HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մեր եկեղեցին դարձել է մի հիմնարկ, որտեղ քահանան պաշտոնյա է, եպիսկոպոսը՝ ֆիլիալի տնօրեն, կաթողիկոսն էլ՝ գլխավոր տնօրեն»

Կարգալույծ է հռչակվել Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի քահանա Տ. Մարտիրոս Բերբերյանը եկեղեցականին անհարիր ընթացքի համար: Սակայն Տ.Մարտիրոս Բերբերյանը «Հետքի» հետ զրույցում նշում է, որ իրեն ապօրինի են կարգալույծ արել, և ինքը Տեր հայր է մնալու մինչև վերջ:

-Ի՞նչ «հանցանք» եք գործել, որ համարվել է «եկեղեցականին անհարիր ընթացք» և Ձեզ կարգալույծ են արել:

-Ես 14 տարի է՝ քահանա եմ Մոսկվայում և ծնունդով Բեյրութից եմ: 1992թ.  հաստատվեցի Մոսկվայում, բայց դեռ քահանա չէի: 2000թ. թեմի նախկին առաջնորդն ինձ կանչեց, ասաց՝ քահանայի պետք ունինք  և ձեռնադրեց ինձ՝ ժողովրդի փափագին ընդառաջելով: Եվ ես 2000 թ.-ից անարծաթ քահանայություն եմ անում, այսինքն՝ ես եկեղեցուց փող չեմ վերցնում, եկեղեցում չեմ ապրում: Եղբորս հետ ունենք գործ, և այդ գործից ես իմ ընտանիքի, տան ապրուստը հոգում եմ, եկեղեցուց ընդհանրապես ոչ մի կոպեկ փող չեմ վերցնում, ոչ էլ վերցրել եմ. սա իմ սկզբունքը և իմ պայմանն է եղել նախկին առաջնորդի հետ:

Անշուշտ, 14 տարվա ընթացքում շատ խնդիրներ եղան նոր առաջնորդի հետ, և ինքը միշտ ասում էր, որ չի ընդունում դա, և ես պետք է մյուս քահանաների նման լինեմ: Ես էլ միշտ ասում էի, որ սա իմ սկզբունքն է: 2000թ., երբ Մոսկվայում խնդիրներ եղան (եկեղեցին բաժանվեց երկու մասի), ես որպես հայ եկեղեցու ծառա, անցա ժողովրդի գլուխը, անցա այսօրվա առաջնորդի կողքը, որպեսզի մենք ժողովրդին հովվենք:

Հինգ տարվա ընթացքում ես ստեղծեցի մի համայնք, որն այսօր կարող է վկայել իմ քահանայագործության մասին: Համայնքը զորացավ և մեծացավ և մինչև այսօր ժողովրդի կողմից ոչ մի գանգատ չկա, ոչ մի խոսք չկա իմ անհարիր կեցվածքի մասին: Հավատացյալ քահանան նա է, որն իսկապես հովվություն է անում, իսկ ես իսկապես հովվություն եմ անում՝ այցելություններ եմ կատարում տները, հիվանդներին, ում պետք եմ, միշտ իր կողքն եմ: Այսօրվա եկեղեցական ղեկավարությունն ուզում է, որ քահանան լինի աշխատող, իսկ ես աշխատող չեմ: Քահանան չի աշխատում, քահանան ծառայում է, քահանան 24 ժամ քահանա է: Սա մեր առաջնորդին դուրը չեկավ:

-Երբ արարողությունների եք մասնակցում, այդ արարողության համար սահմանված գումարը չե՞ք վերցրել, որպեսզի տաք եկեղեցուն:

-Ես իմ ծառայության ողջ ընթացքում, եկեղեցու մեջ ինչ արարողություն կատարվել է, (Մոսկվայի եկեղեցում այդ նվիրատվությունները գնում են եկեղեցու գանձանակ, չեն գնում քահանաներին) և ժողովուրդը նվերներ է տվել, այդ նվերները գնացել են եկեղեցուն: Բայց կան ուրիշ դեպքեր, երբ ժողովուրդը գումարներ է տալիս քահանային: Ես, նման դեպքերում, այդ գումարները տալիս էի մեր մյուս քահանա եղբայրներին, որովհետև իրենք դրանով են ապրում:

-Իսկ ինչպե՞ս են պատճառաբանել կարգալույծ անելու որոշումը:  

-Ժողովրդին ասում էին, որ ես մշտապես չեմ գնում եկեղեցի, այսինքն՝ ժամը 10-ից  17-ը չեմ գալիս եկեղեցի: Բայց դա պատճառաբանություն է, ես էլ Բեյրութում պաշտոններ ունեցել եմ և շատ լավ գիտեմ, որ եթե մարդուն ուզենաս պատժել, բազմաթիվ միջոցներ կարելի է գտնել:

Ես կարծում եմ՝ պատճառն այն է, որ ես ժողովրդի մեջ որպես քահանա հեղինակություն եմ ունեցել, և ժողովուրդը լսում է ինձ: Ես ծիսակատար քահանա չեմ: Ես իսկական հայ եկեղեցու քահանա եմ և պիտի քահանայագործություն ու հովվություն անեմ ժողովրդին: Ուրիշ խնդիր չի եղել, միակ խնդիրն այն էր, որ մենք միշտ տարակարծություններ ենք ունեցել քահանայի ծառայության ոճի վերաբերյալ:

Եվ երկու ամիս առաջ առաջնորդն ինձ կախակայեց որպես պատիժ, որ ես «շտկվեմ»:  Կախակայելուց մեկ ամիս հետո ևս մեկ ամիս կախակայեց: Ես գնացել էի Լիբանան, Լիբանանի թեմի առաջնորդի հետ խոսեցի ու ասացի, որ ուզում եմ փոխադրվել Բեյրութ ծառայելու, որովհետև այստեղ չեն ընդունում, այսպես ասած, սփյուռքահայերին: Բեյրութի առաջնորդն ասաց՝ արի, մենք քեզ կընդունենք: Ես եկա Մոսկվա, մեր առաջնորդին ասացի, որ հարցի լուծումը գտել եմ, խաղաղ ձևով կարող ենք բաժանվել, ես գնում եմ Լիբանան, ինձ խնդրում եմ տվեք նամակ, որ գնամ: Ասաց՝ շատ լավ բան ես մտածել և այդ մասին կխոսի Վեհափառի հետ: Երեկ՝ ժամը 4-ին ժամերգության էի մտնում եկեղեցի, տեսա մեր առաջնորդին, ինձ ոչինչ չասաց, որ կարգալույծ ենք արել, նորմալ խոսեցինք: Իրիկունը հավատացյալները զանգեցին, ասացին, որ Հայաստանից լուր ենք ստացել, որ Ձեզ կարգալույծ են արել: Ասի՝ Տեր Մարտիրոսը միշտ էլ Տեր Մարտիրոս է, կարգալույծ չէ: Դա ապօրինի կարգալուծություն է:

Թեմական անդամները նամակ են ստորագրել, բայց այդ անդամները ոչ ինձ տեսել են, ոչ էլ իմ հետ խոսել են, ոչ էլ եկեղեցի են եկել, տարին մեկ անգամ գան-չգան: Այլ պատճառ չկա, որ ես, ասենք, հերետիկոս լինեի կամ անբարոյական: Բոլորը կարող են վկայել՝ ես ով եմ: Ժողովուրդը մեկ օրվա մեջ 350 ստորագրություն է հավաքել և նամակ ուղարկել, որտեղ խնդրել են նման քայլեր չանել և այդ հարցը այլ ձևով լուծել: Ինքն էլ ասել է, որ իրեն հետաքրքիր չէ ոչ 350 հոգին, ոչ էլ 3000-ը: Ինքը պատրաստ է 3 մլն հոգի զոհել հայ եկեղեցուց, որ միայն կարգ ու կանոն հաստատի եկեղեցում:

-Ձեր ասածից ստացվում է, որ եկեղեցուն ավելի շատ «համակարգային» ծառայողներ են պետք, քան իսկապես եկեղեցու ծառայողներ:

-Դժբախտաբար՝ այո: Ես ասում եմ, որ ես մնում եմ քահանա, չեմ ընդունում այդ ապօրինի որոշումը: Դրա դեմ եկեղեցական օրենքի ճանապարհով մեր ժողովուրդն այստեղ պատրաստ է պայքարել, բացատրություն է ուզում, թե ովքեր են այդ թեմական անդամները, ուզում են հանդիպել նրանց, հարց տան, թե ինչի հիման վրա եք նման նամակ ստորագրել: Եվ մենք պատրաստ ենք մինչև վերջ գնալու՝ եկեղեցական կարգ ու կանոնով, առանց խառնաշփոթի կամ ոչ քրիստոնեական կեցվածք ցուցաբերելով: Քահանաներին, որոնց նկատմամբ Ֆրանսիայում քրեական գործ է հարուցվել, ոչ մի բան չեն անում, նրանք շարունակում են քահանայագործությունը, որովհետև ինչ-ինչ հարաբերություններ ունեն Վեհափառի կամ առաջնորդի հետ, ուրիշ քահանա կա, որ բռնվել է անբարոյականության վրա, որևէ խնդիր չկա, բարձրաստիճան հոգևորականներ կան, որոնք եսիմ ինչերով են զբաղված, ոչինչ չկա նրանց համար: Եթե նայենք, թե ով պետք է եկեղեցուն ծառայեն և ով ոչ, երևի 90 տոկոս հոգևորականությունը պետք է եկեղեցուց հեռանա:

-Ինչո՞ւ է նման համակարգ ստեղծվել:

-Այսօր, դժբախտաբար, մեր եկեղեցին եկեղեցի հասկացողությունից դուրս է եկել, դարձել է մի ընկերություն, հիմնարկ, որտեղ քահանան պաշտոնյա է, եպիսկոպոսը՝ ֆիլիալի տնօրեն, կաթողիկոսն էլ՝ գլխավոր տնօրեն: Այդ ձևով ուզում են եկեղեցի ղեկավարել: Եկեղեցին պետք է հիմնված լինի սիրո վրա: Եկեղեցու մեջ կանոն, ստորագրություն, թուղթ, նամակ՝ այդպիսի բաներ չկան: Եկեղեցին Քրիստոսի մարմինն է, և մենք իր անդամներն ենք:

Մինչ այդժմ Դուք այդ համակարգի մասն էիք և ծառայում էիք այդ համակարգում: Երբևիցե ընդվզե՞լ եք այդ համակարգի դեմ:

Միշտ ընդվզել եմ, դրա համար էլ ես սիրված չեմ, ըմբոստ եմ, և ինձ ապօրինի կարգալույծ արեցին, որովհետև ես «այո» չեմ ասում, ինքնուրույն եմ, փողով  իրենցից  կախված չեմ, իմ վրա կոմպրոմատներ չունեն:

-Ասացիք՝ Ձեր եղբայրը բիզնես ունի և դրանով եք ապրում: Ռուսաստանո՞ւմ է նրա բիզնեսը:

-Սյո, Ռուսաստանում է: Միայն իմ եղբայրը չէ, ես էլ եմ նրան օգնում այդ գործում:

-Չ՞եք կարծում, որ հոգևորականը պետք է այնքան նվիրված լինի եկեղեցուն, որ այլ գործունեությամբ չզբաղվի:

-Քահանային արտոնվում է աշխատել, եթե իր աշխատանքը մաքուր է (մենք երեխաների խաղալիք ենք վաճառում, ուրիշ բան չենք անում), եթե դա մեղսալից գործ չէ և չի խանգարում հոգևոր ծառայությանը: Իմ դեպքում ոչ մի հոգևոր ծառայության խոչընդոտ չկար, որովհետև Մոսկվայում չեք կարողանա գտնել մեկ անձնավորության, ով ինձ դիմել է որպես քահանա և ես իրեն ասել եմ՝ ես չեմ կարող իր հետ հանդիպել, որովհետև ես աշխատում եմ կամ զբաղված եմ: Ես 24 ժամ քահանա էի:

-Ինչո՞ւ եք որոշել ծառայել եկեղեցուն:

-Ես գալիս եմ մի ընտանիքից, որը քրիստոնեական հիմքերի վրա է հիմնված: Հայրս սարկավագ է, կրոնական գրքերի հեղինակ է: Ես սարկավագ, հետո քահանա եմ ձեռնադրվել եկեղեցում՝ չնայած ճեմարանում չեմ սովորել և ինքնակրթությամբ եմ հասել դրան: Ես գործ եմ ունցել, աշխատել եմ, ոչ մի խնդիր չեմ ունեցել: Ես Ռուսաստանում աշխատում եմ, Ռուսաստանի քաղաքացի եմ, երկու զավակ ունեմ, մեկը համալսարան է արդեն գնում, մյուսն էլ պատրաստվում է:

Երբ ասում եմ՝ այո, անելու եմ, ուրեմն ես զգում եմ ինձ քահանա և մնում եմ քահանա հավիտյան, որովհետև սա նույնն է, ինչ մկրտված մարդուն ասել, թե այսօրվանից նա մկրտված չէ: Սա խորհուրդ է, և երբ խորհուրդը կատարվում է անձի վրա, այդ խորհուրդը ոչ ոք իրավունք չունի այդ մարդուց վերցնելու՝ բացի Քրիստոսից՝ վերջին դատաստանի օրը: Որպես ադմինիստրատիվ ղեկավար՝ կաթողիկոսն իրավունք ունի արգելելու, որ քահանան եկեղեցու մեջ պատարագ չմատուցի, կնունք չանի և այլն:

-Որտե՞ղ եք ծառայել, ո՞ր եկեղեցու քահանան եք եղել:

-Մոսկվայի բոլոր քահանաները բոլոր եկեղեցիների քահանաներ են վերջին երկու տարվա ընթացքում: Բայց իմ ծուխը Սուրբ Գևորգ մատուռի համայնքն է: Ես միակ քահանան էի, որ վերցրեցի Սուրբ Գևորգ եկեղեցին, ժողովուրդը սկսեց այդ եկեղեցու շուրջը հավաքվել: Այսօրվա դրությամբ այնտեղ կա մի քրիստոնեական համայնք, ընտանիք, որն իսկապես քրիստոնեական կյանքով է ապրում: Նույնիսկ այնտեղից ինձ հանեցին, համայնքը ուզեցին բաժանել, որպեսզի համայնք չլինի, ուժ չլինի, դրա համար ամբողջ գործերը գաղտնի էինք անում, բայց եկեղեցու փառքի համար էինք անում: 14 տարվա ընթացքում թեմի առաջնորդը ոչ մի հանձնարարական չի տվել ինձ, միշտ համարել է 5-րդ սորտի քահանա: Ես հետը խոսել եմ և ասել եմ, որ այդպես եմ զգում, ասել է՝ այո, այդպես է: Իսկ ինչ-որ արել եմ ես՝ քարոզել եմ, խոսել եմ, գաղտնի եմ արել, որպեսզի գլխիս հարված չգա:

-Ի՞նչ եք պատրաստվում անել հիմա:

-Պայքարելու ենք, մեր իրավունքները պաշտպանելու ենք:

-«Մեր» ասելով՝ ո՞ւմ նկատի ունեք:

-Ժողովուրդը, համայնքը: Ժողովուրդը ոտքի է ելել: Ժողովուրդը ընդվզում է, ուզում ենք քրիստոնեական պոռթկում անել, որպեսզի մեր իրավունքները պաշտպանենք: Հայ եկեղեցին մեր եկեղեցին է, և Հայ եկեղեցու տերն ու տիրականը ոչ կաթողիկոսն է, ոչ առաջնորդը, ոչ էլ հոգևորականն է: Հայ եկեղեցին պատկանում է ժողովրդին, և ժողովուրդը իր եկեղեցուն տեր ու տիրական պիտի կանգնի: Այսօր մեկ հոգի չի կարող որոշել եկեղեցու ճակատագիրը, որ ինչպես ուզենա, այնպես անի: Գերագույն հոգևոր խորհուրդն այսօր ապօրինի է, որովհետև ընտրված չէ:

-Ի՞նչ ելք եք տեսնում:

-Նախ և առաջ, պետք են նվիրյալ հոգևորականներ, որոնք կան և ապօրինի ձևով կարգալույծ են հռչակված, պետք է աշխատեն ժողովրդի հետ, իսկ մեր եկեղեցին ժողովրդի հետ ընդհանրապես կապ չունի: Եկեղեցին բաժանված է երկու մասի՝ հարուստ և աղքատ: Հարուստները եկեղեցում ամեն ինչ անելու իրավունք ունեն, գալիս են եկեղեցու թասի մեջ են նստում, իսկ պարզ, աղքատ ժողովուրդը ոտքի վրա կանգնած է մնում: Սա ամենամեծ սխալն է, որովհետև Աստծո առաջ բոլորը հավասար են: Եվ եթե այս սկզբունքով մեր եկեղեցին պիտի շարժվի, ուրեմն մեր եկեղեցին գնում է խորխորատ: Բայց ես ասեմ, որ մեր եկեղեցին չի քանդվելու, որովհետև մեր եկեղեցին առաքելահաստատ եկեղեցի է, մնալու է, պատմության ընթացքում ավելի վատ ժամանակներ է ունեցել, բայց շտկվել է:

Եկեղեցում ընդունված է, որ գլուխ բարձրացնել պետք չէ, պետք է ինչ ասեն՝ անես, կապ չունի՝ հակաեկեղեցական է, թե ոչ, միայն պիտի ենթարկվես:

Իմ խնդրանքը իմ ժողովրդին այն է, որ աղոթեն, որ Աստված մեր եկեղեցական ղեկավարության հոգիները փոխի, որպեսզի նրանք էլ փոխվեն ու մեր եկեղեցին էլ փոխվի: Եթե հոգիները չփոխվեն, մեր եկեղեցին չի փոխի:  

Մեկնաբանություններ (9)

VANYA EMELYAN
ТЕР МАРТИРОС ОТКРЫЛ АМЕРИКУ?КТО ЖИВУЩИЙ В АРМЕНИИ ИЛИ В ЗАРУБЕЖЬЕ СЕГОДНЯ НЕ ЗНАЕТ ЧЕМ ЗАНИМАЮТСЯ БРАТЬЯ НЕРСИСЯНЫ?!ОНИ ПРЕВРАТИЛИ В ЧАСТНУЮ ЛАВОЧКУ НАШУ 2000 ЛЕТНЮЮ ЦЕРКОВЬ ХРИСТА.ПРОСТО НАДО ОБЬЕДИНИТЬСЯ ВСЕМ СИЛАМ И В АРМЕНИИ И В АРЦАХЕ И В СПЮРКЕ И ЗДЕСЬ ДОЛЖНЫ БЫТЬ СОЛИДАРНЫ НЕ ТОЛЬКО ОПОЗИЦИЯ НО И ПРОВЛАСТНЫЕ СИЛЫ ИБО ВЕРА ДЛЯ ВСЕХ ЕДИНА,ЧТОБЫ НАВЕСТИ ПОРЯДОК В АРМЯНСКОЙ АПОСТОЛЬСКОЙ СВЯТОЙ ЦЕРКВИ.ВСПОМНИМ ПИСЬМА ПАТРАРХА ИЕРУСАЛИМСКОГО НУРХАНА И ПАТРИАРХА КОНСТАНТИНОПОЛЬСКОГО МЕСРОПА ВСПОМНИМ МНОГОЧИСЛЕННЫЕ СТАТЬИ ОТКРЫТЫЕ ПИСЬМА И ИНТЕРВЬЮ В РАЗЛИЧНЫХ СМИ И ТЕЛЕПРОГРАММЫ В США СМЕЛЫХ И ДОСТОЙНЫХ УВАЖЕНИЯ СВЯЩЕННОСЛУЖИТЕЛЕЙ КОТОРЫХ ИЗГНАЛИ ИЗ ЦЕРКВИ ЗА ПРАВДУ ОНИ НЕ ПРОСТО БЛАЖЕННЫ,НО ОНИ ПРИЗЫВАЮТ НАС К ПОКАЯНИЮ И МОЛИТВЕ ДАБЫ ОЧИСТИТЬСЯ И ПРОСТИТЬ ГРЕШНИКОВ!!!!А ГАРЕГИНА 2 И ЕГО РОДНОГО БРАТА ЕЗРАСА НАДО НЕ ПРОСТО ИЗГНАТЬ ИЗ ЛОНА ЦЕРКВИИ И РАСТРИЧЬ ИЗ МОНАШЕСТВА ИХ НАДО ПРЕДАТЬ СВЕТСКОМУ СУДУ ВОЗБУДИВ ДЕЛО ПО МНОГОЧИСЛЕННЫМ СТАТЬЯМ УК РА И УК РФ!ТЕР МАРТИРОС НАДО ПРОДОЛЖИТЬ СЛУЖЕНИЕ ВО ИМЯ НАШЕЙ СВЯТОЙ ВЕРЫ И ПРИНОСИТЬ ЖЕРТВЫ НА СВЯТОМ АЛТАРЕ СОВЕРШАЯ БОЖЕСТВЕННУЮ ЛИТУРГИЮ ЗА ВСЕХ И ЗА ВСЯ .ХРИСТОС ВОСКРЕСЕ ИЗ МЕРТВЫХ СМЕРТИЮ СМЕРТЬ ПОПРАВЫЙ И СУЩИМ ВО ГРОБЕХ ЖИВОТ ДАРОВАВЫЙ.АМИНЬ.
Hairabed
Սիրելի ժողովուրդ, եկէք տրամաբանական օրէն մօտենանք այս հարցին։ Ինչպէս Տէր Մարտիրոս ինք նշած է հարցազրոյցին մէջ, Եզրաս Սրբազան ուզած է որ Տէր Մարտիրոսը լքէ իր աշխարհիկ գործը ու բոլորովին լծուի հովուական գործի։ Տէր Մարտիրոս նախընտրած է պահել իր գործը ու փոխադրուիլ այլ Թեմ։ Հետեւաբար, Եզրաս Սրբազան Քրիստոնէական ոգիով կրնար Տէր Մարտիրոսին թոյլատրել որ ան փոխադրուի այլ Թեմ։ Վերջ։ Չեմ հասկնար ի՞նչ է հոս դժուարութիւնը, երբ Տէր Հօր նման քահանայ մը որ տնտեսապէս բեռ չէր Ռուսիոյ Թեմին եւ ոչ ալ իր ծառայած եկեղեցւոյ հաւատացեալներուն, եւ երբ ջերմեռանդ օրէն ու հաւատարմօրէն, քրիստոնէական կենցաղով ան կուզեր ծառայել Աստուծոյ ու մեր եկեղեցւոյ։ Ի՞նչ կարիքը կար զինք կարգալոյծ կարգելու։ Նման հեթանոսական արարքներ կը խախտեն հաւատացեալին հաւատքը ու զանոնք կը հեռացնեն մեր եկեղեցիէն։ Իմ համեստ կարծիքով, ես պիտի նախընտրէի ունենալ քահանայ մը որ իր հօտին նման կաշխատի, ու տեղեակ է անոնց առօրեայ ապրուստ ճարելու դժուարութիւններէն ու այլ հոգերէն։ Քահանայ մը երբ երբեք կեանքի մէջ չէ աշխատած ի՞նչ կը հասկանայ ժողովուրդին ցաւերէն ու հոգերէն երբ անոր ապրուստը (ձեռավարքը) ապահովուած (երաշխաւորուած) է իր ծուխին կողմէ։ Սիրելիներ, աղօթեցէք որ Աստուած կակուղցնէ քարացած սիրտերը մեր բարձրաստիճան հոգեւորականներուն։
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Ինչպես «Դաշնակցությունը» իրականում մահացավ 1920թ.-ի դեկտեմբերի 2-ին, այնպես էլ Հայ առաքելական եկեղեցին իրականում մահացա՛վ 8-րդ դարի սկզբին,երբ Հովհան Օձնեցի կաթողիկոսը 719 թվի Դվինի եկեղեցական ժողովում հրամայեց ոչնչացնել պավլիկյան հայերին՝ չխնայելով նույնիսկ նրանց երեխաներին: Ներկայումս սա կոչվում է ԳԵՆՈՑԻԴ: Եվ ի՞նչ էին ցանկանում այդ խեղճ ու կրակ «սատանայի որդիներ» պավլիկյան հայերը . սոցիալական (որոշ) արդարություն ու եկեղեցական պաշտոնյաների միջամտության ու հարկերի թեթևացում: Հովհան Օձնեցի կաթողիկոսի գլխավորությամբ դաժանաբար սպանվեցին/սպանվել տրվեցին ՏԱՍՆՅԱԿ ՀԱԶԱՐԱՎՈՐ (անմեղ) պավլիկյան հայեր ու նույնիսկ իրենց փոքրիկ երեխաներ: Բողոքականությունը ԶՏԵՑ կաթողիկոսությունը,իսկ հայ առաքելական եկեղեցին մնաց ՆՈՒՅՆ կարծրացած-դոգմատիկ-ԻՇԽԱՆԱՏԵՆՉ-պահպանողական կառույցը, ինչպես ԻՍԼԱՄԸ՝ 7-րդ դարից սկսած: Նույն ձևով՝ տարիներ առաջ, Ամստերդամի հայ առաքելական եկեղեցին իր շենքից ՎՌՆԴԵՑ հայկական միությանը և կիրակնօրյա դպրոցին,որից հետո ամստերդամյան հայ հասարակական կյանքը մարեց:
Siran
Եկեղեցուն պետք են քահանաներ ովքեր առանց ամաչելու, պատարագի կեսից սկսեն Հովիկ Աբրահամյանի ցեղը գովել: Խոսքը կոնկրետ դեպքի և կոնկրետ մարդու մասին է, չեմ հորինում:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
(1) - Հեթանոս -հունարեն «էթնոս» = «ազգ» բառից. ուստի՝ հեթանոսություն = ազգային կրոն:
Мариам
Я могу сказать уверенно: Тер Мартирос очень честно выполнял свой долг по служению церкви, я истинная христианка и с огромным удовольствием ходила на службы Тер Мартироса. Участвовала на многих службах, но так легко и непринужденно себя чувствовала лишь когда служил молитву именно он. Уверена, многих шокировала эта немыслимая новость. Я в шоке!!! И где же справедливость и любовь принявших такое ужасное решение хотя бы к верующим??? Это просто невероятная боль в сердце((((((( Бойтесь Бога людииии!
ominac
Մէկ անգամ եթէ կաթողիկոսին հանդիպիս, կը գիտնաս որ Հայերը Աստուած չեն ճանչնար, որովհետեւ եթէ ճանչնային իրենց մէջ ուժ կրնային գտնել եւ աս կաթողիկոս ըսուածին Էջմիածինէն դուրս նետէին։ Հաւատացեալը իր մէջ շատ զօրաւոր ջիղ կունենայ պայքարելու իր Եկեղեցին իր պատկերացումին մօտեցնելու համար․
Տիեզերահաստատ իրավունքն ու արդարությունն են արարում ուժը
ominac, այս հարցում Ձեզ հետ ամբողջությամբ համամիտ եմ: Տիեզերահաստատ իրավունքն ու արդարությունն են արարում բյուրեղյա, անպարտելի, ոգեղեն ուժը: Իսկ այդ x, y կամ z միջակ ու արկածախնդիր չինովնիկ անձերը պարզապես մեր բարոյալքված ու թույլ իրականության հետևանք են, այլ ոչ թե պատճառ: Անհատական թե հավաքական կհասկանանք, կփոխվենք կփոխվի մեր շուրջն ամեն ինչ, չենք հասկանա, հետևաբար և չենք փոխվի, կմնա այնպես, ինչպես որ է: Ս. Մովսես Խորենացու ողբը վկա: Մեկնաբանություններն ավելորդ են, ժամանակն էլ թանկ է, իսկ Աստվածապարգև կյանքը շատ գեղեցիկ է ու հետաքրքիր: ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, Մէկ անգամ եթէ կաթողիկոսին հանդիպիս, կը գիտնաս որ Հայերը Աստուած չեն ճանչնար, որովհետեւ եթէ ճանչնային իրենց մէջ ուժ կրնային գտնել եւ աս կաթողիկոս ըսուածին Էջմիածինէն դուրս նետէին։ Հաւատացեալը իր մէջ շատ զօրաւոր ջիղ կունենայ պայքարելու իր Եկեղեցին իր պատկերացումին մօտեցնելու համար:
Ashot Hakobyan
Ինչ վերաբերում է քահանայի տնտեսական գործունեւթյանը, դա կարծում եմ խնդիր լինել չի կարող, մանավանդ որ Տեր հայրը բազմիցս ասում է, որ դա երբեք չի խանգարել իր հոգևոր ծառայությանը: Չմոռանանք, որ Պողոս Առաքյալն էլ իր քարոզչության ընթացքում վրանագործությամբ էր գումար վաստակում: Միթե իրեն էլ պիտի կարգալույծ անեին: Չէ որ այսպիսի նվիրյալների ծառայությունը Աստծուց է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter