
Իմ գնդակահարված ցեղը
Երեք գնդակահարության որոշումներ, երեք փաստաթուղթ, որոնք հորս ու մորս որբ դարձրին, երկու պապերիս ու մի տատիս գնդակահարության վճիռները:
Երեքն էլ արդեն ձեռքիս են: Իհարկե` պատճենները:
Մամայիս հորը՝ Վահան Չերազին գնդակահարել են 1928թ. հունվարի 9-ին (առաջ կարծում էինք` 1927-ին):
Մամայիս մորը՝ Վարդանուշ Չերազին գնդակահարել են 1937թ. դեկտեմբերի 26-ին:
Հորս հորը՝ Ռատիխան-Ավետիս Կիրակոսյանին գնդակահարել են 1937թ. դեկտեմբերի 10-ին:
Պապերիցս ու տատերիցս միայն հորս մորը՝ Հայկանուշին չեն գնդակահարել, կամ էլ չեն հասցրել գնդակահարել, կամ էլ եթե չգնդակահարեին, հաստատ կաքսորեին, ինչպես նրա երկրորդ ամուսնուն աքսորեցին` բոլշևիկ Գուրգեն Քալաշյանին: Հայկանուշը մահացել է 1930թ.:
![]() |
![]() |
Հորս հոր՝ Ավետիս Կիրակոսյանի գնդակահարության որոշումը |
Հայրս հոր Ավիս Կիրակոսյանի հետ |
Ոչ մեկի գերեզմանը չկա: Հայկանուշին են միայն թաղել, էն էլ գերեզմանոցի տեղը կառուցել են այսօրվա Ցեկայի շենքը, այժմ՝ Ազգային ժողովի:
Մամաս՝ Բյուրակն Անդրեասյանը, ծնվել է 1927-ի հունվարի 25-ին, հորը կորցրել է մեկ տարեկան չդարձած, հորը ձերբակալել են, երբ նա եղել է վեց ամսական: Տասը տարի անց` 10 տարեկանում, երկկողմանի որբ է դառնում: Մեծացել է քեռու տանը:
Հայրս՝ Ռաֆայել Իշխանյանը, ծնվել է 1922թ. մարտի 9-ին, մորը կորցրել է 8 տարեկանում: Հայրը բաժանված էր: Հայրս մեծանում է քեռու ու տատի մոտ: Երկկողմանի որբ է դառնում 15 տարեկանում:
Առաջինը ձեռք բերեցի մայրիկիս մոր՝ Վարդանուշ Չերազի գնդակահարման որոշումը: 2006-ին էր, մի քանի անգամ դիմել էի ԱԱԾ տատիս արխիվը ստանալու համար, մի անգամ մերժել էին, ի վերջո, մի միջնորդությամբ կարողացա ստանալ: Արխիվը ինձ ցույց չտվին, միայն քսերոքսով արված պատճենները տվեցին: Փաստաթղթերի մեծ մասը չկար, ոչնչացել էր, 1946 թվին Գետառը լցվել էր ԿԳԲ ու վնասել արխիվները:
«Ավելորդ փաստաթղթերը կոչնչացնենք, մնացածը կտանք պետական արխիվ»,- բռնադատվածների փաստաթղթերի վերաբերյալ ասաց ԱԱԾ-ի պաշտոնյան: «Ո՞նց թե կոչնչացնեք, ինչի՞ համար,- զարմացած հարցրի ես,- ո՞վ ա տեսել արխիվ ոչնչացնեն։ «Դե էն տեղերը, ուր մատնիչների անունները կան, կոչնչացնենք»,- պարզաբանեց պաշտոնյան:
ԱԱԾ-ից հենց դուրս եկա, փաթեթը բացեցի ու սկսեցի քայլելով կարդալ: «Անի» հյուրանոցի դիմաց կարդացի եռյակի որոշումը՝ գնդակահարել: Տեղում մեխված մնացի: Նորությո՞ւն էր: Չէ: Ի՞նչ նորություն: Բայց մի բան է իմանաս, որ տատիդ 1937թ. մի գիշեր տարել են ու այլևս չի վերադարձել, հավանաբար գնդակահարել են, ի՞նչ հավանաբար, հաստատ գնդակահարել են, մեկ այլ բան, որ 70 տարի անց գնաս տատիդ ձերբակալող հիմնարկ, վերցնես փաստաթղթերը ու կարդաս՝ «РАССТРЕЛЯАТЬ, ԳՆԴԱԿԱՀԱՐԵԼ»: Կարծես եռյակը այդ պահին ևս մեկ անգամ տատիս գնդակահարելու որոշում ընդունեց:
Վարդանուշը ծնվել է 1895-ին Արևմտյան Հայաստանի Խարբերդի մոտի Հազարի գյուղում (Հազարիի մասին տես Վիքիպեդիայում): 1915-ին ամբողջ գյուղը փրկում են զազաները, բայց նրա առաջին ամուսնուն թուրքերը սպանում են կողքի գյուղում:
Մի անգամ գրել էի մամայիս խոսքը. «Քսաներորդ դարի հայերին հասած բոլոր արհավիրքները անցել են Վարդանուշի գլխով. հիվանդությունից մահացել է որդին, 15 թվի ցեղասպանության ժամանակ նրա առաջին ամուսնուն, որ դպրոցի տնօրեն էր, թուրքերը այրել են աշակերտների հետ դպրոցում։ Հորս՝ Վահան Չերազին, հանդիպում է գաղթի ճանապարհին։ Ութ տարի անց՝ 1924 թվին, ամուսնանում են Էջմիածնում։ Մի քանի օր հետո Չերազին աքսորում են Սիբիր։ Վերադառնում է, 2 տարի անց կրկին ձերբակալում են ու գնդակահարում։ Նա փրկվեց եղեռնից, բայց նահատակվեց իր հայրենիքում»։
Երկու պապերիս գնդակահարել են Թիֆլիսում, ու միշտ մտածում էի` հնարավորություն գտնեմ, գնամ Թիֆլիս, արխիվներում գտնեմ պապերիս թղթապանակները:
Ես չարեցի, տղաս՝ Հովիկը, որ սովորում է Թիֆլիսում, էս տարի արխիվից հանեց երկու պապերիս փաստաթղթերը: Ի տարբերություն Հայաստանի ԱԱԾ-ի, Թիֆիլսում և՛ ավելի հեշտ են հատկացրել փաստաթղթերը, և՛ ավելի նոր տեխնոլոգիայով՝ սքաներով արված ֆայլերով:
Ավետիս Կիրակոսյանից պահպանվել է միայն մի թերթ՝ եռյակի որոշումը՝ «РАССТРЕЛЯАТЬ»՝ գնդակահարել: Մնացած թղթերը վերացել են, Թիֆիլիսի ԿԳԲ-ում հրդեհ է եղել, ու բազմաթիվ փաստաթղթերի հետ վառվել է նաև պապիս թղթապանակը:
Ավետիսը ծնվել է 1896-ին Տրապիզոնում, 1919-ին դարձել է բոլշևիկ, եղել է ջութակահար: Փաստաթղթերում նրա անվան հետ գրվում է նաև հեղափոխական կեղծանունը՝ Ռատիխան (երեք հեղափոխական ընկերների ազգանունների երկրորդ վանկերից է բաղկացած՝ Կիրակոսյան-ռա, Կետիկյան-տի, Իշխանյան-խան (վերջինը տատս է):
Նրա մասին շատ բան չգիտեմ, ինչ-որ ժամանակ հրավիրվում է Վրաստան և նշանակվում Ադիգենի շրջանի կուսկոմի քարտուղար: Նրան գնդակահարում են ստալինյան ցուցակով (սա կուսակցական աշխատողների մի ցուցակ էր, որի վրա անձամբ Ստալինն էր նշումներ արել, այդ մասին տես hetq.am-ում՝ «Պատմություն, որը չդարձավ պատմություն». Դավիթ Ջիշկարիանիի հետազոտությունը ստալինյան բռնադատությունների մասին»): Ավիսի մասին պատմում է նրա եղբայրը՝ Հարությունը, որ հրապարակել եմ այստեղ:
![]() |
![]() |
Վահան Չերազի գնդակահարության որոշումը | Վահան Չերազ կամավորական |
Ամենաշատ փաստաթուղթ պահպանվել է Վահան Չերազի վերաբերյալ՝ 44 էջ, ամենակարևորը` 12 էջ հարցաքննություն և երեք էջանոց մեղադրական եզրակացություն: Ենթադրում եմ, որ սա ամբողջը չէ, ինչ-որ մաս անհետացել է: Բայց դա լուրջ ուսումնասիրությունց հետո կարելի է ասել: Եվ կրկին մի առանձին փաստաթուղթ` վերնագրված «Քաղվածք արձանագրությունից»՝ «Чераз Вагана Каспаровича- подвергнуть высшей мере наказания РАССТРЕЛУ» (Չերազ Գասպարի Վահանին ենթարկել բարձրագույն պատժի՝ ԳՆԴԱԿԱՀԱՐՈՒԹՅԱՆ):
Վահան Չերազը ծնվել է 1886-ին Կոնստանտինոպոլսում: Հայկական ֆուտբոլի և սկաուտական կազմակերպության հիմնադիրներից է: 1914թ. մեկնում է Թիֆլիս ու մտնում Անդրանիկի կամավորական ջոկատ, մասնակցում մարտերին մինչև 1919թ., հետո մեկնում Կոստանդնուպոլիս, ապա Հայաստանի կառավարության հրավերով վերադառնում Հայաստան` ձևավորելու հայկական սպորտը: 1921-ին մասնակցում է փետրվարյան ապստամբությանը, որն էլ դառնում է նրան գնդակահարելու գլխավոր պատճառը:
Սովետական կարգերի ժամանակ Լենինականում զբաղվում էր որբերի խնամակալությամբ, կազմակերպում սկաուտական ու մարզական խմբեր: 1924-ին աքսորվում է Սիբիր, վերադառնում, կրկին զբաղվում որբերի դաստիարակությամբ, ապա` 1927-ին, կրկին ձերբակալվում ու գնդակահարվում: Չերազի մասին Բեյրութում հրատարակվել է «Վահան Չերազ և իր երգը Հայաստանի» գիրքը (տես Վիքիպեդիայում):
Վարդանուշին ու Ավետիսին գնդակահարել են եռյակի որոշումով: Չերազի վճիռը կարծես այլ կերպ է կայացվել` դատական կոլեգիայի նիստում, 1927-ին եռյակներ չկային: Մասնագետը կարող է բացատրել:
Ուրեմն, երեքն էլ գնդակահարվել են համարյա նույն տարիքում՝ երկու պապերս՝ 41 տարեկանում, տատս` 40-ում:
http://vahanishkhanyan.wordpress.com/2014/05/04/gnd/
Վահան Իշխանյանի լուսանկարը՝ նրա ֆեյսբուքյան էջից
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել