HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԼՂՀ վարչապետն ընդունել է Եվրախորհրդարանի և Իսպանիայի խորհրդարանի պատգամավորների

Այսօր Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը ընդունել է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության նախաձեռնությամբ Արցախ ժամանած՝ եվրախորհրդարանի և Իսպանիայի խորհրդարանի պատգամավորներին:

Վարչապետը, ողջունելով հյուրերին, ուրախություն է հայտնել, որ բասկերի համայնքի և ԼՂՀ-ի միջև կապերն ավանդական են դարձել: Ա. Հարությունյանը ընդգծել է, որ նրանց երկիրը և Արցախը նման պատմություններ ունեն, հատկապես՝ անկախության ճանաչման և սեփական իրավունքների պաշտպանության համար մղվող պայքարի տեսանկյունից: Նա շեշտադրել է այն հանգամանքը, որ բասկերը ներկայացված են եվրոպական խորհրդարանում և կարողանում են իրենց ձայնը բարձրացնել այդպիսի հարթակում:

Եվրախորհրդարանի պատգամավոր, «Կանաչներ-եվրոպական ազատ դաշինքի» անդամ Ինակի Իրազաբալբեյտա Ֆերնանդեսը իր խոսքում կարևորել է իրենց այցը՝ Արցախի փորձին և պատմությանը ծանոթանալու համատեքստում: Ըստ նրա՝ ազգերի ինքնորոշումը, իրավունքների պաշտպանությունը և համերաշխությունն այն հիմնարար սկզբունքներն են, որոնց վրա պետք է կառուցվեն նրանց հարաբերությունները: Նա համոզմունք է հայտնել, որ հայ և բասկ ազգերը միասին պայքարելու են ավելի հավասար և արդար Եվրոպայի կառուցման համար:

Եվրախորհրդարանի պատգամավորը հույս է հայտնել, որ արցախյան հակամարտությունը կկարգավորվի խաղաղ ճանապարհով՝ ժողովրդավարական սկզբունքների հիման վրա, և մոտ ապագայում կդրվեն նաև եվրոպական խորհրդարանում համագործակցության հիմքերը:
Կողմերը քննարկել են նաև տնտեսական համագործակցության հնարավորությունները՝ փաստելով, որ փոխադարձ հետաքրքրության շատ եզրեր կան՝ փորձի փոխանակումից մինչև ներդրումային ծրագրեր: Ձեռք են բերվել համաձայնություններ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական բնագավառներում համագործակցությունը խորացնելու ուղղությամբ:

Հանդիպմանը մասնակցում էին Իսպանիայի խորհրդարանի անդամ Հոն Ինյարիտուն, ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Թևան Պողոսյանը, «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության տնօրեն Էդուարդո Լորենսո Օչոան և մի շարք այլ հյուրեր:
Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter