HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Վիկտոր Ռեբեցը ստում է»՝ հայտարարում են Գյումրու լոկոմոտիվային դեպոյի աշխատակիցները

Մարիամ Խալաթյան 

Գյումրու լոկոմոտիվային դեպոյի աշխատակիցները՝ մեքենավարներն ու նրանց օգնականները շարունակում են իրենց դժգոհությունները ներկայացնել: Նրանք մի քանի անգամ բողոքի ակցիաներ էին կազմակերպել, իսկ ապրիլի 25-ին՝ նախազգուշական երկժամյա գործադուլ: Աղմուկը հանդարտեցնելու նպատակով ապրիլի 29-ին Գյումրի էր ժամանել «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը:

Տնօրեն Ռեբեցը չորսժամյա հանդիպում էր ունեցել երկաթուղու աշխատակիցների հետ: Ցանկացել էր զրուցել նաև գործադուլավորների հետ, սակայն վերջիններս հրաժարվել էին: «Նա խնդրել էր իր հետ հանդպման գնալ հինգ հոգու, բայց մենք 80 հոգանոց կոլեկտիվ ենք, մենք ուզում ենք, որ նա հանդիպի բոլորիս հետ, տա մեր հարցերի պատասխանները, ոչ թե 4 կամ 5 հոգու», - իրենց որոշումը պարզաբանում են մեքենավարները:

Վիկտոր Ռեբեցը, ապրիլի 29-ին Գյումրի կատարած այցի ժամանակ, լրագրողներին հայտնել էր, որ մարդիկ գործադուլ են անում, քանի որ նրանց չեն բացատրել, թե ինչ պայմաններում է աշխատում երկաթուղին: Նա նաև նշել էր, թե իրոք, փետրվար ամսին նվազել են աշխատավարձի չափերը՝ պայմանավորված բեռնափոխադրումների ծավալների նվազմամբ: Սակայն մարտ ամսին արդեն աշխատավարձերը բարձրացել են: Օրինակ՝ մեքենավարը մարտ ամսին ստացել է 280 հազար դրամ աշխատավարձ, հավաստիացրել է Վ.Ռեբեցը:

Այս հայտարարությունները վերդովվեցրել են մեքենավարներին, և նրանք այսօր մամուլի ասուլիս էին հրավիրել՝ ասելու, որ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենը ստում է: «Հայտարարվում է, որ ստացել ենք 280 հազար դրամ աշխատավարձ, բայց դա այդպես չէ, անգամ «կեղտոտ» աշխատավարձն այդքան չի կազմել, իսկ մաքուր աշխատավարձ ստացել ենք 150-160 հազար դրամ: Մեքենավարները խնդրում են, որպես բարդ մասնագիտություն, իրենց աշխատավարձերը վերանայեն», - հրավիրված ասուլիսում նշեց Գյումրու լոկոմոտիվային դեպոյի արհմիության նախագահ Արսեն Գևորգյանը:

Մեքենավարներին տրամադրել են հաշվապահական փաստաթղթեր՝ 2013 և 2014թթ. փետրվար ամիսներին աշխատավարձերի հաշվարկների մասին, որտեղ գրանցված թվերը և աշխատողներին տրամադրված աշխատանքային թերթիկներում նշված թվերը չեն համապատասխանում. «Նրանք ներկայացրել են, որ առձեռն մեքենավարը ստացել է 242 հազար դրամ, բայց փաստացի, մարդը 140 հազար դրամ է ստացել: Իրենց անալիզներն իրականությանը չեն համապատասխանում», - ասում է էլեկտրաքաշի մեքենավար Արմեն Ղազարյանը:

Նրանց համոզմամբ, հենց այդ ուռճացված թվերն էլ ներկայացվել են Վիկտոր Ռեբեցին ու ՀՀ կապի ու տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանին: Մամուլի ասուլիսն էլ հրավիրել են նրա համար, որպեսզի հրապարակային ասեն՝ իրենք 280 հազար դրամ աշխատավարձ չեն ստանում, դա սուտ է: «Մեզ լսել է կապի և տրանսպորտի նախարարը, հույս ունենք, որ իրենից դրական պատասխան կստանանք», - հավելում է մեքենավարից մեկը:

Ինչ վերաբերում է բեռնափոխադրումների նվազմանը, դեպոյի աշխատակիցները պարզաբանում են, որ Այրումից Գյումրի և հակառակ ուղղությամբ նախկինում տեղափոխում էին 1300 տոննա բեռ՝ 15 վագոն, հետո այդ թվերը փոխվել են, սկսել են տեղափոխել 1700 տոննա՝ 20 վագոն: Արդեն 3 ամիս է, վագոնների թիվը դարձել է 23 և տեղափոխվում է 1900 տոննա բեռ: 1 ժամ աշխատանքի համար վճարում են 70 դրամ: Ավելացել է նաև գնացքի արագությունը, համապատասխանաբար պետք է բարձրանար նաև մեքենավարների աշխատավարձերը, բայց փոխարենը նվազել է:

Ռեբեցի հայտարարությանն ի պատասխան, թե մարտ ամսից աշխատավարձերը բարձրացել են ու մեքենավարը 280 հազար դրամ է ստացել, արհմիության նախագահը թվեր է հրապարակում. «Մարտ ամսին մեքենավարն աշխատել է 166 ժամ, առանց պահումների ստացել է 248 հազար դրամ, իսկ մաքուր՝ 182 հազար դրամ»:

Առավել տուժում են այն մեքենավարները, որոնց տարիքը համընկնում է կուտակային կենսաթոշակի ձևավորման նորմերին: Նրանք, բացի 26 տոկոս եկամտահարկից, տալիս են նաև 5 տոկոս կուտակայինի գումար: Համեմատելով նախկին ու ներկա աշխատավարձերը՝ մեքենավար Երեմ Մանուկյանն ասում է. «Նախկինում ամիսներ են եղել, որ ես 150 ժամ եմ աշխատել, ստացել եմ 210 հազար դրամ աշխատավարձ, այս մարտ ամսին, օրինակ, աշխատել եմ 160 ժամ, ստացել՝ 180 հազար դրամ»:

Մեքենավարներին հատկացվող պարգեւատրումները 24 տոկոսից իջեցվել է 12 տոկոսի, իսկ պարգեւ տրվում է ժամային գրաֆիկը պահպանելու և էներգախնայողության համար: Մեքենավարներին հասանելիք գիշերային աշխատաժամերի գումարները նույնպես պակասել են՝ 50 տոկոսից իջել են 30-ի: «Այսինքն, մեր և պահակի աշխատանքը նույնն են համարում, այն դեպքում, երբ պահակն իր համար կարող է պառկել, քնել, իսկ մենք գիշերը գնացքներ են տեղափոխում, ուղևորների ու բեռների անվտանգություն ապահովում», - նեղսրտում է մեքենավար Արմեն Ղազարյանը:

Բանախոսները նաև զգուշացնում են՝ իրենց բրիգադներից կրճատումներ չպետք է արվեն, որպեսզի բարձրացվեն մյուսների աշխատավարձերը. «Մենք ուզում ենք մեզ վճարեն մեր աշխատանքի դիմաց, տան մեր հասանելիքը: Մեր բրիգադներում կրճատումներ չպետք է լինեն: Եթե մեկը կրճատվեց, դա ծանր հետևանքների կբերի»:

Դեպոյի աշխատակիցները սպասում են նախարար Գագիկ Բեգլարյանի պատասխանին, որից հետո կպլանավորեն հետագա քայլերը, իսկ եթե նախարարը տա բացասական պատասխան եւ մեքենավարների ֆինանսական խնդիրներին լուծում չտրվի, ապա նրանք դուրս կգան անժամկետ գործադուլի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter