
Մ. Բադեյան. «Եթե ԱԺ նախագահը օպոզիցիայից դառնար, ամեն ինչ անելու էր, որ ՀՀԿ-ի համար ծաղկման շրջա՞ն գա»
Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը խոստովանում է՝ Գալուստ Սահակյանին Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջադրելը ոչ իշխանական չորս խմբակցություններին որոշ առումով ճնշելու համար էր:
Պատասխանելով «Հետք»-ի հարցին, թե արդյոք Գալուստ Սահակյանը, ով շատերի կարծիքով կոմպրոմիսային ֆիգուր չէ, ԱԺ նախագահի պաշտոնում քառյակին ճնշելու քաղաքականություն է վարելու, Բադեյանը պատասխանեց.
«Ձեր կարծիքով՝ ԱԺ նախագահի պաշտոնում ՀՀԿ առաջադրած որևէ թեկնածու պիտի ամեն ինչ աներ, որ ՀՀԿ-ն թուլանա՞ր, իսկ քառյակն ուժեղանա՞ր: Ամեն կուսակցություն իր շահերը պետք է պահի: Իհարկե, պետության շահերն ավելի բարձր են, քան կուսակցության շահերը, բայց կուսակցական շահերը պիտի պահվեն: Հիմա ձեր կարծիքով, եթե Գ. Սահակյանը չդառնար ԱԺ նախագահ, օպպոզիցիայից դառնար, նա ամեն ինչ անելու էր, որ ՀՀԿ-ի համար ծաղկման շրջա՞ն գա, իհարկե չէ»:
Նա նշեց, թե ինքը դրական է վերաբերվում Գալուստ Սահակյանի՝ Ազգային ժողովի նախագահ դառնալու հանգամանքին, ապա շեշտեց. «Կարծում եմ՝ ընտրությունը ճիշտ կատարվեց, որովհետև նա բազմափորձ պառլամենտական է, տիրապետում է բոլոր խնդիրներին, ունի մեծ հեղինակություն, հարգանք»:
Ըստ Մ. Բադեյանի՝ ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի և գործող նախագահ Գալուստ Սահակյանի ղեկավարած խորհրադարանները միմյանցից չեն տարբերվի: «Եթե կուսակցական տեսակետից նայենք, ՀՀԿ ցանկացած անդամ, ով ԱԺ նախագահ է, նույն գործելակերպով, ոճով է գործելու՝ թիմային աշխատանքով: Այդ տեսակետից տարբերություն չի լինի, թիմն է աշխատելու, ոչ թե մի մարդ»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել