
Գները ապրիլին բարձրացել են
2014թ. ապրիլին մարտի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.5% գնաճ: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը: Գնաճը մեծապես պայմանավորվել է պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) 0.9% գնաճով: Ոչ պարենային ապրանքների գները նշված ժամանակահատվածում նվազել են 0.1%-ով, իսկ ծառայությունների ոլորտում գրանցվել է սակագների 0.1% հավելաճ:
12ամսյա կտրվածքով գնաճը կազմել է 4.4%, այսինքն՝ գնաճը գտնվում է թույլատրելի միջակայքում (4+-1.5%):
Պարենաին ապրաանքներից ապրիլին հիմնականում թանկացել են միրգը, բանջարեղենը, կարտոֆիլը, կաթնամթերքը:
Կաթնամթերքի ապրանքախմբում 2014թ. ապրիլին 2013թ. ապրիլի համեմատ գրանցվել է 11.5%, իսկ 2014թ. մարտի համեմատ`2.1% գնաճ: Վերջինիս մեծապես նպաստել է տնական պայմաններում պատրաստված պանրի`5.9% գնաճը: 2014թ. ապրիլին մարտի համեմատ հանրապետությունում գրանցվել է «Լոռի» և «Չեդեր» պանրատեսակների`համապատասխանաբար 0.3% և 0.8%, մածունի` 1.9% գնաճ:
Բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում1 2014թ. ապրիլին 2013թ. ապրիլի համեմատ արձանագրվել է 20.9%, իսկ 2014թ. մարտի համեմատ`5.4% գնաճ:
Վերջինս հիմնականում պայմանավորվել է լոլիկի`6.4%, կանաչ սոխի`9.2%, կանաչ պղպեղի`10.5%, ճակնդեղի`12 %, գլուխ սոխի`14.2%, սխտորի` 18.0%, կարտոֆիլի` 21.8%, բողկի` 29.9%, գազարի` 52.9%, կաղամբի`67.6% գնաճով: Միաժամանակ, հանրապետությունում գրանցվել է վարունգի` 27.1%, խառը կանաչեղենի` 18.5%, սմբուկի`10.5%, սնկի`0.8% գնանկում:
Մրգի ապրանքախմբում 2014թ. ապրիլին 2013թ. ապրիլի համեմատ արձանագրվել է 10.7% գնանկում, իսկ 2014թ. մարտի համեմատ`1.8% գնաճ: 2014թ. ապրիլին մարտի համեմատ նարնջի գինն աճել է 0.5%-ով, ադամաթզինը` 0.9%-ով, խնձորինը` 3.0%-ով, տանձինը` 6.4%-ով, խաղողինը`7.7%-ով, նռանը` 18.4%-ով: Դրան զուգընթաց, հանրապետությունում գրանցվել է ընկույզի միջուկի`3.9%, կիտրոնի` 1.6%, չորացրած մրգերի`1.1% գնանկում:
Մեկնաբանել