորդակցվել: Հետո բժիշկները աուտիզմ ախտորոշեցին:
«Չորս տարեկանից դա արդեն նկատելի էր: Այն ավելի ակնհայտ դարձավ, երբ վեց տարեկանում տղաներս դպրոց գնացին: Շատ դռներ թակեցինք մինչև հասանք հաջողության: Միայն Ալիկն է դպրոց գնում, Արտյոմը ՝ ոչ: Արտյոմս ավելի խորը աուտիկ է: Տասնհինգ րոպե տարբերությամբ են լույս աշխարհ եկել: Նրանք իմն են: Շատերը խորհուրդ են տալիս եկեղեցի գնալ, Աստվածաշունչ կարդալ, իսկ ես պատասխանում եմ, որ իմ եկեղեցին իմ տունն է: Աստված այսպիսի երեխաներ տալիս է միայն ուժեղ ծնողներին: Պատկերացնո՞ւմ եք, եթե հանակարծ այս երեխաները թույլ ծնողների ձեռքն ընկնեին: Հոգեբաններից էլ ավելի շատ նրանցով պետք է զբաղվենք մենք՝ ծնողներս: Միայն մենք գիտենք, թե որքան դժվարությունների միջով ենք անցել:  Իմ հոգին մաքրվել է: Գիտեմ, որ այս երեխաները մաքուր են, նրանք ստել չգիտեն, նրանք չգիտեն, թե ինչ  է փողը, հարստությունը, կեղծիքը»,- պատմում է Լաուրա Պողոսյանը:

Ալիկը հետաքրքրված է աշխարհագրությամբ ,  ֆիզիկայով և քաղաքականությամբ: Գիտի ճանապարհատրանսպորտային նշանները, սիրում է դիտել հաղորդումներ, որտեղ երկխոսություններ կան: Ալիկն ու Արտյոմը հաճախ «կերպարանափոխվում» են. սիրում են որևէ ֆիլմի հերոսի  նմանակել, նույն ձայնով կամ առոգանությամբ խոսել:

Լաուրա Պողոսյանը մանկավարժ է: Նա կոչ է անում աուտիզմ ունեցող բոլոր երեխաների ծնողներին, որ չթաքցնեն իրենց երեխաների աուտիզմ ունենալու փաստը և պայքարեն: Նա գիտի, որ շատ ծնողներ թաքցնում են երեխաների աուտիկ լինելը:

Արտյոմը՝ ձախից Ալիկը

«Իմացեք, եթե ծնողը թաքցնի իր երեխայի խնդիրը և չդիմի համապատասխան մասնագետի, ուրեմն քար կգցի երեխայի ճակատագրի վրա: Ծնողները  միասին պետք է զբաղվեն երեխայով, համբերատար բացատրեն այս կամ այն առարկայի դերը կյանքում»-ասում է Լաուրա Պողոսյանը:

Տղաների մայրը վշտացած է հասարակության վերաբերմունքից և անտարբերությունից: Բացի բասկետբոլի պարապունքներից, ցանկություն է ունցել, որ տղաները պարի դասերի հաճախեն, սակայն դուռը փակել են նրանց դիմաց՝ ասելով, որ երեխաները կոորդինացման խնդիր ունեն, չեն կարող ընդունել:

«Իմ տղաները հաճույք են ստանում խոտերի մեջ գլորվելուց : Գուցե քաղաքի կենտրոնական հատվածներում այդ ամենին արդեն նորմալ են նայում, բայց այլ այգիներում, պուրակներում, վստահ եմ, որ ճիշտ չեն հասկանա: Եթե իմ ներկայությամբ են փորձում մարդիկ այլ աչքով նայել, իսկ ի՞նչ կանեն, եթե նրանք մենակ լինեն: Սարսափելին այն է, որ դա անում են տարիքով կանայք, մայրերը: Երթուղայինում, եթե տղաներիցս մեկը որևէ ֆիլմից մի հատված հիշի և ցանկություն ունենա նմանակել, այդ հերոսի ձայնով խոսել, բոլորը կշրջվեն ու կնայեն: Ես վախենում եմ այդ ծաղրանքից, հայացքներից»,-պատմում է մայրը:

Արտյոմը Ալիկը

Աուտիզմ ախտորոշում ունեցող երեխաների մոտ շատ զարգացած է մեխանիկական աշխատանքը: Հիմնական բնութագրիչ հատկություններն են ՝ խոսքի, լեզվի օրինաչափությունների խանգարումը, ժեստերի բացակայությունը կամ դրանց քիչ կիրառումը, հաճախ կրկնվող շարժումները, ինչպես նաև ձայներին չարձագանքելը: Շատ աուտիկներ ցուցաբերում են ընկալման և ուշադրության գերազանց ունակություններ:

Տիկին Լաուրայի երազանքն է, որ որդիները «Թումո»  ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն հաճախեն:
«Հույս ունեմ, որ մի օր տղաներս հնարավորություն կունենան  այնտեղ հաճախել: Ես տեսնում եմ նրանց մեջ այդ ունակությունները: Սակայն պետության կողմից տրամադրվող 17.800 դրամը (թոշակը ամբողջապես տրամադրում են հոգեբաններին)  և իմ աշխատավարձը չգիտեմ, թե որքանով կբավականացնեն  ուսման համար: Ամերիկացիներն ասում են՝ գուցե հենց նրա՞նք են ապագայի երեխաները»,-ավելացնում է մայրը: 

Հ.Գ. Ըստ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» փակ բաժնետիրական ընկերության կազմում գործող մանկական հոգեբուժական դիսպանսերի տվյալների, 2007-2013 թթ. ընթացքում , 0-18 տարեկան երեխաների շրջանում հայտաբերվել և ախտորոշվել է աուտիզմի 725 առաջնակի դեպք (ըստ տարիների համապատասխանաբար ՝ 73, 78, 80, 105, 118, 121,150 ):

Լուսանկարները՝ Սարո Բաղդասարյանի

Մեկնաբանություններ (3)

Սաթենիկ
Կարող եք այս կմոջ կոնտակտները տալ, ուզում ենք որևէ կերպ աջակցել
Լարիսա
Լրագրողը հուզող թեմա էր ընտրելՃՃՃ Լավ է, որ անդրադառնում են այսօրինակ թեմաների
Կարինա Կարապետյան
Ես ապագա հոգեբան եմ և ուսումնասիրում եմ աուտիզմ ունեցող երեխաներին, ուսումնասիրում եմ նաև, թե ինչպե?ս են լրատվամիջոցները խոսում, գրում նրանց մասին: Հետքի միայն այս լրագրողի հոդվածում էր, որ տեսա այսպիսի վերնագիր ՝Աուտիզմ ունեցող երեխաները...սա շատ կարևոր նրբություն է, որ լրագրողը հաշվի է առել: Խնդրում եմ օգնել գտնել լրագրողին և այս հրաշք երեխաներին: Ինձ հետաքրքիր է, թե նա ինչպես է աշխատել այս տղաների հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter