
Շարունակվող պարտություն
Ես, կարծես թե, թույլ մարդ չեմ, բայց չեմ կարողանում տանել ընկերներիս կորուստը: Ես միանգամից փլվում եմ եւ շալակում մեղքի հերթական բեռը: Հայաստանն ամեն լքողի հետ ես ինձ մեղավոր եմ զգում: Առաջ հեռախոսիցս ջնջում էի նրանց համարները, այժմ չեմ ջնջում: Չգիտեմ էլ՝ երբ սկսեցի չջնջել:
Ընկերս երկար ժամանակ վախենում էր ինձ ասել, որ Հայաստանը լքելու է: Լքելու է ընտանիքով: Նա վախենում էր, որովհետեւ գիտեր, թե դա ինչ հարված էր լինելու: Բայց մեկնելուց տասը օր առաջ ստիպված խոստովանեց: Հեռախոսով հարցրեց` ինչ եմ անում, ասացի՝ գործ, նստած եմ համակարգչի առաջ: Ասաց՝ հետո կզանգեմ: Ավելի ուշ ես զանգեցի, որ պայմանավորվեմ հանդիպման համար: Մի երկու բառ փոխանակելուց հետո ասացի՝ լավ, մյուս շաբաթ կհանդիպենք: Ասաց՝ չէ, լսիր, գնում եմ երկրից: Սովորական լռություն էր, ես չգիտեի՝ ինչ պիտի ասեմ, ընկերս էլ երեւի չգիտեր` ինչպես շարունակել: Հարցրեցի՝ ե՞րբ, ասաց՝ տասը օրից:
Ընկերոջս հետ ավելի էի մտերմացել Ղարաբաղում: Միասին տարբեր գործողությունների էինք մասնակցել, դիրքերում հերթապահության էինք եղել: Մի անգամ հայտնվել էինք անհույս վիճակում: Սրխավենդում ադրբեջանցիները մեզ կրակի տակ էին վերցրել, գյուղի ծայրի տանը: Գրոհը վաղ առավոտյան էր սկսվել: Գյուղի առաջին տներից մեկն էր, երկուսով հասել էինք տան դիմացի հատվածը, հայտնվել կրակի տակ ու հասցրել մտնել երկհարկանի տան առաջին հարկը: Տղաները, որ տան հետեւի մասում էին, հասցրել էին տունը վառել. այդպես ընդունված էր, որպեսզի խուճապի մատնեն թշնամուն: Հաշվարկը սխալ էր, եւ մենք հայտնվել էինք կրակի ճիրաններում:
Հակառակորդը կրակը կենտրոնացրել էր մեր ուղղությամբ, սկզբում միայն ավտոմատավորներն էին, հետո սկսեցին աշխատել երկու գնդացիրներ: Մերոնք ստիպված նահանջել էին, որպեսզի ուրիշ կողմից մտնեն գյուղ: Մենք կրակում էինք, բայց անօգուտ: Մտածեցինք տան հետնամասի պատը քանդելու մասին, բայց հասկացանք, որ անմտություն է: Քանդելու համար գործիքներ էին պետք, տան տանիքն արդեն ամբողջովին վառվել էր եւ թափվում էր ներքեւ, իսկ այնտեղ մենք էինք: Տունը երկաթյա բարակ ցանկապատ ուներ:
Գնդացիրը սանրում էր, քարերի փշուրները մեզ էին հասնում: Կրակահերթը չէր դադարում: Նրանք գիտեին, որ մենք այնտեղ էինք: Տունը շուտով պիտի փլվեր: Մի ճանապարհ էր մնացել՝ դուրս գալ մեզ վրա կրակողներին դեմ-դիմաց: Պետք է գտնեինք պահը: Բայց մենք չգիտեինք՝ որտեղից էին կրակում ու քանի հոգով: Վերալիցքավորման պահը դժվար էր բռնացնել, դադար չկար: Մենք սպասում էինք, որ տղերքը ինչ-որ տեղից կմտնեն գյուղ ու կրակն իրենց վրա կվերցնեն: Հասկացանք, որ ողջ մնալու տարբերակ չունենք: Որոշումը կայացրինք՝ կրակելով վազում ենք առաջ, եթե հասցնենք, ցանկապատի վրայով պետք է թռչենք: Երկքայլանի գործողություն, ողջ մնալու անհեթեթ հույս: Ադրբեջանցիները կրակելով սպասում էին, նրանք տեսնում էին վառվող տունը, որի մեջ երկու հայ զինվոր կար: Նրանք սպասում էին, թե վառվող տնից երբ ենք դուրս գալու: Մենք գրեթե նույն բանի մասին էինք մտածում:
Նետվեցինք առաջ: Հիմա էլ դժվարանում եմ այդ պահը վերհիշել. ակնթարթներ էին՝ սուրացող գնդակների ակնթարթներ: Իրարից մի քանի մետր հեռու, որպեսզի արանք լինի, գնդակների համար տեղ պիտի թողնեինք: Փորձում եմ վերհիշել, թե ինչպես թռանք այդ ցանկապատի վրայով եւ հայտնվեցինք ձորի մեջ՝ չեմ կարողանում: Ինչ-որ բան փակել է հիշողությանս այդ հատվածը: Մենք նույնիսկ չգիտեինք, որ ցանկապատից հետո ձորակ կա: Իրար էինք նայում՝ զննելով մարմիններիս տարբեր մասերը: Մեզ վրա արյան հետքեր չկային: Մենք անցել էինք գնդակների միջով, ու մեզ ոչ մի գնդակ չէր դիպել: Բայց սա այդ օրվա մի փոքր հատվածն էր: Այս պատմությունը պատմեցի՝ ասելու, որ հենց այս ընկերս է լքել Հայաստանը: Իմ աշխարհից ամեն անգամ ինչ-որ կտոր է պոկվում, երբ ընկերներիցս որեւէ մեկը հեռանում է երկրից:
Ամերիկայում ապրող ընկերս ասում է՝ ես քնում եմ հայրենիքի հետ, որը ինձնից խլել են: Ես իրեն գրում եմ՝ հայրենիքը ոչ ոք չի կարող խլել մարդուց, եթե ինքը չի հանձնում այն: Սա հենց այնպես հիշեցի:
Կարծես դատարկությունը լցնելու ոչինչ չի մնացել ու չգիտեմ՝ ինչ անել պարտությունների այս շղթայի հետ:
Լուսանկարը՝ Մաքս Սիվասլյանի
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել