
Աղասի Այվազյան. «Խոսքը»
- Խոսքը ոչինչ չարժե, գործել է պետք,- հանդիմանանքով ասաց թոռնուհիս: Նա շատ լռակյաց է, ինքն իր մտքի մեջ և փոքր-ինչ արհամարհանքով է վերաբերվում ծերունական ծանրաշարժությանը: - Օր ու գիշեր խոսում են, մեջն ի՜նչ կա... - Երբեմն մրթմրթում է նա: Ես դեռ տխրեցի նրա ճշմարտությունից, հետո ուշացած մտաբերեցի. աղջիկս հղի էր, իսկ վիճակը մեր` անձուկ, ճամփու վրա, Հայաստան էինք գալիս հեռուներից: - Վիժեցնել է ուզում, ճար չկա... - ասաց կինս ականջիս:
Ես նույնպես շփոթի մեջ էի և չգիտեի` ինչ անել: Ու առանց ուղեղիս միջամտության և չգիտեմ` ինչու՞ և ի՞նչ նպատակով, ինքս համոզված չլինելով ասածիս նպատակահարմարությանը, ակամա արտաբերեցի մի բառ. - Ծնի՛ր: Եվ ծնվեց թոռնիկս: Ու հիմա իմ առջև եռանդուն պարում է իմ մի հատիկ Բառը և արհամարհում է աշխարհում ասված ու ասվող խոսքերը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել